ԽՈՒՃԱՊՆ ԱՌԿԱ Է


Ամերիկյան վերլուծական կենտրոնները Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի և այժմ բոցերով բռնկված այլ երկրների շարքում, իբրև հնարավոր հեղափոխության նոր օջախ, անվարան մատնացույց են անում նաև Ադրբեջանը: Դրանում որոշակի տրամաբանություն կա: Նախ, շատ հավանական է, որ հեղափոխությունների այդ շարքը հրահրվել է հենց ԱՄՆ-ից: Ուստի ամերիկյան վերլուծաբաններն ավելի լավ են տեղյակ իրենց կառավարության գաղտնի մտադրություններին և քաղաքական վերլուծության անվան տակ, միգուցե նույնիսկ` սեփական կառավարության հրահանգով, ուղղակի նախապատրաստում են իրարահաջորդ խառնակությունները այս կամ այն երկրում: Այդ կերպ նրանք համաշխարհային հանրությանն աստիճանաբար ընտելացնում են հերթական քաղաքական փոթորիկին: Նկատենք` այն երկրներով, որոնցով անցել կամ անցնելու միտումներ է ցուցաբերում այդ յուրահատուկ քաղաքական ցունամին, բոլորն էլ իսլամադավան են: Այդ երկրները նաև նավթ ունեցող երկրներ են: Ուստի զուր չէ, որ շատերն այս հեղափոխություններն անվանում են «նավթային»: Հաջորդ ընդհանրությունն այն է, որ բոլորում էլ կառավարող կլանները իշխանության ղեկին են վերջին 20-40 տարիներին: Ընդսմին, անխտիր բոլորն էլ շատ հեռու են ժողովրդավարական ազատությունների, մարդու իրավունքների, սոցիալական արդարության տարրական ըմբռնումներից: Այդ երկրների «տիրակալների» ծանր շքի տակ աճել է կյանքի 4-րդ տասնամյակը թևակոխած միանգամայն նոր մի սերունդ, որը բացի իր մշտական ղեկավարներից, ողջ գիտակցական կյանքում ուրիշ ոչինչ չի տեսել: Մարդիկ, մանավանդ երիտասարդները, հոգնել են միշտ միևնույն դեմքերը տեսնելուց, փոփոխություններ են տենչում: Ահա ինչու հիշյալ հեղափոխությունները նաև «երիտասարդական» են կոչում: Մանավանդ` աճող սերունդն իր վիճակից առանձնապես գոհ լինելու պատճառ չունի. գործազրկությունն ահռելի չափերի (մինչև 40 տոկոսի) է հասնում, մասնագիտական կամ պաշտոնեական առաջընթացի հույսեր չկան, հնարավորության դեպքում մարդիկ զանգվածաբար հեռանում են իրենց հայրենիքներից... Նշյալ ընդհանրությունները լիովին բնորոշ են նաև Ադրբեջանին: Սա էլ իսլամադավան է, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաքուն երկար ժամանակ կապեր էր պաշտպանում իսլամ ահաբեկիչների հետ, մոլեռանդ իսլամ գրոհայինների ջոկատներ էր օգտագործում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ մղած իր ագրեսիվ պատերազմում: Ադրբեջանը, հեղափոխական երկունքներով բռնված մյուս պետությունների նման, նույնպես նավթ արդյունահանող ու արտահանող երկիր է: Ընդսմին, «սև ոսկի» ունեցող անխտիր բոլոր պետությունները (օրինակ` Սիրիան) տարիներ շարունակ ձգտում են թաքցնել սեփական նավթային պաշարների իրական չափերը: Ոմանք նույնիսկ հավատացնում են, թե ամենաշատը 30-40 տարի հետո նավթահորերից այլևս ոչինչ չի ստացվի, մոլորակի վրա այդ էներգակիրը, իբր, կսպառվի: Կեղծի´ք է: Շատ մասնագետների գնահատումներով` առնվազն 150-200 տարի նավթը մեր մոլորակի դեռ չի´ սպառվի: Էներգակիր ունեցող պետություններն ուղղակի այդպես են ասում, որովհետև նավթն իրոք գնալով պակասում է, և նրանք վստահ չեն, թե առաջիկայում կկարողանան այն հուսալիորեն պաշտպանել հնարավոր հափշտակիչներից: Հետխորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն այդպիսի զգուշավորությամբ երբեք աչքի չի ընկել: Հակառակը, անհարկի ուռճացրել է սեփական նավթա-գազային պաշարները: Այս տղեկային պարծենկոտությունը հուշում է, որ հայր ու որդի Ալիևները չեն գիտակցել, թե սեփական նավթով հզորների ախորժակը գրգռելը որքա˜ն վտանգավոր է` առաջին հերթին իրե´նց համար: Տարիներ առաջ, Բաքու-Ջեյհան նավթամուղի հիմնարկեքի ժամանակ, հայր-Ալիևը երջանիկ, հիմարավուն ժպիտով հայտարարում էր, թե «այստեղով հոսելու է ոչ թե նավթը, այլ քաղաքականությունը»: Բայց հենց այն պահին էլ պարզ էր, որ Հեյդար բաբան չի հասկանում` ամենևին էլ պարտադիր չէ, որ նավթամուղով հոսող քաղաքականությունը Ադրբեջանի օգտին լինի: Բուն Ադրբեջանում մարդիկ մինչև կոկորդը կշտացել են ալիևյան կամ ինչպես իրենք են ասում` նախիջևանյան կլանի կառավարումից: Արդեն 5-րդ տասնամյակն է, ինչ ադրբեջանական ժողովուրդը ստիպված է հպատակվել սկզբում հոր, ապա` որդու բռնակալությանը: 4 միլիոնից ավելի մարդ արդեն երկրից ընդմիշտ հեռացել է կամ մեկնել արտագնա աշխատանքի, մնացողների մեծ մասի սոցիալական վիճակն էլ աղետալի է, ինչը սկսել է նյարդայնացնել նաև այս աշխարհի հզորներին: Նրանք, թերևս, ամենևին դեմ չէին լինի Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում տեսնել մի ավելի խոհեմ ու սթափ գործչի: Եվ եթե գտան` անպայման կաջակցեն, որ Հեյդար բաբայի բթադեմ զավակը գահընկեց արվի: Կասկած լինել չի կարող, որ այդպիսի սցենար, առ ի դեպս, վաղուց արդեն մշակված է: Ե՞րբ գործի կդրվի և կդրվի՞, արդյոք` դժվար է ասել: Բայց որ Ադրբեջանի նախագահի մերձավոր շրջապատը հաշվի է առնում այդպիսի հնարավորությունը` ակնհայտ է: Ահա ինչու Բաքվում այդքան հիվանդագին ընդունեցին այն փաստը, որ վերջերս Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների ավելի քան 20 բարձրաստիճան դիվանագետ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում հանդիպեց կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ: Շունը` շնից, երկուսը` մի տնից, ասում է մեր ժողովրդական առածը: Հազիվ թե Ղամբարը կամ Քերիմլին, իշխանության գալու դեպքում, որևէ չափով Հեյդարօղլուց ավելի ընդունելի գործիչներ լինեն: Բայց հարցն այն է, որ Արևմուտքը, ըստ երևույթին, սկսել է Հեյդարօղլուն փոխարինող գտնելու փնտրտուքը: Ահա ինչու եվրոպացի դիվանագետների հետ ադրբեջանական ընդդիմության ղեկավարների հանդիպումն այդքան զայրացրել էր Ադրբեջանի ԱԳՆ-ին, Միլլի Մեջլիսի իշխանամետ պատգամավոր ներին, նաև Հեյդարօղլու աշխատակազմի պաշտոնատարներին: Նրանք տարբեր մակարդակներով անզուսպ հայտարարություններ արեցին, պահանջեցին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»: Նույնիսկ սպառնացին` տվյալ հանդիպմանը մասնակցած դեսպանների ներկայացրած երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների վատացմամբ` այդ դեսպաններին Ադրբեջանում «անցանկալի անձ» հայտարարելով... Այս հիվանդագին արձագանքը, թերևս, ամենից ավելի դիպուկ է բնութագրում Բաքվի վերին խավերում տիրող խուճապային տրամադրությունները:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ