Գողերը` խորհրդարանում


 

Վերջին տասն ամսում չորս տակառիկ գարեջուր, մի շիշ շամպայն, պատվո շքանշան, նաև` 10 նոութբուք, 2 սմարթֆոն և բանկի քարտ է հափշտակվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքից: Ու սա ամբողջական ցանկը չէ այն իրերի, որոնք բրիտանական իշխանական համակարգի սիրտը համարվող կառույցից անհետացել են:

Վերջերս Վեստմինստերյան պալատում կատարված` անհետ կորած իրերի հաշվառումը փաստել է, որ հափշտակիչները չեն խորշել նույնիսկ հեծանիվների նորոգման գործիքներ, ակնոցներ, թարմ ծաղիկների ձևավորումներ թռցնել: Պատգամավորների ու նրանց օգնականների կորցրածներով զբաղվել է խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, որն ստեղծվել էր լեյբորիստ Կիտ Վազի հարցապնդման արդյունքում: Վերջինս աշխատավայրում կորցրել էր նոութբուքը և հարթէկրան համակարգիչը:

- Ես ցնցում ապրեցի, իմանալով, որ միայն վերջին 3 ամիսների ընթացքում երկրի ամենապաշտպանված շենքերից մեկում արձանագրվել են գողության ավելի շատ դեպքեր, քան 2011-ի առաջին կիսամյակում: Բացահայտ է, որ Վեստմինստերյան պալատում գործում է գողերի խումբ, և մեծ հույս ունեմ, որ ոստիկանությունը կարճ ժամկետում կկարողանա դրան վերջ դնել: Շենքը դրսից պաշտպանելու համար հսկայական ջանքեր են ներդրվում, բայց ամենայն հավանականությամբ մեզ անհրաժեշտ է անվտանգությունն ուժեղացնել ներսից,- ասել է Վազը:

Եվ իսկապես, չնայած պալատի ուժեղացված հսկողությանը, խորհրդարանի բարից նույնպես կորուստներ են արձանագրվել: Ու հիմա ճշգրտվում են` վերը նշյալ գարեջրի տակառիկները լի՞քն են եղել, թե՞ արդեն դատարկված: Դատարկ տակառիկներն էլ կարող էին ցանկալի ավար դառնալ. ալյումինե այդ տարաները որոնված են գունավոր մետաղաջարդոն հայթայթողների համար (տեղեկացրել է «Վեստի.ru»-ն):