Գարուն, Գալկին, գիշերակումբ


 

Ինքնատիպ կին է Պրիմադոնան: Անտարբեր չէ նաև բնության զարթոնքի հանդեպ և արդեն 45 տարի է` նշում է գարնան գալուստը: Ինչպես միշտ, այս տարի ևս նա շրջել է Մոսկվայի կենտրոնում և բոլոր անցորդներին դեղին կակաչներ է նվիրել: Հետո մտերիմներին երեկույթի հրավիրել` ջահել ամուսնու` Մաքսիմ Գալկինի հետ: Հրավիրյալների մեջ է եղել նաև էքս-ջահել կողակից Ֆիլիպ Կիրկորովը (գրել է ձՁՀԿ.ru-ն):

Գրյազի գյուղի նրա ապարանքը հյուրերի միակ հիացմունքը չի եղել. այս անգամ տանտիրուհի Ալլա Պուգաչովան հյուրերին ներկայացել է իրանը կիպ գրկող վարդագույն զգեստով և զմրուխտներով ու ադամանդներով շքեղ զգեստով:

Տիրուհին երեք անգամ կրկնել է` «Թույլատրում եմ գարնանը»: Ասում են` այդ «կախարդական» բառերով ամեն տարի կոչ է հղում ջերմությանը:

Շքեղ սեղանը ոչ մեկի չի զարմացրել, բայց բոլորին հիացրել են Պուգաչովայի պատրաստած «ֆիրմային» կոտլետներն ու ծովատառեխը:

Երեկույթը Ալլան անվանել էր «Գարնան այն օրը, որը ես չեմ կարող մոռանալ»: Ասել է թե` յուրաքանչյուրը պետք է պատմեր իր համար անմոռաց որևէ օրվա մասին:

- Մի անգամ որոշել էի անակնկալով ուրախացնել Ալլոչկային,- պատմել է Կիրկորովը:- Նա դեռ քնած էր. ես մոտակա շուկայից 10 հազար դեղին վարդ գնեցի և մեր տանն աշխատող կնոջ` Լյուսյայի հետ իմ սիրելիի մահճակալը վերածեցի իսկական ծաղկաթմբի: Հիանալով այդ պատկերով, ես անշշուկ ծածկեցի դուռը, բայց չէի հասցրել մի քանի քայլ անել, երբ աղիողորմ ճիչ լսեցի: Պարզվեց, որ Ալլան երազում տեսել է, թե ինքը մահացել է: Աչքերը բացել է և տեսել է իրեն` ծաղիկների մեջ թաղված...

Գարնանամուտի «պուգաչովյան» անակնկալներից ամենամեծը, սակայն, Գալկինին էր հասցեագրված. Ալլա Բորիսովնան նրան գիշերային շքեղ ակումբ է նվիրել` իրենց տան ներքնահարկում:

Բոլորն իհարկե հիացմունքի ևս մի պահ են ապրել` սիրո այդ արտահայտությունից: Բայց խե˜ղճ Գալկին, կգտնի՞ հարմար պահ` գիշերակումբն իր սրտի ուզած կանանցով վայելելու: