ԿԻՆՈՆ ՍՏԵՂԾԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿՑԻ ԿԵՐՊԱՐԸ


 

Անցած կիրակի հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ «Հայակ» առաջին ազգային կինոմրցանակաբաշխությունը: Հրապարակվեցին հաղթողների ու մրցանակակիրների անունները, մեծարվեցին կինոյում ակնառու վաստակ ունեցող անձինք: Ոմանք մրցանակաբաշխությունից հեռացան ուրախ ու երջանիկ, ոմանք` զայրացած ու հուզված: Սակայն, անկախ հնչած կարծիքներից, հանձնախմբի սկզբունքայնությանը տրված գնահատականներից շատերը փաստեցին, որ ազգային կինոն վերջին քսան տարում լուրջ հաջողություն ներ է արձանագրել` ստեղծելով հետաքրքիր ու բազմաբովանդակ աշխատանքներ: Թատերագիր և սցենարիստ Կարինե Խոդիկյանը, հանդիսանալով հանձնախմբի անդամ, ուրախությամբ նշեց.

- Մեր կինոյի կարևորագույն ձեռքբերումը համարում եմ այն, որ ստեղծվեց երկրի յուրատեսակ տարեգրությունը: Ավելին, հայ մարդը եկավ կինո` ներկայացնելով իր կենսագրութ յունը, ցավն ու ուրախությունները: Հատկապես մեր վավերագրական կինոն դարձավ երկրի պատմության ուղեկիցը, ստեղծեց ժամանակակից հայ մարդու կերպարը: Ես իմ դիտած բազմաթիվ ֆիլմերում տեսա ազատամարտիկին, ով կռվել ու հաղթել է, սակայն այսօր գտնվում է նյութական ու սոցիալական ծանր պայմաններում: Տեսա մտավորականին, ով մեծագույն ջանքեր է գործադրում գոյատևելու համար: Մեր թատրոնը, ցավոք, հետ է մնացել ժամանակից, չի կարողացել ժամանակի խնդիրները ներկայացնել հանդիսատեսին` ավելի շատ մղվելով դեպի դասականները: Իսկ արվեստն առաջին հերթին պիտի արտացոլի ժամանակը, լինի ժամանակի հետ: Չեմ կարող անտարբեր լինել «Մաեստրո» ֆիլմի հանդեպ, չեմ կարող լռել Վիգեն Չալդրանյանի ֆիլմերի մասին, որոնք հիմա ինձ ներկայացան նոր խորքով և նոր թափանցումներով:

Արվեստաբան և լրագրության պրոֆեսոր Էմանվել Մանուկյանն էլ խոսելով հատկապես վավերագրական կինոյում ունեցած հաջողությունների մասին, առանձնացրեց Վահե Գևորգյանցի ֆիլմերը, հատկապես Մինաս Ավետիսյանին նվիրված ֆիլմը:

- Վահեի ցանկացած ֆիլմ մեծ լիցքեր և ինքնատիպություն է պարունակում: Իսկ հատկապես «Մինաս» ֆիլմը զարմացնում է ինքնատիպությամբ և ինքնուրույնությամբ, Վահեն իր կարծիքը չի պարտադրում հանդիսատեսին, չի ձգտում ստեղծել քրեական հետաքրքրություն ներկայացնող պատմություն, այլ թափանցում է նկարչի ստեղծագործության մեջ և օգնում հանդիսատեսին ճանաչելու և գնահատելու Մինասին:

Մրցանակաբաշխությունը բազմաթիվ թերություններ ուներ, մասնավորաբար անընդունելի էր այն, որ ընտրված էին ամբողջ քսան տարիների աշխատանքները, հանձնախմբում չէին ընդգրկվել երիտասարդ կինոգետներ, ովքեր, բնականաբար, առավել թարմ ու ժամանակակից մոտեցումներ ունեն: Մոռացության էր տրված այն հանգամանքը, որ հատկապես դերասանական աշխատանքները գնահատելիս հարկավոր էր հենվել հանձնախմբում ընդգրկված որևէ թատերագետի գնահատականին: Այս ամենով հանդերձ, «Հայակը» վերածվեց յուրատեսակ ստեղծագործական հաշվետվության, բացահայտեց մեր կինեմատոգրաֆի լույսն ու ստվերը, ճանաչելի դարձրեց մի շարք անուններ: Բայց նաև նորից երևան բերեց մեր մտահոգությունները կինոցուցադրումների կազմակերպման, կինոյի հանրահռչակմանն ուղղված միջոցառումների մասին: Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ գրեթե բացակայում են կինոթատրոնները, մշակութային քաղաքականությունից դուրս է մղված կինոն: Եվ այդ է պատճառը, որ մեր շատ կինեմատոգրաֆիստներ ստեղծագործում են միայն իրենց համար` երբեմն-երբեմն էլ մասնակցելով տարբեր կինոփառատոների:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ