ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ՄԻԱՅՆԱԿ, ԲՈԼՈՐԻՑ ՀԶՈՐ


 

Երկու առաջնախաղ

- Հայրենիք սիրել, ասել է` խորազգալ, խորհել ու գործել այն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզորացման և հավերժացման համար: 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ՄԻԱՅՆԱԿ, ԲՈԼՈՐԻՑ ՀԶՈՐ

Ժամանակաշրջանը փնտրում է հերոսներ, ժամանակաշրջանը պարտադրում է ազգային պատմության ընդերքից դուրս բերել նրանց անունները, ովքեր կարող են  ոչ միայն ընդօրինակելի լինել իրենց կերպարով ու կենսագրությամբ, այլև յուրովսանն առաջնորդել տակավին գաղափարախոսական կաշկանդումների բեռից չազատագրված ժողովրդին: Մասնավորապես` պատմության նոր մարտահրավերների առջև կանգնած հայությանը, որը հատկապես հիմա փորձում է գտնել իր ընթացքը, արդի պատմության մեջ իր տեղն ու վերադառնալ Հայրենիքի ու Հայաստանի ճշմարիտ ընկալումին:

Ապրել Ցեղի արժեքներով ու բարոյականով, դրանք կենսաձև դարձնել կնշանակի կրել իր մեջ ցեղը, լինել ցեղակիր-ցեղակրոն:

Գարեգին Նժդեհի այս միտքն այսօր ձեռք է բերում յուրօրինակ արդիականություն ու հնչողություն, նորից առաջադիր դարձնում Հայաստանի ու Ճշմարտության գաղափարը, որն արդեն գոյության գլխավոր կռվանն է: 

Հայաստանի ու Ճշմարտության ինքնահատուկ բաղադրությունն է ներկայանում  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում կյանքի կոչված «Հայաստան և ճշմարտություն» խորագրով բեմադրության մեջ, որը կյանքի են կոչել Արմեն Մազմանյանն ու Աննա Հեքեքյանը:

«Հայաստան և ճշմարտություն» ստեղծագործությունը եռամաս դրամատիկական-գրական կառուցվածք է, որի առաջին մասի համար նյութ է հանդիսացել Նժդեհի ինքնակեն սագրությունը: Երկրորդ մասում օգտագործված են Նժդեհի բանտային գրառումները: Իսկ ահա երրորդ մասը կառուցված է Գարեգին Նժդեհի ասույթների վրա` այսպես բեմ բերելով իրապես հետաքրքիր մի երկ, որն արտաքնապես զուրկ է սյուժետային միասնականությունից և զարգացումներից, սակայն կոմպոզիցիայի հեղինակին հաջողվել է ստեղծել ներքին կապակցումների վրա հենվող պատում: Խոսքային «սյուժեն» աստիճանաբար բեռնավորվում է թատերաարտահայտչական հետաքրքիր հղացումներով, ռեժիսորական-ներբեմական դիտարժան լուծումներով: 

 Ուրեմն, բեմադրության մեջ և մասնավորաբար նրա ավարտական հատվածում, որը ռեժիսորական մտահղացման և պատկերային մտածողության բարձրակետն է, ուր զուգակցվում են անհատի ու իր երկրի կերպարները` իբրև հավերժորեն իրար ագուցված ու անբաժան: Ու թեև Նժդեհի Ինքնակենսագրությունն  ավարտվում է դաժան մի եզրահանգմամբ` այնուհանդերձ բեմադրության մեջ Հայաստան Հայրենիքը ներկայանում է զարմանալի ոգեղենականությամբ, պարադոքսների մեջ շուլալված, դեպի ինքնամաքրումը ձգտող:

Երկրորդ մասում, անսպասելի ու գուցե նժդեհյան տեքստին ոչ համահունչ, Մովսես Խորենացու «Ողբն» է հառնում` ի ցույց դնելով ազգային ճակատագրի ու պատմության տարուբերումների գլխավոր պատճառները: Եվ անսպասելիորեն բոլոր ժամանակների գոյաբանական գլխավոր խոտորումները դառնում են չափազանց արդիական, հնչեղ: Ինչո՞ւ են բեմադրության հեղինակները դիմել Խորենացուն, արդյո՞ք Նժդեհի մտքերի ու ասույթների պակասն է եղել պատճառը: Բնա´վ: Խնդիրն այստեղ գեղարվեստական չէ, գեղագիտական չէ, այլ փիլիսոփայական է, իմաստաբանական է:

Նժդեհն ու Հայաստանը հայտնվել էին նույն ախտաբանական կծկումների մեջ, որոնցում հինգերորդ դարի պատմիչն էր: Նշանակում է` պատմության դասերը երբեմն տրվել են մոռացության, ամեն ինչ մատնվել է կորստի` այդպես էլ չպարտադրելով մեզ հետ նայել` առաջ գնալու համար: Բեմադրության հեղինակները նժդեհյան պատումի շրջանակներում հարկադրում են իրապես հետ նայել` գնահատելու համար ընթացքը: Հենց ընթացքը գնահատելու համար էլ բեմադրության երկրորդ մասում հառնում է բանտը` տարադեմ ու տարացավ մարդկանց մի հավաքածու, ճակատագրով իրար սերտ, ըմբոստացումի պատրաստ մարդկանց խումբ, որն աստիճանաբար, այսպես կոչված` քննական-վերլուծական կիրքը փոխակերպում է ցասման, ելնում իրականության դեմ:

Այն տպավորությունն է, թե Նժդեհը տարրալուծված է ամենքի մեջ, բեմում մոտ երկու տասնյակ Նժդեհ է` երկտակված, տարբեր «ես»-երի դիրքերից գործող ու խոսող: Ու որքան հասունանում է ներքին պայքարը, այնքան ցայտուն ու անխոտոր է դառնում Նժդեհի կերպարը, այնքան հզոր է ներկայանում անհատը, որն այստեղ դիտարկվում է որպես ողբերգական կերպար` պատմության ու բոլորի դեմ միայնակ կանգնած:

Չփորձելով նյութականացնել Գարեգին Նժդեհի կերպարը` բեմադրիչները ստեղծել են հավաքական-ընդհանրական կերպար` այսպես ցայտունորեն ներկայացնելով անհատակա- նությանը: