1,4 միլիոնանոց 33 հազար հրոսակախումբ


 

Որքան էլ մեծ է Ամերիկա մայրցամաքն ու խիտ բնակեցված, միևնույն է, տագնապահարույց է վիճակագրությունը, որը Կոնգրեսում ներկայացրել է Դաշնային հետաքննության բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը.

- Ներկայումս քրեական գործունեության մեջ ներքաշված է մոտավորապես 33 հազար փողոցային, մոտոցիկլային և բանտային բանդա, որոնց մեջ ընդգրկված է շուրջ 1,4 միլիոն մարդ: (Տեղեկացրել է Сегодня.uа.-ն):

Երեք տարի առաջ երկրում հաշվվել է 20 հազար ավազակախումբ` 1 միլիոն անդամներով:

- Նրանց շարքերը լավ կազմակերպված են: Շատ բանդաներ բռնությունների են դիմում, որպեսզի վերահսկեն իրենց «շրջանները» և ակտիվորեն զբաղվեն անօրինական գործունեությամբ` ներառյալ կողոպուտը, թմրանյութերի և զենքի առևտուրը, խարդախությունը, շորթումը և պոռնկությունը,- նշել է գլխավոր հետախուզական գերատեսչության ղեկավարը:

Մեզ համար, թերևս, կրկնակի ցավալի է, որ իր փաստարկումները Մյուլլերը հիմնավորել է հայկական կազմակերպված հանցացանցի օրինակով.

- Անցյալ տարի գործընկերների հետ համատեղ անցկացրած հետաքննության արդյունքում ԴՀԲ-ին (ՂըՀ) հաջողվել է ձերբակալել հայկական կազմակերպված հանցավոր ցանցի ավելի քան 70 անդամների և համագործակիցների, որոնք առողջապահության ոլորտում ներքաշված են եղել գրեթե 170 միլիոն դոլար արժողությամբ խարդախության մեջ: Այս գործի մեջ ներգրավված են ավելի քան 160 բժշկական կլինիկաներ:

Ասում ենք` բազմաչարչար, տարագրյալ հայը դարեր շարունակ ստիպված է եղել օտար պետություններում արարել: Այսօր էլ «ստիպված» է օտար պետություններում խարդախություն «ծաղկեցնե՞լ»: