Ընտրացուցակը սոսկ ցուցակ չէ


 

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական ընտրացուցակի հրապարակմանը հաջորդել է «Ժառանգության» քարտուղար Կարինե ՀԱԿՈԲՅԱՆԻ հրաժարումն առաջիկա ընտրապայքարից: Իսկ երեկ տիկին Հակոբյանն արդեն հայտարարեց կուսակցությունից հեռանալու մասին:

Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հրաժարումը կուսակցությունից:

- Եթե խնդիրը միայն անձնական լիներ, ես այն հրապարակային քննարկման առարկա չէի դարձնի: Խնդիրն այն երևույթներն են, որոնք այս տարիների ընթացքում խորանում են, և իմ համոզմամբ, այսօր վտանգավոր աստիճանի են հասել: Պատահական չէ, որ արդեն ասույթ է դարձել, թե կադրերը որոշում են ամեն ինչ: Կադրային քաղաքականությունն է, որ Հայաստանը հասցրել է այս վիճակի: Ես երկու տարի եղել եմ այդ կուսակցության շարքերում և ռազմավարական ու մարտավարական շատ հարցերում ունեցել եմ տարաձայնություններ: Երեկվա իմ որոշումն արդեն այն բարակած թելն էր, որ կտրվեց:

Տարաձայնություններն ինչի՞ շուրջ էին:

- Ես միշտ պնդել եմ, որ պետք է մի գիծ տանել մինչև վերջ և փորձել հասնել հաջողության: Օրինակ. անգամ օտարալեզու դպրոցների դեմ պայքարը պետք է հասարակական համախմբման և պայքարի սկիզբը դառնար: Նաև շատ այլ հարցերում տարբեր մոտեցումներ ունեինք, բայց ինքս ավելի սկզբունքային եմ մոտենում հարցերին, և այս քայլը նույնպես դրա դրսևորումն է:

Միայն Ձե՞ր դեպքում են այդ տարաձայնությունները, թե՞ «Ժառանգության» ներսում առկա են երկու տարբեր թևեր:

- Ես արդեն հայտարարել եմ, որ իմ հրաժարականի պատճառը կապված է «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ընտրացուցակի հետ: Ցուցակը զուտ միայն ցուցակ չէ: Ցուցակը մեր երկրի կադրային քաղաքականությունն է: Ի՞նչ սկզբունքով ենք մենք դասակարգում. ամեն ինչ պետք է հիմնավորված լինի, և` ոչ միայն «Ժառանգութ յան» ցուցակում: Դուք երևի նկատել եք` նաև մյուս կուսակցությունների ընտրացուցակներում կան հասարակությանը բացարձակ անհայտ երիտասարդներ: Ես կողմնակից եմ, պաշտպանում եմ երիտասարդների մուտքը քաղաքականություն: Բայց նրանք իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ, իրենց ընդդիմադիր կեցվածքով պետք է հասարակությանը հայտնի մարդիկ լինեն: Թող Մաշտոցի պուրակի համար պայքարողներից մի երկու հոգի լինեին, ո՞վ կարող էր դժգոհել: Բայց ցուցակներում ընդգրկվածների անուններն անգամ ես չեմ կարողանում հիշել. Արտակ Ղազարյան, Իզաբելլա Աբգարյան, Արման Մուշեղյան… լրագրողական աշխարհին ոմանց անունները կարող է հայտնի լինեն, բայց նրանք պետք է հայտնի լինեն նաև հասարակությանը: Ազգային Ժողովը փորձադաշտ չէ, որ այնտեղ մարդկանց ուղարկենք, և հետո պարզվի` նրանք արդյո՞ք ազնիվ են, հայրենասեր են, գիտելիքներ ունե՞ն, թե՞ ոչ: Այստեղ պետական մոտեցման, պատասխանատվության խնդիր կա. ո՞ւմ ես դու գործուղում ԱԺ, ո՞ւմ համար ես ճանապարհ բաց անում, ովքե՞ր են վաղը որոշելու մեր երկրի և ժողովրդի բախտը: «Ժառանգությունում» շատերը հասարակությանը հայտնի են դարձել հենց «Ժառանգության», Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ, և նրանք այսօր անկախ չեն իրենց քայլերում:

Բայց նույնը հնարավոր չէ ասել նաև Լարիսա Ալավերդյանի մասին: Սկզբում լուրեր շրջանառվեցին, որ այդպիսի ընդվզում է եղել նաև նրա կողմից: Դա ճի՞շտ է:

- Վարչության նիստում Լ. Ալավերդյանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս ընտրապայքարից: Ինքը հստակ չնշեց, թե ցուցակն է պատճառը, պարզապես, ասաց` այդպես է նպատակահարմար: Բայց ես կարծում եմ` այո` դարձյալ ցուցակի տրամաբանությունն է եղել պատճառը: Բայց նա այժմ համաձայնվել է լինել ցուցակի շատ սիմվոլիկ` 41-րդ հորիզոնականում: Սա ըստ էության նշանակում է չլինել ընտրապայքարում, նա այդպես է վարվում` «Ժառանգությանը» սատարելու համար:

Բայց Դուք դուրս եք եկել նաև կուսակցությունից:

- Ես ավելի հասարակական գործիչ եմ, քան քաղաքական, առավել ևս` ոչ կուսակցական:

Բայց հայտնի է, որ Դուք կողմ էիք, որպեսզի «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքը կայանա, իսկ այսօր այդ ընդհանուր ցուցակից եք դժգոհում:

- Բայց սա դաշինք չէ: Ես գիտեի դաշինքի անդամներին, ես գիտեի «Ժառանգության» անդամներին: Ես գիտեի հասարակական, քաղաքացիական սեկտորում այն մարդկանց, ում մենք ճանաչում և հարգում ենք: Բայց այս ցուցակն անակնկալ էր և´ ինձ, և´ շատերի համար: Կուսակցության քարտուղարը պարզապես պաշտոն չէ, նա պատասխանատվություն է կրում, և դա պետք է երևա նաև ցուցակում: Երբ ինձ ասում են` հեռու, ես հեռանում եմ: Այսինքն, դա իմ որոշումը չէ:

- Ցուցակում այս կամ այն անձի ընդգրկման, անցողիկ հորիզոնականի հարցում նշանակություն ունի նաև ֆինանսական ռեսուրսը: «Ժառանգությունում» և՞ս այդպես է:

- Ֆինանսական կախվածությունն ապականում է մեր քաղաքական դաշտը: Եվ միևնույն դաշտում հնարավոր չէ խաղի այլ կանոններով գործել: Ես երևույթն եմ նշում, եզրակացությունը դուք կարող եք անել:

- «Ժառանգության» պատգամավորներից մեկը զրույցում ասաց, որ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կուսակցության ներկայացված լինելը հաստատ է: Արդյո՞ք, սա նշանակում է, որ «Ժառանգությունն» ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի այդ առնչությամբ:

- Տեղյակ չեմ, չեմ կարծում:

Ա.Դ.