ԻՆՉՈՒ ԷՐ ՏԽՈՒՐ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ


«ԹԱՏՐՈՆ-X» հանրապետական փառատոնն էր առիթը, որ հյուրընկալվեցինք Կոտայքի մարզկենտրոնում: Արդյունաբերական երբեմնի այս կենտրոնն այնժամ զարմացնում էր իր նորոգ շենքերով, բարեկարգ փողոցներով, մշակութային հետաքրքիր առօրյայով: Անհնար է համեմատության եզրեր գտնել երկու տարբեր Հրազդանների միջև, անհնար է ցավով չհիշել շնչող ու ապրող քաղաքը: Հիմա կյանքով լի քաղաքի փոխարեն, կարծես ամայացած մի տարածք էր` գրեթե գյուղ հիշեցնող բնակավայր, ուր խախտվել են բոլոր ճարտարապետական համաչափությունները, փողոցներից շատերն անբարեկարգ են, անգամ` դժվարանցանելի: Քաղաքի ոչ բանուկ մի հատվածում է տեղակայված Դրամատիկական թատրոնը, որին բաժին է հասել նախկին շրջանային մշակույթի տունը: Թատրոնի շուրջբոլոր տարածված դատարկությունն ու վանող սառնությունն արդեն իսկ տպավորություն են փչացնում, անհետաքրքիր դարձնում անգամ ներկայացման ազդագիրը, որը նորույթ էր, ուշագրավ մի իրողություն, քանզի հրազդանցիները բեմադրել էին իր տեսակի մեջ եզակի միմոդրամա` նրա առանցք բերելով Մինաս Ավետիսյանին: Շենքի ներսում մաքուր էր. նկատելի էր, որ վերանորոգումն արվել էր դեռևս խորհրդային ժամանակներում, սակայն հոգատար տնօրենն ու աշխատակիցներն ամեն ինչ արել էին, որ մշակույթի օջախը գոնե փայլի մաքրությամբ: Սակայն` միայն մաքրությամբ: Հսկա դահլիճը, որում գերիշխողն ազգային ճարտարապետության տարրերն են, միանգամից վանում է հանդիսատեսին` սակավաթիվ նստելատեղերով, տարբեր տեղերից հավաքված աթոռներով, որոնց մի մասն էլ հարմար չէ նստելու համար: Եվ համատարած անհրապույր այս միջավայրին գումարվում է ցուրտը, որն ամենաանտանելին է: Ինչպես ողջ շենքը, այնպես էլ դահլիճը չեն ջեռուցվում, ուստի հանդիսատեսը ստիպված է դիմանալ այն ջերմաստիճանին, որն ավելի ցածր է, քան` դրսում: Մի խումբ տաղանդավոր ու նվիրյալ մարդիկ տարիներ շարունակ, սակայն, ցրտի պայմաններում ամեն ինչ անում են, որպեսզի շնչի ու ապրի Հրազդանի թատրոնը, որի թատերախմբում մի քանի պրոֆեսիոնալներ կան: Ներկայացումից հետո հավաքվեցինք տնօրենի աշխատասենյակում, ուր ավանդական վառարանն էր դրված… 21-րդ դարում, նախորդ դարի առաջին կեսի ավանդույթ ների համաձայն, այստեղ ծվարեցինք վառարանի շուրջ` փորձելով ջերմություն հաղորդել մեր ընդարմացած մարմիններին: Խոսեցինք ներկայացման հաջողությունների մասին` անզոր լինելով թաքցնել մեր հիասթափությունը մշակույթի օջախի հանդեպ որդեգրված վերաբերմունքից: Պարզվեց, որ այս դահլիճում, բացի ներկայացումներից, ոչ մի մշակութային միջոցառում չի կազմակերպվում, հյուրեկ արտիստների համերգները կայանում են բաց երկնքի տակ, որովհետև ոչ ոք չի կամենում մտնել մի դահլիճ, որտեղ բացակայում են հանդիսատեսին անհրաժեշտ տարրական պայմանները: Մարզային իշխանություններն, իհարկե, երբևէ չեն հիշում այս օջախի մասին, դույզն իսկ հոգ չեն տանում: Հավանաբար, նրա գոյության մասին մոռացել են: Մոռացել են նաև քաղաքի (որը ոչ թե սովորական բնակավայր է, այլ` մարզային կենտրոն) բնակչության գեղարվեստական պահանջմունքների մասին: Մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երբևէ ոտք չի դրել այս կառույց, այստեղ չի եղել նաև Հրազդանի քաղաքապետը ով գոնե պարտավոր էր լինել այնտեղ, քանի որ հենց քաղաքապետարանն իր բյուջեից պիտի միջոցներ տրամադրեր մշակույթի օջախի պահպանման համար: Չի´ տրամադրել: Եվ, գուցե, առաջիկայում էլ չտրամադրի, որովհետև տպավորությունն այնպիսին էր, որ հրազդանյան չինովնիկների համար մշակույթը «հավելյալ արժեք» է, անպետք կցորդ…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ