Եղանակային փոփոխություններն ու մեր առողջությունը


 

Ինչպես պայքարել գարնանը գլուխ բարձրացնող հիվանդությունների դեմ: Հայտնի է, որ եղանակային փոփոխությունները ազդում են մարդկանց տրամադրության վրա, նպաստում են խրոնիկական և մասնավորապես սրտանոթային հիվանդությունների սրացմանը: Սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերն ամբողջ աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում: Դրանցից հետո մարդկությանը սպառնացող ամենալուրջ հիվանդությունը ըստ մասնագետների դեպրեսիան է, ինչի համար «ամենաբարենպաստ պայմանները» եղանակային կտրուկ փոփոխություններն են:

- Եղանակային փոփոխությունների անցումային շրջանում, որոշ դեպքերում մարդկանց մոտ առաջանում են փոփոխություններ` կապված բոլոր օրգան-համակարգերի, այդ թվում նաև տրամադրության, հոգեկան վիճակների հետ: Հայտնի է, որ լուրջ հիվանդությունները սրվում են և´ գարնանը, և´ աշնանը,- ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց գարնանը խորհուրդ է տրվում վերանայել բուժման ընթացքը և դեղորայքը: Սակայն միշտ չէ, որ թե´ հիվանդների, թե´ առողջների մոտ գարնանային սրացումները արտահայտվում են ընկճախտով` մեր օրերում շատ արդիական դարձած դեպրեսիայով: Կա նաև դրա հակառակ տարբերակը` գերակտիվացումը, երբ մարդիկ գործում են արարքներ, որոնց համար ունակ չեն պատասխան տալ:

-Փոփոխության ժամանակ ըս-կըսում են շատ գումարներ ծախսել, պարտքեր անել, խաղամոլությամբ տարվել: Տրամադրությունը արտահայտվում է «մանյակալ» կոչված ձևով: Այսպիսով հոգեկան պրոցեսը կարող է խանգարվել ոչ միայն դեպրեսիայի ձևով, այլև հոգեկան պրոցեսների ակտիվացմամբ,-նշում է հոգեբան Խ. Գասպարյանը:

Գերակտիվության դեպքում մարդիկ կորցնում են սոցիալական զգոնությունը, ընտանիքի նկատմամբ պատասխանատվության զգացումը, չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց ունեցածը և ծախսերի համարժեքությունը: Իսկ խրոնիկ հիվանդությամբ տառապող մարդիկ պետք է անընդհատ կապի մեջ լինեն բժշկի հետ: Մասնագետներն ասում են, որ գարնանային առողջական ու հոգեկան խնդիրները նորություն չեն և բնական երևույթ են:

- Եթե ամռանը կամ ձմռանը մի շաբաթվա ընթացքում մեզ դիմում է 12-14 մարդ` այս կամ այն խնդրով, ապա գարնանը մի շաբաթվա ընթացքում դիմողների քանակն աճում է մինչև 25-30 հոգի,- նշում է Խ. Գասպարյանը:

Մասնագետները, հիվանդություններից խուսափելու համար, խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել և ճիշտ կազմակերպել հանգիստը.

- Մենք ճիշտ հանգստանալու մշակույթ չունենք, գնում ենք քաղաքից դուրս հանգստանալու և մեր մարմինը ծանրաբեռնում ենք ավելորդ ուտելիքներով. կերակուրը այնքան շատ ենք օգտագործում, որ վերջիվերջո դա դառնում է ավելորդ հոգնածություն,- ասում է Խ. Գասպարյանը:

- Պետք է քաղաքակիրթ մոտեցում: Ցանկացած փոփոխություն, ցանկացած ազդակ, գանգատ չպետք է անուշադրության մատնել և պետք է պարտադիր դիմել բժշկի,- հավելում է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը:

Գլխավոր սրտաբանը սեռական անբավարարվածությամբ մարդկանց խորհուրդ է տալիս այդ բացը չլրացնել ուտելով, ու դրանով իսկ օրգանիզմը չենթարկել կրկնակի սթրեսի: Իսկ հոգեբանը խորհուրդ է տալիս պարզապես հարգել սեփական մարմինը և առողջ ապրելակերպ վարել:

Նորա ՄԿՐՏՉՅԱՆ