Վերադարձ ակունքներին


 

Նախօրեին ողջ աշխարհի իռլանդացիները մեծ հանդիսավորությամբ նշել են իռլանդական ամենասիրված ազգային տոներից մեկը` Սուրբ Պատրիկի օրը: Դուբլինում կազմակերպված շքերթին մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ: Սակայն բացի էթնիկ իռլանդացիներից, տոնը մեծ շուքով նշում են նրանց հետ նույնիսկ ամենահեռավոր կապեր ունեցողները: Այս տարի նրանց թվում էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նախագահը ծանրաբեռնված ու հագեցած աշխատանքային օրվա ավարտին հյուրընկալվել է Սպիտակ տան մոտակայքում գտնվող իռլանդական գինետանը, նրան ուղեկցել են հեռավոր բարեկամները: Ինչպես հայտնի է` Օբաման իռլանդական արմատներ ունի: Նրա հեռավոր նախնիներից մեկն այդ երկրից է գաղթել ԱՄՆ` 1850-ին: Նախագահը տոնը նշել է` արարողակարգի համաձայն: Կրել է կանաչ բաճկոն` «VIP- հյուր» գրությամբ: Սուրբ Պատրիկի տոնին ցանկալի է կանաչ հագուստ կրելը: Հավաքվածները հրճվանքով են դիմավորել նախագահին, իսկ գինետան տերն անմիջապես մի գավաթ գարեջուր է առաջարկել: Լրագրողներին դուրս են հրավիրել, այդ պատճառով աղմկարարության սիրահարները չեն հասցրել տեղեկանալ, թե քանի գավաթ գարեջուր է վայելել նախագահը: Բայց գինետան տերը շտապել է փարատել բոլոր հետաքրքասերների կասկածները` ասելով, որ նա միայն մի գավաթ է խմել: Ապա ավելացրել, որ դրա փոխարեն Օբաման միանշանակորեն շահել է իռլանդական ծագում ունեցող ամերիկացիների համակրանքը, ասել է թե` նա կարող է հույսեր կապել նրանց հետ ընտրությունների ժամանակ: Իսկ նրանք բավական մեծ թիվ են կազմում ԱՄՆ-ում: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Սուրբ Պատրիկի պատվին կանաչ է ներկվել նաև Սպիտակ տան գլխավոր շատրվաններից մեկը: