ՆՈՐԻՑ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ


 

Օրավուր փլուզվում ու ավերվում է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Երևանի նախկին Սառցակոմբինատը (Արշակունյաց 9), որի ճարտարապետն է Գ. Աղաբաբյանը: Այս կառույցը վաղուց մայրաքաղաքի ճարտարապետական կերպարի մի մասնիկն է, որը հաստատում է ազգային ճարտարապետության ինքնատիպությունն ու վեհությունը:

Շենքն ընդամենը 2004 թվականին կառավարության N 1616-Ն որոշմամբ է ճանաչվել որպես հուշարձան, մինչդեռ անցած տարիների ընթացքում ոչ ոք չի մտածել զբաղվել նրա խնդիրներով, հոգ տանել փլուզվող պատերի մասին: Իսկ ճարտարապետի համար առաջնայինը եղել է «խուլ պատերի» լուծումը, որը ուշագրավ նորույթ էր ճարտարապետության մեջ: Ու հիմա հենց այս պատերն են ավերվում: Ասել է թե` հուշարձանը կորցնում է իր բացառիկությունը:

Ինչպես այս, այնպես էլ պատմական հուշարձաններ հանդիսացող մյուս շենքերը հանձնված են մշակույթի նախարարության ենթակայությանը և հոգածությանը: Սակայն նախարարությունը չունի բավարար լծակներն ու ֆինանսական միջոցները` բոլորի կառույցներով զբաղվելու համար: Շատ վաղուց է հասունացել հուշարձանների պահպանության պետական կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, շատ վաղուց պիտի ձևավորվեր մի առանձին գերատեսչություն, որը համակարգեր հուշարձանների պահպանության և մշակութային զբոսաշրջության խնդիրները: Միայն անհրաժեշտ հատկացումների պարագայում հնարավոր կլինի լրջորեն զբաղվել հուշարձանների գույքագրման, պահպանման, դրանք գայթակղիչ դարձնելու հարցերով: Հատկապես հիմա, երբ աշխատանքներ են տարվում կառավարության կառուցվածքի փոփոխման ուղղությամբ, գուցե այս հարցն էլ ընդգրկվի օրակարգում:

Լ. Մ.