ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ


 

Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից մի քանի օր է անցել, սակայն հանրության լայն շրջաններում և մամուլի էջերում շարունակվում են քննարկումները, արվեստասերները հերթական անգամ իրենց դժգոհությունն են հայտնում այս միջոցառումից, որը նպատակ ուներ ներկայացնել մեր երաժշտության այսօրը, առանձնացնել արժանավորներին: Այնքան մեծ է հիասթափությունը, որ անգամ դժվարությամբ ենք կամենում շնորհավորել մրցանակակիրներ Սոնա Շահգելդյանին և Էրիկ Կարապետյանին, ովքեր ճանաչվեցին տարվա լավագույն երգիչներ: Ինչպես հաճախ, այս անգամ ևս մրցանակաբաշխության կազմակերպիչները դահլիճում հավաքել էին «էլիտար զանգվածի»` դուրս թողնելով երաժշտության մեջ մեծ ձեռքբերումներ ունեցող անձանց, արվեստի ճանաչված ներկայացուցիչների: Ազգային մշակութային «բոմոնդը», ըստ կազմակերպիչների, պարփակվում է մի քանի անունների շրջանակներում, ովքեր էլ այսօր կարծես դարձել են մեր ճաշակի ու գեղագիտական ընկալումների թելադրողները: Արհամարհանքը մյուսների հանդեպ առավել քան տեսանելի էր: Բայց ամենամեծ արհամարհանքին արժանացան լրագրողները, ում հավատարմագրել ու տվել էին անցաթղթեր, որոնց վրա գրված էր. «Տվյալ անցաթղթով արգելվում է մուտքը դահլիճ և ետնաբեմ: Ուժի մեջ է 15 ապրիլի, 2012 թ.»: Այսինքն, լրագրողները կարող էին օգտվել միայն օպերայի և բալետի թատրոնի զուգարանից և ճեմասրահից` գուցե զուգարանի «մշակութային մթնոլորտում» էլ լսելու և գնահատելու երգիչ-երգչուհիներին: Նշենք, որ դահլիճում չէին այնպիսի ճանաչված երգիչ-երգչուհիներ, ինչպիսիք են` Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արսեն Սաֆարյանը, Հայկոն, Արսեն Գրիգորյանները, Ալլա Լևոնյանը, Լեյլա Սարիբեկյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, Զարուհի Բաբայանը, Մհերը, Արամեն, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ֆորշը, Անդրեն, ուրիշներ: Ուրեմն, հիմնականում ներկա էին «երրորդ էշելոնի» ներկայացուցիչները, իսկ անվանիների բացակայությունը շատերի համար մտորումների առիթ դարձավ:

Ողջ միջոցառման ընթացքում կուլիսներից լսվում էին աղմուկ, խոսակցություններ, բեմը սպասարկող բանվորների կանչերը: Կատարյալ «կակաֆոնիա», որը խառնվում էր կատարողների և խոսք ասողների ձայներին` միջոցառումը վերածելով անբացատրելի աղմուկի: Իհարկե, կազմակերպիչները նաև հաշվի չէին առել, որ ստիպված են մարդկանց դահլիճում պահել ժամը 20.30-ից մինչև գիշերվա 2-ը, ինչն էլ ահավոր հոգնեցուցիչ էր, ավելի էր լարում ներկաների նյարդերը: Սա նշանակում է, որ մեզանում դեռևս չկա «ուղիղ եթերի» մշակույթը: Ի դեպ, բոլոր մրցանակակիրները, ստանալով իրենց մրցանակները, հեռանում էին դահլիճից. հավանաբար նրանց համար ևս տեղեր չէին նախատեսել:

Որոշակի տարակույսներ ծնեցին նաև որոշումները` մրցանակների շնորհման մասին: Իհարկե, Սոնա Շահգելդյանի և Էրիկ Կարապետյանի դեպքում տարակույսներ կարող էին չլինել: Իհարկե, Էրիկը դեռևս լուրջ անելիքներ ունի երգարվեստում, սեփական վարպետության հղկման հարցում. նրան հաճախ են մեղադրում, որ աղավաղում է շատ երգեր, ավելորդ մելիզների շահարկմամբ խոտորում մեղեդային համակարգերը: Տարակուսելի էր այն, որ հատուկ մրցանակի արժանացան Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ ու «Գոհար» նվագախմբերը: Առաջինի դեպքում, անպայմանորեն, կարևորվել էր նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի հոր` Արմեն Սմբատյանի գործոնը, երկրորդի դեպքում` Սփյուռքում ապրող Խաչատրյան ընտանիքի գործոնը:

Ինչևէ. մի կողմ թողնելով համաձայնություններն ու անհամաձայնությունները, այնուամենայնիվ հարցնենք, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում ներկայացվածները, ովքե՞ր են որոշում անվանակարգերը: Հենց սկզբունքներն են կարևորը, որոնց մասին տարիներ շարունակ լռում են կազմակերպիչները: Ինչո՞ւ որևէ տեղ չի հիշատակվում մասնագիտական հանձնախմբի կազմը, ինչո՞ւ մինչև մրցանակաբաշխությունը չեն հրապարակվում թեկնածուների անունները: Ի վերջո, ովքե՞ր են ընդունում հայտերը, ինչ չափորոշիչներով: Եթե չափորոշիչները պարզ լինեին, ապա «2011 թվականի լավագույն ջազային նախագիծ» անվանակարգում մրցանակ չէր ստանա ArΗeniΖn NΖvy BΖnd խումբը, որը շատ վաղուց հեռացել է ակտիվ համերգային և ստեղծագործական գործունեությունից և միայն մասնակցում է տարբեր երկրներում դեպքից-դեպք կազմակերպվող տարբեր ցուցահանդեսների: Եթե մասնագիտական հանձնախմբի կազմը հայտնի լիներ, կարող էին նրան ասել, որ «Տարվա լավագույն սաունդրեկ» անվանակարգում սխալ էր ընտրված թեկնածուն, որովհետև սաունդրեկ` նշանակում է ֆիլմի համար գրված երաժշտություն, բայց ոչ թե երգ, որը կատարվում է ֆիլմում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ