Հայազգի վրիժառուն ու պանծալի զավակը


Հայ վրիժառու, ազգի նվիրյալ Սողոմոն Թեհլերյանի անունը դեռ շատ սերունդների է հայրենասիրության դասեր տալու: Ծնվել է 1896թ ապրիլի 2-ին Դարանաղյաց Կամախ գավառի Վարի Բագառիճ գյուղում: Հայրը` Խաչատուրը, մայրը` Հնազանդը (Գաթրճյան Տեր-Հարությունի դուստրը) ունեցել են հինգ զավակ: 1905-1906 թթ. ձմռանը Սողոմոնը հաճախել է Երզնկայի բողոքականների վարժարանը: Հաջորդ տարի փոխադրվել է Երզնկայի վարժարան: Ուսման վերջին տարում, ուսուցիչների պակասի հետևանքով, գրեթե ամբողջ դասարանով տեղափոխվել են Կենտրոնական վարժարան, որտեղ և Սողոմոնն ավարտում է ուսումնառությունը: Նրա վերհիշումների առանցքը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթ փաշայի սպանությունն է: Պատճառն ամենքին է հայտնի: 1921 թ. Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին` Թալեաթ փաշային: Նույն տարվա մարտի 15¬ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921 թ. հունիսի 2¬ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում նրան: Վերջինիս պաշտպանում էին երեք դատախազներ, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիեմեյերն էր` օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից: Հայ վրիժառուի վերհիշումները ամփոփված են նրա «Վերհիշումներ. Թալեաթի ահաբեկումը» գրքում, որը գրի է առել Վահան Մինախորյանը: Մեջբերենք մի հատված` այդ գրքից. ՄԱՅՐԻԿԻՍ… Անհունի աղջամուղջին մէջ յիշատակդ իսկ թառամելու, առ յաւէտ կորսուելու գաղափարէն զարհուրած` փնտռեցի քեզ, մա?յր իմ ... Թափառեցայ երկրէ երկիր, անապատէ անապատ: Անցայ մեր տարաբախտ ու ավերակոյտի վերածուած հայրենիքի քաղաքներն ու գիւղերը, սարերն ու ձորերը ... Զուր եղան իմ բոլոր որոնումները ... Ամէն կողմ ամայութեան զար?հուրելի համայնապատկերը կը ներկայանար իմ աչքերում: Չկար այլևս այն կեանքը, եռ ու զեռը, դաշտերու հմայիչ երեոյթը, առուակ?ներուն կարկաչիւնը, թռչուններուն ուրախ զուարթ ճռուողիւնը… Բոլորը˜, բոլորը չքացեր էին արիւնոտ բորենիին գազանային բնազդին բաւարարութիւն տրուած ըլլալու հետեւանքով: Բուերու թագաւորութիւնն էր տիրապետողը հայրենիքին մէջ... Ամայութի˜ւն, ամայութի˜ւն ... Եփրատը անհանգիստ ու գժտուած էր ձեր խոշտանգուած դիակներէն իր անսկիզբ ժամանակներու ընթացքը խանգարուած ըլլալուն... Բողոքի ու ըմբոստութեան մռնչիւնները միայն կը լսուէին իր կոհակներէն: Ան եւս կ'ողբար իր անցեալը: Վճիտ ու յստակ ջուրերը ներկուած էին հայ մայրերու, երեխաներու, երիտասարդներու եւ ծերերու անմեղ արիւնով... Իր հոգին եւս վրդովուած էր հայ ցեղի ահռելի ողբերգութեան կենդանի վկան ու ականատեսը ըլլալուն համար ... Հեռաւոր եւ անծանօթ անապատները անողոք ու լուռ էին: Կարծես յագեցած լինէին իրենց հրկիզեալ աւազներուն վրայ ցրուած ոսկերոտի?քէն... Դառնօրեն ողբացի ի տես մարդկային պատմութեան մեջ տեղի ունեցած արհաւիրքներու այս ամենազարհուրելիէն: Տատանումներ ունեցայ մինչեւ յուսահատութեան անփառունակ ոլորտները տանող, բայց կսկիծը, ողբերգութեան ահաւոր տեսարանները ցնցեցին իմ հոգին, ուժ ու կորով ներշնչեցին ինծի` ապրելու, կեանքը շարունակելու մարմաջը պարտադրելով: Թերեւս անոր համար, որ առիթը ունենամ քեզի հանդէպ, մայր իմ, եւ քեզ հետ բիւրաւոր հայ մայրերու, որոնք խաչուե?ցան հայ գողգոթային վրայ, իմ` հայ զավակի` տարրական պարտականութիւնս կատարելու ... որեւէ ձեւով յաւերժացնելու յիշատակը թափուած արեան գետերու ... Դուն, մա˜յր իմ, որ կեանք տուիր ինծի, արտասուաթոր աչքերով համբուրեցիր զիս դառն զգացումով մը լեցուած, թէ այլեւս պիտի չտեսնւէինք. իրաւունք ունէիր: ճիշտ էր նոյնպէս քու հառաչանքը եւ արդարացի` «հազիւ մեծցուցի, թեւ առիր ու կը թռչիս կը հեռանաս ինձմէ»: Այո` հեռացայ: Այլեւս քեզ յաւիտեանս չտեսնելու պայմանով, բայց քու տուած կաթը, քու ունեցած մայրական անսահման գուրգուրանքը այնպիսի խոր արմատներ ձգած էին իմ հոգիի ալքերուն մեջ, որ մոռնալ այդ բոլորը, անտարբեր մնալ, մանաւանդ քու եղերական վախճանէն յետոյ, կարելի չէր… Այսօր, խորհրդապաշտ հաւատացեալի մը նման, ուզեցի «Անծանօթ մօր անյայտ գերեզման» մը կառուցանել իմ հոգիիս մէջ ու երկիւղածօրեն երկրպագել այդ կոթողին առջեւ, որպէս հնամենի բագինի մը… Ուզեցի, իմ հեթանոս աղօթքի խորհուրդները, միացուցած խունկի ու կնդրուկի բարումնաւէտ ծուխին, ցրուել ու հասցնել անհունի առեղծուածային բարձունքները, որպէս իմ սրտագին պաշտամունքը քու անմոռանալի յիշատակին, մա˜յր իմ, ինչպէս նաեւ հազար-հազար ողջակիզուածներուն, որոնք նահատակուեցան մեր ցեղի ազատագրութեան պայքարին համար ու անէացան առ յաւէտ` առանց հողակոյտի, առանց շիրիմի... ՍՈՂՈՄՈՆ Այս տարի ազգովի նշում ենք նրա ծննդյան 115 ամյակը: Այս առիթով «Վան-Վասպուրական», «Սողոմոն Թեհլերյան» և «Կարին» հայրենակցական հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին հոբելյանական հանդիսություն` նվիրված նրա ծննդյան 115 ու արդարահատույց գործողության 90-ամյակներին: Ցավոք սրտի այսօր մեր քաղաքում չկա Սողոմոն Թեհլերյանի անունով փողոց, դպրոց կամ պողոտա:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ