Ազատության նյութական խորհրդանիշ


 

ԱՄՆ-ի քաղաքային բնակավայրերում նոր ու բավական տարօրինակ «շարժում» է մեկնարկել: Տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ ԱՄՆ-ի շուրջ 200 հազար քաղաքաբնակներ սկսել են հավեր պահել:

Սակայն, ինչպես պարզվում է, այսպես կոչված քաղաքային գյուղատնտեսությունը նորություն չէ ԱՄՆ պատմության մեջ: Այս երևույթն ավելի խորն արմատներ ունի: Մինչև 1950-ական թթ ընտանի կենդանիներ էին պահում անգամ առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ, նույնիսկ նախագահներ: Ի դեպ` հողագործական աշխատանքն ի սկզբանե ամերիկացիների համար ազատության նյութական խորհրդանիշ է համարվել, ինչը նաև կրոնական հիմք ունի: Ըստ ամերիկացիների` Նոր կտակարանի համաձայն` սուրբ հայրերը զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ: Իսկ քաղաքային բնակավայրում ապրելն ի սկզբանե մեղք է համարվել: Այսօր հատկապես մի շարք աղանդների հետևորդներ բացառապես ապրում են գյուղական բնակավայրերում, ծայրահեղ դեպքում` քաղաքատիպ ավաններում: Այս ամենից զերծ չի մնացել նույնիսկ առաջին տիկինը: Ավելին` հենց Միշել Օբաման է շատերի համար օրինակ ծառայել` Սպիտակ տան բակում բանջարանոց մշակելով: Սա իհարկե խորհրդանշական բնույթ է կրում: (Միամտություն է կարծել, որ առաջին տիկնոջ գումարը չի բավականացնում գնումների համար): Ինչպես երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ռուզվելտի տիկնոջ դեպքում էր, ով ևս Սպիտակ տան հարակից տարածքն այդ նպատակով էր օգտագործում: Առաջին տիկնոջ օրինակին պատերազմի տարիներին հետևեց շուրջ 20 մլն. ընտանիք, իսկ մեր օրերում Միշել Օբամայի օրինակը վարակիչ դարձավ 5 մլն ընտանիքների համար: Վերջինս բավական հոգատար է նաև ճագարների և մեղուների նկատմամբ:

Այսպես, այսօր արդեն շատերն են ձգտում կենդանիներ պահել: Եվ իրենց ցանկությունն իրականացնում են օրենքի շրջանակներում: Միչիգանի քաղաքներում յուրաքանչյուր ընտանիքի 4 հավ է բաժին հասնում, Մոնտանայում` 6: Իսկ ահա Նյու Յորքի քաղաքային իշխանությունները թռչնազգիների թվի որևէ սահմանափակում չեն դրել: