Հայհոյանքը` մինչև 5 հազար եվրո


 

Ռուսաստանցիների` հայհոյասիրության թեմային անդրադառնալով, Die Welt-ում Էկհարդ Բալֆանցը գրել է, թե ՌԴ կառավարությունը համոզված է, որ իրենց բառապաշարում ոչ փոքրաքանակ հիշոցներ ունեցող ռուսաստանցիները չափից ավելի հաճախ ու հաճույքով սկսեցին դրանք օգտագործել Խորհրդային Միության փլուզումից հետո: Այն էլ` հասարակական վայրերում:

Լրագրողին այնքան է մտահոգել մարդկային այդ թուլությունը, որ դա շուտափույթ կանխելու միջոց է առաջարկել. հեռուստաեթերով, թերթերում և ռադիոյով անպարկեշտ լուտանքներ տեղացողները կպատժվեն մինչև 5000 եվրո տուգանքով:

Նման նախաձեռնությամբ արդեն օրինագծով հանդես են եկել «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները: Երկրորդ ընթերցանության ժամանակ նրանց առաջարկության օգտին քվեարկել են 444 ներկա պատգամավորներից 388-ը:

Նոր օրենքը կհրապարակվի նաև համացանցով, որտեղ սովորաբար տեղադրվում են հակակառավարական հրապարակումները:

Օրենքն արդեն իսկ հարուցել է քննադատների դժգոհությունը: Նրանք գտնում են, որ`

- Կրեմլը ոչ այնքան մտահոգ է ռուսաց լեզվի մաքրությամբ, որքան փորձելու է նոր օրենքն օգտագործել որպես գրաքննություն` ընդդեմ ընդդիմադիր հաղորդումների և հոդվածների:

Առայժմ հստակեցված չեն անվայելուչ բառերն ու արտահայտությունները, որոնց օգտագործումը մերժելի կհամարվի:

Հետաքրքիր է, օրենքում կամ ենթաօրենսդրական որևէ ակտում իսկապես ամրագրվելու են հայհոյանքները, մայրահայհոյ բառերն ու արտահայտությունները: