Միլիարդատերերի քաղաքները


 

Հայտնի է, որ միլիարդատիրությունը ևս հաշվվում է ամերիկյան արժույթով: Բայց այս տարի նույնպես «ռուբլիատեր» Մոսկվան գերազանցել է «դոլարատեր» Նյու Յորքին:

Forbs հանդեսը հրապարակել է աշխարհի այն տասը քաղաքները, որոնցում ապրում են ամենաշատ միլիարդատերերը: Իր 84 մեծահարուստներով Մոսկվան գլխավորում է այդ տասնյակը. նրանց ունեցվածքը կազմում է 366 մլրդ:

Երկրորդ տեղում Նյու Յորքն է` 62 միլիարդատերերով և նրանց 280 մլն կազմող ունեցվածքով:

Երրորդ տեղը կիսել են Լոնդոնն ու Հոնգկոնգը` յուրաքանչյուրում ապրում է 43 միլիարդատեր:

Ամենա«աղքատ» միլիարդատերերն ապրում են Ստամբուլում (37 հոգի): Չնայած այս քաղաքը տասնյակի 5-րդ տեղում է, բայց նրանց միջին ունեցվածքն «ընդամենը» 1,7 մլրդ է (Մոսկվայում` 4,4 մլրդ):

Աշխարհի ամենահարուստ մարդը` Կառլոս Սլիմը, և 98 ուրիշ խոշոր փողատերեր ապրում են Լատինական Ամերիկայում: Սակայն այս տարածաշրջանի միայն 1 քաղաքն է ընդգրկվել վարկանիշային ցանկում, այն էլ` 6-րդ տեղում. Սան-Պաուլուն` իր 26 միլիարդատերերով, 7, 8, 9-րդ տեղերում են Մումբաին, Սեուլը և Պեկինը` համապատասխանաբար 24, 23 և 21 փողատերերով:

10-րդը Փարիզն է. 18 միլիարդատեր` 63 մլրդ ընդհանուր գումարով: Այս տասնյակում Փարիզի հայտնվելը զարմացրել է շատերին, որովհետև միջազգային նորություններն անվերջ տեղեկացնում են, որ ունևորները հեռանում են Ֆրանսիայից` հարուստներից գանձվող բարձր հարկերի պատճառով: