Չաք Նորիսը գլխավոր շտաբի պե՞տ


 

Նախօրեին Սլովենիայի խորհրդարանի պաշտոնական կայքէջում մի հաղորդագրություն էր հայտնվել, որը ծանուցում էր նշանավոր դերասան Չաք Նորիսի` Սլովենիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու մասին: Այս չարախնդության հեղինակները համակարգչահեններն են, ովքեր օգտվել էին կայքի անվտանգության համակարգի անկատարելությունից: Բարեբախտաբար նրանց հաջողվել է թարմացնել միայն գլխավոր էջը: Այստեղ տեղադրվել են ևս մի քանի սենսացիոն հայտարարություններ: Ի դեպ, համաշխարհային սարդոստայնում Չաք Նորիսի անվան հետ կապված սա միակ զավեշտալի դեպքը չէ: Անցյալ ամիս Սլովակիան և Ավստիրան կապող նորակառույց կամրջի անվանման մրցույթ էր հայտարարվել: Իսկ «Չաք Նորիսի կամուրջ» անվանումն առաջին հորիզոնականում է, նրա օգտին քվեարկել է շուրջ 5000 օգտատեր:

Փղերի զանգվածային ոչնչացում Աֆրիկայում

Միայն վերջին ամիսների ընթացքում Կամերունի ազգային արգելոցում սուդանցի որսագողերը մեծ թվով փղեր են անխնա ոչնչացրել: Բուբանջիդ արգելոցի տարածքում հայտնաբերվել է շուրջ 500 սպանված կենդանու մարմին: Սակայն աշխատակիցները վստահ են, որ իրականում նրանց թիվն ավելի մեծ է, քանի որ արգելոցի ամբողջ տարածքով չեն հասցրել շրջել և հստակ պատկերացում կազմել կատարվածի ծավալների մասին: Նրանք համոզված են, որ որսագողերը շրջում են ձիերով ու ինքնաձիգ զենքերով ոչնչացնում զոհերին: Եվ անխիղճ այս սպանդը կազմակերպվում է միայն կենդանիների ժանիքները ձեռք բերելու համար, որոնք մեծ պահանջարկ ունեն ու լայնորեն կիրառվում են Ասիայի սև շուկաներում: Սակայն ամենասարսափելին թերևս այն է, որ խնդիրն անտեսվում է: Տեղի իշխանություններն աչք են փակում, և որևէ քայլ չի ձեռնարկվում կենդանիների անօրինական ջարդը զսպելու ուղղությամբ: