Բեմասեր Ֆիլյան


 

Լավ է, որ ճշմարիտ հավատացյալներն այսքան նախանձախնդիր են ու տաճարում աշխարհիկ անփությունը չեն հանդուրժում: Բայց այս արձագանքը կարծես նաև հուշում է մարդկանց վերաբերմունքը Ֆիլիպ Կիրկորով երևույթի հանդեպ:

Ո՞նց կարող էր Ֆիլիպը բեմ տեսնել ու անտարբեր մնալ: Եթե նույնիսկ դա եկեղեցու բեմն է, որտեղ հոգևորականներից բացի ուրիշ ոչ ոք, նույնիսկ Կիրկորովն անելիք չի կարող ունենալ: Բայց սիրագորով հայրիկ Ֆիլյան Ալլա-Վիկտորիա դստրիկի մկրտության ծիսակարգից հետո« տաճարի ամբոնից դիմել է արարողությանը ներկա իր ընկերներին` շնորհակալություն հայտնելով և ավետելով, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է:

Եկեղեցու ներկայացուցիչներն այդ մասին իմացել են մեկ շաբաթ հետո, և ավագ երեց Վսեվոլոդ Չապլինն այդ ելույթը համարել է սխալ:

- Երբեմն աշխարհիկները բեմ բարձրանում են` հատուկ օրհնության համար: Օրինակ, ամենաարժանավոր աշխարհականներին երբեմն բեմի վրա հանձնվում են եկեղեցական պարգևներ: Որոշներն էլ, դիցուք հոգևոր դպրոցների ուսանողները բեմից քարոզ են հնչեցնում: Բայց այդ պարոնին ես բեմ չէի հրավիրի,- Վ. Չապլինի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:

Սա դեռ ոչինչ: Բայց դիակոն Անդրեյ Կուրաևն իր բլոգում հայտարարել է, որ նորածին Աննա-Վիկտորիայի ծնողներին հարկավոր է «հեռացնել եկեղեցուց»` փոխարինող մոր (սուռոգատ) ծառայությանը դիմելու համար:

- Այդպիսի ծնողներին հարկավոր է ոչ թե շնորհավորել, այլ ապաշխարեցնել ու մի քանի տարով վռնդել եկեղեցուց,- գրել է Կուրաևը և հավելել.

- Իհարկե, հարկավոր էր Կիրկորովին բարեկրթորեն իջեցնել բեմից. իր հյուրերին իր խոսքը թող ասեր ոչ թե եկեղեցական ավետման տեղից, այլ սպասեր ճաշասեղանին: