ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՅԱԼԱՆՉԻՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿԸ


 

Քաղաքական ամեն մի ակցիա` լինի պիկետ, հանրահավաք, նստացույց, երևան է հանում մի շարք գործիչների, ովքեր վաղուց ջնջված են հանրության հիշողությունից կամ էլ այնպիսի տխուր հետքեր են թողել, որ դրանց անդրադառնալն անգամ վիրավորական է: Սակայն նրանք հաշվի չեն նստում հանրային հիշողության, իրենց թողած վատ համբավի հետ և նետվում են հրապարակներ` նորից ու նորից հիշեցնելու, թե իրենք կան ու մնում են որպես հասարակական-քաղաքական կյանքի առաջմղիչներ:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքներն էլ նման մի քանիսի համար քաղաքական «ռենեսանսի» միջոց դարձան: Անգամ ոմանք, որ մինչև վերջերս հայտնի էին որպես մոլի իշխանապաշտներ, կոռուպցիոներներ ու հանրային կամքին բռնացողներ, հարթակ են նետվում և քննադատություն հնչեցնում այն իշխանության հասցեին, որի կերատաշտից մինչև վերջերս օգտվելով, դարձել են հարուստ ու անկառավարելի...

Օրերս բոլորին զարմացրեցին Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն ու Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Իմ կրտսեր բարեկամ լրագրող Արման Գալոյանն այսպիսի գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում.

- 2008թ. նախագահի ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընթանում էին շուրջօրյա հանրահավաքներ, դասադուլներ: Եվ այն ժամանակ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Զոլյանը բուհում անձամբ մտնելով լսարանները, ներկա-բացակա էր անում, որպեսզի դասախոսների ու ուսանողների մտքով չանցնի դասադուլ անել ու հայտնվել Ազատության հրապարակում: Բացակաների անուններն էլ հատուկ գրում էր, որպեսզի այդ ուսանողներով զբաղվի: Էլ չեմ ասում` մարտի 1-ից հետո նրա հայտարարությունների մասին: Այդ ամենին ականատես եմ եղել անձամբ, քանի որ ես այն ժամանակ աշխատում էի ԵՊԼՀ-ում` որպես դասախոս:

Իրավացի է կրտսեր գրչընկերս: Բրյուսովի անվան համալսարանը յուրատեսակ բռնապետական միջնաբերդի վերածած, այստեղ կոռուպցիային ու կաշառակերությանը զարկ տված, 1988-ից հրապարակներում «հավուր պատշաճի» ելույթներ ունեցող Սուրեն Զոլյանը հանկարծ դարձել է ընդդիմադիր, հանրահավաքի հարթակից ճառեր է ասում` անպայմանորեն այս ամենի տակ իբրև ենթատեքստ ունենալով իր պաշտոնանկությունը: Ճիշտ և ճիշտ այն «յալանչու» նման, որին հանդիսատեսները փող չեն տվել ու նա հիմա ծաղրաբար հիշատակում է փող չտվողներին:

Օգտագործելով հանրահավաքային հարթակը, Սուրեն Զոլյանն ուզում է յուրովի ռեաբիլիտացվել ու նաև իր բողոքը հայտնել իշխանություններից: Բայց այսպես կարող է հեղինակազրկվել, իմաստազրկվել պայքարը` վերածվելով «օբիժնիկների» ցուցահանդեսների:

Գուցե իշխանություններից նեղացած-վիրավորված է նաև նախկին կոմունիստ, նախկին ՀՀՇ-ական Վիգեն Խաչատրյանը, ով կուսշրջկոմի քարտուղարի պաշտոնից թռիչք կատարեց մարզպետի պաշտոնին` հետո էլ դուրս մղվելով իշխանության շարքերից: Հիմա ընդդիմադիր է ներկայանում, ժողովրդի պաշտպան: Հարթակին նրա հայտնությունն էլ որևէ աղերս չունի Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի հետ: Զարմանալին այն է, որ նման մարդիկ կարողանում են «ճիշտ կողմնորոշվել» պահի մեջ, կարողանում են գտնել տեղն ու արմատավորվել այնտեղ` այսպես իսկապես բալագանի վերածելով քաղաքական-հասարակական շարժումները: