Ճանաչում ենք մեր բանակը


Օրեցօր աճում և ավելի նկատելի է դառնում երիտասարդության կողմից բանակի նկատմամբ հետաքրքրությունն ու այն ճանաչելու մղումը: Մեր պաշտպանական կառույցը գնահատված արժեք է: Եվ արդեն «փորձարկված» իրողություն է, որ վաղուց ի վեր արժանիորեն բանակ-ժողովուրդ ամուր կապն ու փոխադարձ վստահությունն է կատարյալ բանակի հիմքը: Իսկ դրա գլխավոր նախապայմանն այն ճանաչելով` ունեցած թյուր պատկերացումներից ձերբազատվելն ու արդեն սեփական համոզմունքներով գնահատելն է: Հատկապես վերջին ժամանակներում երիտասարդության մի շրջանում ակնհայտ է ժողովրդի պատմությունը, հերոսական անցյալը, արժեքներն ավելի լավ ճանաչելու, գնահատելու մղումը: Բանակը ևս` որպես արժեք, մշտապես ուշադրության կենտրոնում է: Զորամասերի պայմաններին, զենքերին, զինվորների առօրյային ծանոթանալու, նրանց հետ անմիջական առնչվելու ցանկությունը հաճախ դառնում է ինքնատիպ նախաձեռնություն: Իսկ Պաշտպանության նախարարությունը պատրաստակամորեն ընդառաջում և աջակցում է` զորամասերում զինվոր¬հասարակություն կապերի սերտացմանը նպաստող ծրագրերին: Այս անգամ նախաձեռնողն «Անկախության սերունդ» ՀԿ¬ն էր, որը հաճախ է հայրենասիրական ոգի արթնացնող և կրթող միջոցառումների հեղինակ դառնում` ձգտելով հայրենիքն ավելի ճանաչելի ու սիրելի դարձնել: Անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀԿ¬ի իրականացնելիք տարբեր միջոցառումների մի մասի շրջանակներում նախատեսված են նաև այցեր` տարբեր զորամասեր: - Սա մեր` Պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացվող երկրորդ ծրագիրն է: Ինչո՞ւ որոշեցինք այցելել զորամասեր: Դա մեր պետության իրական ուժը ճանաչելու, երիտասարդին հայրենիքից չհեռանալու լավագույն միջոցներից է: Զորամասում պայմաններին ծանոթանալով, երիտասարդները մեծ ոգևորություն են ապրում, իսկ վախն ու անհանգստությունը փոխարինվում են վստահությամբ: Առջևում ունենք ևս 9 այցելություն: Վստահ եմ, որ ամեն անգամ ավելի ու ավելի կհամոզվենք, որ մեր բանակն ամեն օր բարգավաճում, զարգանում է ու հուսալիորեն պաշտպանում մեր երկիրը,¬ ասում է «Անկախության սերունդ» ՀԿ նախագահ Տիգրան Սաֆարյանը: Հյուրընկալ կողմը 2010¬ին լավագույնը ճանաչված տանկային զորամասն էր: Շրջելով ամբողջ տարածքով` երիտասարդները հանգամանորեն ծանոթացան զորանոցի, ճաշարանի, խոհանոցի պայմաններին, զինվորների առօրյային: Մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես զրահամեքենաների տեսքը, դրանց կիրառման եղանակները, կառուցվածքն ու առանձնահատկությունները բացահայտելը: - Նմանատիպ միջոցառումերի դերը մեծ է: Այսօր մեր հասարակության մի հատված բացասաբար է տրամադրված բանակի նկատմամբ: Իսկ հաճախակի այցելություն ների շնորհիվ վատ պատկերացումներն ու կարծիքները ցրվում են: Երիտասարդներն անձամբ ճանաչելով բանակը ավելի լավ են հասկանում դրա ծանրակշիռ դերն իրենց անվտանգության պահպանման գործում: Հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ յուրաքանչյուր զինծառայողից է կախված մեր հայրենիքի խաղաղությունը: Նմանատիպ միջոցառումները խիստ արդյունավետ են այս առումով,¬ համոզված է կապիտան Էդուարդ Տերտերյանը: Այցին մասնակցում էին նաև «Հայրենապաշտ» հայրենասիրական երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր ևս ռազմահայրենասիրական բնույթի բազմաթիվ միջոցառումների և ծրագրերի հեղինակ են: - Սա «Հայրենապաշտ» և «Անկախության սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունների համագործակցության սկիզբն է: Համատեղ ծրագիր էր, ծանոթացանք զորամասի պայմաններին և լավ տպավորություններով ենք վերադառնում: Հուսանք` նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն, քանի որ այս եղանակով ամրապնդում ենք բանակ¬հասարակություն կապը,¬ ասում է «Հայրենապաշտ» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Գրիգորյանը: Ինչպես Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բանակի 19-ամյա տարեդարձի` իր տոնական ուղերձում շեշտել էր. «Անհրաժեշտության դեպքում համազգային բանակի ստեղծումը սոսկ գաղափար չէ, այլ հստակ մշակված և միանգամայն իրագործելի ծրագիր»: Իսկ բանակ¬հասարակություն կապը և պաշտպանական կառույցի նկատմամբ վստահությունն ամրապնդող յուրաքանչյուր միջոցառում ևս մի փոքրիկ քայլ է այդ ճանապարհին: Ի վերջո` բանակը ճանաչելը, սիրելն ու գնահատելը յուրաքանչյուրիս պարտքն է: