ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ ՎՌՆԴԵՑԻՆ…


 

- Երևանում` ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքի ամենաբանուկ անկյուններից մեկից հեռացրել են գրավաճառներին: Շատ եմ ձգտում մեղմ արտահայտվել, բայց զուգահեռ չանցկացնել չեմ կարող. Երևանի գրեթե բոլոր փողոցներում մարմնավաճառները տեղ ունեն: Երևանի իշխանությունները նրանց չեն արգելում ծիծիկ, բուդ, ու հետույք վաճառել: Երևանում համասեռամոլները իրենց վաճառքի տեղն ունեն, ու Երևանի իշխանությունները նրանց չեն արգելում հետույք վաճառել: Գրավաճառները տեղ չունեն, վաճառվել են նաև նրանց տեղերը: Հարց, սա՞ է լավ քաղաքային իշխանությունը, որտեղ չեն արգելում փողոցների մարմնավաճառությունը, սակայն արգելում են գրավաճառությունը,- այսպես արտահայտվեց իմ մտերիմներից մեկը` Հարություն Մկրտչյանը:

Զայրացած, ցասումով լի նրա խոսքը ես չխմբագրեցի, որովհետև սա այն դեպքերից է, երբ մտավորականն այլևս չի կարողանում իրեն զսպել և խոսում է ձևավորված տխուր իրականության մասին: Գրավաճառներին իրենց զբաղեցրած տարածքներից հեռացնելու մասին վաղուց էին խոսում, շատ վաղուց գրավաճառների թիկունքում «գործընթացներ» էին ձևավորվում: Իհարկե, գրավաճառները ինչ-որ բան գիտեին, սակայն համոզված էին, որ անպայմանորեն կլուծվեն իրենց խնդիրները, որ դեռևս գրքի մայրաքաղաք համարվող Երևանում, ուր չափազանց քիչ են գրախանութները, ամեն ինչ կանեն, որպեսզի գրքի վաճառքը ունենա պատշաճ ձև:

Իհարկե, քաղաքային իշխանությունների մտահոգությունները միանգամայն արդարացված են. գետնուղիներն ու անցումները չեն կարող լինել գրքի վաճառքի կազմակերպման լավագույն տեղեր, ուր ցուրտ է, երբեմն անձրևների ժամանակ գետնուղիները ողողվում են անձրևաջրերով, գրքերը դարսված են գետնին` ամեն րոպե վտանգվելու պատրաստ: Սակայն հազիվ թե այսօր գրավաճառներին` մոտ 50 մարդ, հեռացնելով այդտեղից, իշխանությունները գտել են լուծման ճիշտ ուղին: Աշխարհի մեծ քաղաքներում գրքի շուկաներ կան ձևավորված` առանձին տաղավարներով, թեմատիկ առանձնացումներով, հարմարավետ պայմաններով: Դեռ երեք տարի առաջ, երբ որոշված էր տարածքն ինչ-որ ունևորի հանձնել, կարելի էր մտածել շուկայի ստեղծման մասին: Հենց կենտրոնում, ուր դեռ հազվագյուտ չսեփականաշնորհված օազիսներ են պահպանվել, կարելի էր այդ շուկան կառուցել: Դիցուք` պետհամալսարանի մերձակա տարածքներից մեկում` այստեղ ռեստորանային մի նոր համալիր կառուցելու փոխարեն: Բայց, հավանաբար, շատ ավելի կարևոր են ռեստորանային և հյուրանոցային համալիրները, կարևոր են անգամ այդ գործով զբաղվող որոշ բարձրաստիճան հոգևորականների շահերը, քան գիրքը, որի մասին պատրաստ ենք ոգեշնչված ու հուզախառը ճառեր ասել...

Գրքի վաճառքով զբաղվող մարդիկ համալրում էին փոքր բիզնեսի շարքերը, աշխատատեղերի խնդիր լուծում: Այսօր փոքր բիզնեսի դրսևորումներից մեկն էլ ճնշվեց, այսօր հիսունից ավելի մարդ կորցրեց իր աշխատատեղը: Իհարկե, միլիոնանոց քաղաքում հիսուն մարդու խնդիրը կարծես կարևոր չէ, աննշան է: Սակայն մշտապես հայտարարելով փոքր ու միջին բիզնեսի խթանման մասին, մենք ամեն ինչ անում ենք` հենց փոքր բիզնեսի շահերը չգոյացնելու:

Սարգիս Միքայելյանի մտահոգությունը մենք էլ ենք կիսում.

- Ես չգիտեմ` արդյո՞ք քաղաքակրթության պատմության մեջ էլի եղել են երկրներ ու ժամանակներ, որտեղ որոշ խմբերի տնտեսական շահերին հետամուտ լինելով` արգելել են մասնավոր գրավաճառների առևտուրը: Ես որևէ այլ բացատրություն չեմ գտնում, քան այն, որ փորձ է արվում գրավաճառության բիզնեսն էլ մոնոպոլիզացնել... Դե, ինքնուրույն, որևէ ստրուկտուրայի հետ չսերտաճած խեղճ գրավաճառը, ով գիրք է վաճառում գետնանցումներում, իրոք խանգարում է խոշոր գրախանութների բիզնեսին` հենց թեկուզ իր առաջարկած ավելի ցածր գներով:

Ո՞ւմ են հանձնելու գրավաճառներից ազատված տարածքը` կտեսնենք առաջիկայում: Ո՞վ է ուզուրպացնելու և մոնոպոլացնելու գրքի շուկան Երևանում` դա էլ կտեսնենք... Բայց, ամեն դեպքում, գրականության ու գրքի, դրա առևտրի դեմ ոտնձգությունը, ինչ «պուպուշ» ձևակերպմամբ էլ իրականացնի, առնվազն տհաճ է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ