Ես` մենք ենք, հաղթենք


 

Իր գոյության ընթացքում որդեգրած սկզբունքների, գաղափարախոսության, քաղաքական հավասարակշիռ պահվածքի շնորհիվ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն արդարացիորեն վստահություն է վաստակել: Ասվածի լավագույն ապացույցը մեր զրուցակիցների հնչեցրած կարծիքներն են:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ. բանաստեղծ.

- Արամ Սարգսյանը չվարկաբեկված այն քիչ գործիչներից է, ում ես վաղուց եմ ճանաչում: Նրա սկզբունքային նկարագիրը երբևէ չի փոխվել իմ աչքին և շատերի համար: Շատ կուզենայի, որ նա ամեն դեպքում հասներ Ազգային ժողով, որովհետև հանձին նրա այնտեղ կունենանք մի ազնիվ, շիտակ ու մտահոգ մարդ: Ակնկալիքներ անպայման ունեմ:

Իսկ ընտրություններին չմասնակցելն ի նպաստ նրանց է, ովքեր պատրաստ են գումարներ տալով, ձայներ կորզելով հասնել իրենց նպատակին: Ես խորհուրդ կտայի անտարբեր չլինել, որովհետև դա ի օգուտ նրանց է, ում դեմ իրենք ուզում են պայքարել: Յուրաքանչյուրը պիտի գնա և ընտրի այն ուժին, ում ինքը նախընտրում է: Դրանով նա իր ձայնը կփրկի:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Ես կողմնորոշվել եմ վաղուց: Ձայնս տալու եմ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը: Ակնկալիքները շատ մեծ են, հատկապես գիտության և կրթության ոլորտում ծրագրված բարեփոխումների առումով: Ծանոթ եմ ծրագրի հատկապես այդ դրույթներին: Համոզված եմ` մեծ ուշադրության կարժանանան այս ոլորտների խնդիրները, քանզի առանց գիտության անհնար է բարեկեցիկ կյանք կառուցել: Անձամբ ճանաչում եմ Լենսեր Աղալովյանին` որպես սկզբունքային մարդ: Մնացած ուժերի հետ, անկեղծ ասած, ոչ մի հույս չեմ կապում: Ի՞նչ են ուզում: Նոր դղյակնե՞ր կառուցել:

Հրանտ ԳՐԻԳՈՐՅԱՆ. մանկավարժ, 59 տ.

- Կողմնորոշված եմ իմ ընտրության մեջ: Ձայնս տալու եմ այս կուսակցությանը: Սպասելիքները մեծ են: Լսել եմ Արամ Սարգսյանի ելույթը, համոզված եմ, որ մյուսների նման դատարկ խոստումներ չի տալիս: Որովհետև իրեն ճանաչում եմ վաղուց, դեռ այն ժամանակվանից, երբ թերթի խմբագիր էր: Համոզված եմ` նա չի փոխվել:

Ընտրություններին չմասնակցելը սխալ վերաբերմունք է: Անկախ ամեն ինչից` քաղաքացին պետք է իր քաղաքացիական պարտքը կատարի:

Սերգեյ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ինժեներ-մեխանիկ, 59 տ.

- Կիսով չափ կողմնորոշված եմ: Արամ Սարգսյանին ճանաչում եմ որպես պարկեշտ մարդ: Ծանոթ եմ նաև ծրագրերին, իսկ դա արդեն բավական մեծ հիմք է` կողմնորոշվելու: Պատահական չես կարող որևէ քաղուժի նախընտրական քարոզարշավին մասնակցել` եթե չես համակրում այդ կուսակցությանը: Այնքա˜ն խնդիրներ ունենք: Ակնկալիքներս շատ մեծ են: Ժողովրդի վիճակը պիտի փոքր-ինչ բարելավվի: Բացառապես բոլոր բնագավառներում անելիքներ կան, առավել ևս` առողջապահության և կրթության ոլորտներում:

Խաչատուր ՎԱՐԴԱՆՅԱՆ. ինժեներ-մեխանիկ, 66 տ.

- Բնականաբար կողմնորոշվել եմ արդեն, թե ում պետք է ձայնս տամ: Սա միակ կուսակցությունն է, որ իրոք ապագա ունի: Մենք արդեն տեսանք լիբերալ գաղափարախոսության արդյունքները 20 տարվա ընթացքում: Այս կուսակցության գաղափարախոսությունը սոցիալիստական է, հետևաբար` մարդկային: Ես գտնում եմ, որ սա հայ ժողովրդի համար միակ ճիշտ ուղին է: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն երևույթը, որ մի խումբ մարդիկ տիրացել են երկրի ողջ հարստությանը, մյուսներին թողել կիսաքաղցած: Իսկ սոցիալիստական գաղափարախոսությունը չափազանց մարդկային է: Ինձ համար համակրելի են այս կուսակցության ծրագրային դրույթները, հատկապես այն կետերը, որ ռազմավարական կարևոր օբյեկտները պետությունն իր ձեռքը պիտի վերցնի: Շուկան պետք է լինի ոչ թե վայրի` ինչպես այսօր կա, այլ պետությունը պիտի կարգավորիչ դեր կատարի: Արամ Սարգսյանը բարոյական նկարագիր ունի: 20 տարիների ընթացքում նա արդեն ապացուցել է իր մարդկային արժանիքները: Փաստենք, որ նա միշտ ընդդիմադիր կեցվածք է ունեցել: Լինելով նախագահի խորհրդական (Ռ. Քոչարյանի ղեկավարման ժամանակ), որոշ ծրագրերի հետ համաձայն չլինելով, դեմ դուրս եկավ և դրանով իրենց հարաբերությունները խզվեցին: Իսկ այդպիսի քայլի ոչ բոլորը կարող էին դիմել:

Լյուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ.

«Էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր

- Կողմնորոշված եմ: Ծրագրին ծանոթ եմ և ընկերներ ունեմ այստեղ: Ինձ համար համակրելի կուսակցություն է: Մեր քաղաքական ոլորտում մի բան է ինձ անհանգստացնում: Ընդհանրապես շարունակաբար նույն դեմքերն ենք տեսնում: Ես շատ եմ ուզում, որ երիտասարդները, նոր սերունդը գա առաջ և նոր գաղափարներ ու եռանդ բերի: Բայց Դեմոկրատական կուսակցության ծրագիրը համակրելի է: Իմ կարծիքով` ամեն ընտանիք այնպես պիտի կառուցի ընտրելու իր մեխանիզմը, քաղաքականությունը, որ հնա-րավորություն տա հնարավորինս շատ կուսակցություններ լինեն խորհրդարանում: Ոչ թե մեկ-երկուսը գերիշխեն և թելադրեն: Գտնում եմ, որ ընտրողները պիտի կամավոր տեղ տան այն կուսակցություններին, որոնք զանազան քայլերով չեն փորձում ընտրողների բանակ հափշտակել: Կուզենայի` ընտանիքի անդամներից ամեն մեկը մի քաղուժի ձայն տար: Թող գան բոլոր 8 կուսակցությունները, թող բանավեճ լինի, մենք ինքներս` ընտրողներս պիտի օգնենք, որ մենաշնորհ չլինի Ազգային ժողովում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ