«ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ՀՈԳՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ»


Նշանավոր տենոր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԸ 1960-1980-ական թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առաջատար երգիչներից էր, ով կրում էր խաղացանկի ծանրությունը, հանդես գալիս հայ, ռուս և արևմտաեվրոպական օպերաների գլխավոր դերերգերով: 1981-ին հեռանալով ԽՍՀՄ-ից, նա աշխատեց տարբեր թատրոններում, դարձավ կոնսերվատորիական պրոֆեսոր: Այժմ նա Հայաստանում է և նշում է իր բեմական գործունեության 50-ամյակը: - Պարոն Միրաքյան, երեսուն տարի անց` Դուք Հայաստանում եք, Ձեր տանը: Ի՞նչ տպավորություն ստացաք Երևանից: - Ես հիացած եմ Երևանով, Հայաստանով: Ես մի քանի տարի առաջ էլ էի եկել, վարպետության դասեր անցկացրել այստեղ, սակայն օրավուր փոփոխվող Երևանը նոր տեսք է ստացել, առավել գեղեցկացել: Մեր քաղաքը միշտ էլ ԽՍՀՄ ամենագեղեցիկներից մեկն է եղել, զարմացրել իր վարդագույն սիմֆոնիայով, սակայն ես հիմա մի այլ Երևան տեսա, որը կարող է մրցել եվրոպական ցանկացած քաղաքի հետ: Հրաշք է Երևանը… - Դուք Հայաստանից հեռացաք 1981-ին, երբ հասել էիք փառքի գագաթնակետին: Խոստովանենք, որ այդ ժամանակ արդեն ճանաչված անուն էիք ողջ Խորհրդային Միությունում: Ուրեմն, տարօրինակ էր Ձեր հեռացումը: Արդյո՞ք կային քաղաքական «մոտիվներ»: - Եկեք ամեն ինչ չքաղաքականացնենք: Ես այլախոհ չեմ եղել, այսպես կոչված` դիսիդենտական բարդույթից հեռու եմ եղել, չեմ ունեցել ընդգծված հակասություններ տիրող կարգերի հետ: Չէի ասի, թե խանդավառությամբ էի ընդունում ամեն ինչ, թե տարված էի կոմունիստական գաղափարներով… Ես անգամ շնորհակալ եմ այդ կայսրապետությանը, որն ինձ հնարավորություն տվեց ստանալ անհրաժեշտ մասնագիտական կրթություն, վարպետության դասեր առնել նշանավոր Լա-Սկալա օպերային թատրոնում… Մեր օպերային թատրոնում էլ ես ինձ լավ էի զգում, շատ երիտասարդ հասակում` արժանացա Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: Ի դեպ, կոմունիստական իշխանությունները լավ էին հասկանում, որ օպերայի և բալետի արտիստները շուտ են հեռանում բեմից, ուստի հարկավոր էր նրանց գնահատել ճիշտ ժամանակին: Իմ հեռանալու պատճառներն այլ էին, որոնք քիչ էին առնչվում իմ ստեղծագործական գործունեությանը, սակայն մի ներքին խռովք կար իմ մեջ… Գուցեև կային ընտանեկան հարցեր… Չմանրամասնենք… - Ոմանք ժամանակին փորձեցին Ձեր հեռացումը բացատրել Օպերային թատրոնում տիրող բարքերով, նաև` այն հանգամանքով, որ Ձեզ հետ Լա-Սկալայում վերապատրաստման դասընթացներ անցած Վլադիմիր Ատլանտովն ու Մուսլիմ Մագոմաևն արդեն հռչակված անուններ էին, այսպես կոչված` «էլիտար երգիչներ», իսկ Դուք հայտնի էիք ոչ մեծ շրջանակներում… - Գիտեք, երբ մարդը հեռանում է մի երկրից և առիթ չի ունենում հրապարակային բացատրություններ տալու կամ էլ չի ցանկանում, ապա ոմանք դիմում են երևակայությանը… Ձեր հիշատակած հռչակավոր երգիչներն իմ լավ բարեկամներն էին, իմ արվեստակից ընկերները: Մենք բոլորս էլ հնարավորություն ունեինք մնալու Իտալիայում, երգելու փառաբանված թատրոնում, քանի որ մեզ այդ առաջարկություններն արվել են: Բայց մենք գնացել էինք ԽՍՀՄ-ից և պարտավոր էինք վերադառնալ, քանի որ մեր օպերային դպրոցն էլ առաջատարներից մեկն էր համարվում: Ինձ չէր անհանգստացնում նաև իմ ընկերների հռչակը, որովհետև ես էլ էի հանդես գալիս բազմաթիվ հյուրախաղերով, կատարում գլխավոր դերերգեր ԽՍՀՄ-ի բազմաթիվ օպերային թատրոններում, որոնց համար սպասված երգիչ էի: Մեր թատրոնում էլ բարքերն այնպիսին չէին, որոնք ստիպեին ինձ հեռանալ: Պարզապես գալիս է մի շրջան, երբ մարդն ուզում է փոխել իր միջավայրը, այլ զգացողություններ և տպավորություններ ունենալ: Մարդը միշտ փնտրում է այն հանգրվանը, ուր կգտնի հոգեկան հարմարավետություն: Ես զգում էի, որ հարկավոր էր սկսել մի նոր կետից, ամեն ինչ փոխել ու շրջել: - Դուք սերում եք նշանավոր տոհմից, թոռն եք բանաստեղծ Վահան Միրաքյանի, ում «Լալվարի որսը» պոեմը մեր գրականության դասական էջերից է: Ժառանգականությունը դեր կատարե՞լ է ձեր ստեղծագործական կողմնորոշումներում: - Այդ մասին չեմ մտածել: Սակայն, հավանաբար, ազդեցություններ եղել են: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ արվեստն ու գրականությունն առաջնային են եղել: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ մարդը ձևավորվում է: Այս իմաստով, ես իսկապես երջանիկ եմ եղել: Ես նկատել եմ, որ հատկապես հայ ընտանիքներում միշտ էլ կարևորվում է ժառանգականության խնդիրը, դառնում նշանակալի: - Երգիչ է նաև Ձեր որդին` Կարենը, ով հիմա քիչ է հանդես գալիս: Դուք դեր կատարե՞լ եք նրա կայացման մեջ: - Ես, ցավոք, գտնվելով հեռվում, շատ քիչ եմ կարողացել շփվել իմ որդու հետ, սակայն աշխատել եմ խորհուրդներ տալ, հեռվից օգնել… - Մի քանի օրից կնշվի Ձեր բեմական գործունեության 50-ամյակը: Հանդիսությունը տեղի է ունենալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի՞նչ զգացողություններով եք պատրաստվում հոբելյանին: - Ուրախ եմ, որ ինձ չեն մոռացել, պատրաստ են նշել իմ հոբելյանը: Իհարկե, հուզված եմ, նաև` ուրախ անչափ: Երբ մտա թատրոնի շենք, կարոտս կարծես փարատվեց, բայց հետո մի տեսակ օտարություն զգացի, որովհետև իմ սերնդակիցներից ոչ ոք չկար: Զարհուրելի տերևաթափ է ապրել մեր թատրոնը: Նաև` երգարվեստը: Ցավալի է… Ուրախ եմ, որ կա նոր սերունդ, որն անպայմանորեն տաղանդավոր է և տոկուն: Հանդիսության ժամանակ առիթ կունենամ հանդիպելու իմ շատ արվեստակից բարեկամների: - Առիթ ունեցա՞ք ծանոթանալու մեր օպերային թատրոնին, նրա երկացանկին: - Ցավոք, ես այնպիսի ժամանակ եմ եկել, երբ թատրոնում շատ քիչ են ներկայացումները: Երկացանկին ծանոթացա: Ոգևորված չեմ, չափազանց շատ են կորուստները: Նման երկացանկով դժվար է առաջնակարգ թատրոն համարվել, իսկ մեր թատրոնը միշտ առաջնակարգերի շարքում է եղել: Սակայն հուսահատված չեմ. սա անցումային շրջան է, որը կանցնի, քանի որ թատրոնում տաղանդավոր երիտասարդներ կան: Պետք է նաև թատրոն վերադառնան նրա առաջատար ուժերը, որոնք դեռ կարող են երգել, հարստացնել ավանդույթները: - Դուք, հավանաբար, հիշում եք «Ավանգարդ» թերթը: Ի՞նչ կասեք մեր ընթերցողներին: - Իհարկե, հիշում եմ: Ձեր թերթին ես ժամանակին հարցազրույց եմ տվել: Ուրախ եմ, որ թերթը կա, շարունակում է իր երկխոսություններն ընթերցողների հետ: Ամենալավն եմ մաղթում ընթերցողներին: Մաղթում եմ նաև հավատարմություն համոզմունքներին: Ես երբեք իմ համոզմունքներին չեմ դավաճանում, ապրում եմ իմ սկզբունքներով: Ուզում եմ, որ իմ հայրենակիցներին երբեք չլքի համոզմունքներով ապրելու գիտակցությունը: