Վստահիր, բայց` ստուգիր 


 

Խորհուրդներ կանանց` կանանց միամսյակի առթիվ

Ըստ «Հայկական ռադիոյին» վերագրվող և թևավոր խոսքի ուժ ստացած մի հարցման, թե ե՞րբ կարող է կինն ամուսնուն դարձնել միլիոնատեր, հնչում է այսպիսի պատասխան` այն դեպքում, երբ ամուսինը միլիարդատեր է...

Այս խորիմաստ պատասխանում նախատինքի «նուրբ սլաքներ» դեպի կին արարածը, անշուշտ, նկատելի են: «Մեղադրանքներն» էլ քիչ չեն` վատնող, անհաշվենկատ, անհեռատես...

Ամենևին չթերագնահատելով կանանց դերը տղամարդկանց ու լայն իմաստով նաև` հասարակական կյանքում, ցանկանում ենք, որ նրանք ոչ միայն «միլիոնատեր» չդարձնեն իրենց «միլիարդատեր» ամուսիններին, այլ նաև ուշադիր լինեն իրենց եկամուտների, բիզնեսի նկատմամբ, և թույլ չտան, որպեսզի հասարակ աշխատողը, ում որքան էլ վստահում են, չխաբի և չսնանկացնի իրենց, ինչպես ներկայացվող դեպքում:

Մեծամոր քաղաքի բնակչուհիներից մեկը, որն անհատ ձեռնարկատեր է, օրերս ներկայացել է ոստիկանություն և պատմել գլխին եկածը. իրեն պատկանող մթերային խանութից գումարային խոշոր յուրացում է կատարվել:

Ոստիկանները պարզել են, որ յուրացումը կատարել է խանութի վաճառողուհիներից մեկը, ով մի քանի ամսում գրպանել է 800.000 դրամ:

Աչքածակ և իր գործատուի եկամուտները գրպանած վաճառողուհին, ով, չմոռանանք, նույնպես կին է, կստանա օրենքով նախատեսված պատիժը, բայց միանշանակ է, որ ձեռնարկատիրուհին պետք է ավելի ուշադիր և աչալուրջ լիներ, որպեսզի բանը չհասներ մեր խորհուրդներին...