«Հորդորում եմ` դադարեցրեք հացադուլը»


 

-...Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով` գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում` գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ: Ինչպես Դուք եք ասում` հնարավոր է նաև առողջական վիճակը շատ գերազանց չլինի: Որովհետև բանակցություններ` չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞: Չեմ տեսնում դրա արդյունքը, չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի այնտեղ, միայն պետք է գնայի մի նպատակով` մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում քաղաքական բառը) այլ ձևեր: Ես դա հիմա եմ անում` Րաֆֆի´ Հովհաննիսյան, հորդորում եմ` դադարեցրեք հացադուլը, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ: Գիտեք, բայց մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել, կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ: Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք, հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանադրության վրա, ապա … ապա … ապա … Ես երբեք, որևէ անգամ ի տարբերություն շատ-շատերի ո´չ կեղծ երդում եմ տվել, ո´չ կեղծ բարևներ եմ շռայլել, ո´չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո´չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Եվ ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ, որովհետև ես համարում եմ, որ ես հաղթել եմ ազնիվ պայքարում: Գոնե համակարգված որևէ բան չի եղել, որովհետև ես համարում եմ, որ այդ հարյուր հազարավոր մարդկանց վստահությունը պետք է արդարացնեմ, որովհետև ես համարում եմ, որ պատասխանատու եմ այս երկրի և ժողովրդի համար: Նախագահական ընտրությունները, այլ առիթներ պետք չէ օգտագործել և խոսել տղամարդկության մասին: Տղամարդկությունը կոնկրետ դրսևորում ունի: Տղամարդկության մասին ոչ թե պետք է խոսել, այլ պետք է տղամարդ լինել: Հայրենասիրության մասին շատ պետք չէ խոսել` պետք է հայրենասեր լինել: Եվ երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, դու պետք է կանգնած լինես իրադարձություն ների կիզակետում: Այդ ժամանակ դու իրավունք կունենաս մտածելու, այն էլ հազվադեպ, որ դու հայրենասեր ես: Եվ ոչ թե տեղին-անտեղի, թանկ ու էժան խոսել հայրենասիրության մասին, բարեպաշտության մասին, համերաշխության, ժողովրդավարության մասին: Ժողովրդավար պետք է լինել, այլ ոչ թե ներկայանալ: Հարցիս պատասխանը` ո´չ, չե´մ գնալու: Մի բան էլ հավելեմ` հաշվետվությունները հրապարակներում չեն տալիս: Գերակշիռ մասով հաշվետվությունները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե հրապարակներում: Մենք հրապարակներն էլ ենք օգտագործել: Մեկ տարվա ընթացքում ես այդպիսի հարյուրավոր հաշվետվություններ եմ տվել, եթե հաշվի առնենք խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական ընտրությունները: Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են լինելու: Մենք երբեք չենք խուսափել հանրահավաքներ կազմակերպելուց կամ հանրահավաքներում ելույթներ ունենալուց: Երբեք չենք խուսափել մարդկանց հետ շփվելուց: Ճիշտ է, իմ թերությունն է, որ չեմ կարողանում, չեմ հասցնում, ֆիզիկապես ի վիճակի չեմ գոնե մի 500-600 հազար մարդու ձեռքով բարև տամ: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր առավելությունները, իր թերություններն ունի:

Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ պատասխանը լրատվամիջոցներից մեկի հարցին