ՀԵՐԹԱԿԱՆՆ ՈՒ... ԱՆՀԱՋՈՂԸ


Դեռ չէին դադարել բուռն քննարկումները «Տաշիր» մրցանակաբաշխության շուրջ, երբ Հանրային հեռուստատեսությունը եթեր արձակեց «Արմենիա» մրցանակաբաշ խությունը, որը, ըստ հեղինակների մտահղացման, պիտի հակոտնյան լիներ գավառայնության «շքահանդես» դարձած «Տաշիրի»: Պիտի որ ցրեր այն տխուր տպավորութ յունները, որոնք ձևավորվել էին Կարապետյան Սամվելի նախաձեռնությամբ կյանքի կոչված հանդեսի ժամանակ: «Արմենիան», իհարկե, տարբերվեց «Տաշիրից». այստեղ շռայլ ու գեղցիական սնապարծությամբ փայլող մրցանակներ չեղան, հայ աստղերը բնակարաններ չստացան, Մարկ Սաղաթելյանը «չփայլեց» իր մաշված հումորներով ու վաղանցուկ կատակներով: Սակայն այստեղ էլ տիրապետողը նույն գավառայնությունն էր, այստեղ ևս գրեթե նույն դեմքերն էին, որոնք ասես հաստատում էին այն միտքը, թե` հայկական շոու-բիզնեսը շատ վաղուց մի քանի մարդու սեփականությունն է դարձել: Իհարկե, ի տարբերություն «Տաշիրի», այստեղ վերջապես հիշեցին նաև դասական արվեստն ու մրցանակ շնորհեցին ազգային օպերային թատրոնի առաջատար երգիչ Գևորգ Հակոբյանին, ով ոչ միայն մեր օպերայի, այլև Եվրոպայի լավագույն բարիտոններից մեկն է: Էլի ինչ-որ տարբերություններ եղան, մրցանակի արժանացավ նաև Վլադիմիր Սպիվակովը, ում ներդրումներն անչափ մեծ են մեր մշակույթում: Մրցանակի արժանացավ նաև Արմեն Սմբատյանը, ում մրցանակը հանձնելու համար բեմ բարձրացած Վլադիմիր Ժիրինովսկին մոտ 20 րոպե քաղաքական ելույթ ունեցավ, նորից շռայլ խոստումներով շլացրեց` ի վերջո խոստանալով հայերին նվիրել ողջ Անատոլիան և Մասիս սարը… Դահլիճում բուռն ծափահարություններ չեղան, որովհետև այնտեղ հավաքվածներից շատերը չգիտեն Անատոլիայի մասին, նրանց մի մասին Մասիսն էլ չի հետաքրքրում, ուստի Ժիրինովսկուն ընդունում ու ծափահարում էին այնպես, ինչպես կընդունեին Եվգենի Պետրոսյանին և կամ Միխայիլ Ժվանեցկուն… Հաղորդավարների անհամ կատակները շարունակելու պատիվը տրվեց Դմիտրի Խառատյանին և Սաթենիկ-Սատի Սպիվակովային: Նրանց «մեկնաբանություններից» այն տպավորությունն էր ստացվում, թե դեռ 1970-ական թվականներն են, թե դեռ գերիշխում են պարզունակ պատկերացումները հայերի ու Հայաստանի մասին: Թե´ նրանք, թե´ հաջորդաբար բեմ եկող մյուս հաղորդավարները ծաղրում էին հայերին, ամեն մի հումորի միջից այն միտքը բխեցնում, թե գործ ունեն քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող մի ժողովրդի հետ` իրենց «սրախոսությունները» համեմելով «փող չկա» արտահայտությամբ, որի ճշմարիտ իմաստը հասկացողները պիտի վիրավորվեին ու հեռանային դահլիճից: Բայց չէին հեռանում, որովհետև Կրեմլի պալատում նման մրցանակաբաշխության մասնակցելու համար նրանք ահռելի գումարներ էին ծախսել… Մրցանակաբաշխության ավարտին նորից մեր գիտակցության մեջ հնչում էր նույն հարցը. ինչու՞ Մոսկվայում, ինչու՞ ռուսերեն: Ի՞նչ են տալիս մեզ մոսկովյան այդ շքահանդեսները, որոնք իրենց ձևաչափով արդեն գավառայնության դրսևորումներ են: Ավելին, ծախսվում են հսկայական միջոցներ` այդպես էլ որևէ օգուտ չբերելով մեր երգարվեստին ու մշակույթին: Վլադիմիր Ժիրինովսկին կոչ էր անում ամերիկաբնակ և ռուսաստանաբնակ հայերին միջոցներ ներդնել Հայաստանի բարգավաճմանը: Իսկ հայաստանյան որոշ ցուցամոլներ մեր բյուջեի սուղ միջոցները նմանօրինակ միջոցառումների համար են ծախսում, հետո էլ հավաքվում մոսկովյան թանկարժեք ռեստորաններից մեկում և մինչև լույս իրար պատվի բաժակ բարձրացնում…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ