ԱՂՔԱՏԱՑԵԼ Է


 

Ընտրությունները հրաշալի առիթ են, որպեսզի հանրությունը գոնե մոտավոր տեղեկություններ ստանա մեր քաղաքական գործիչների ունեցվածքի, ֆինանսական ձեռքբերումների մասին: Իհարկե, այդ հայտարարագրերը փաստում են, որ շատերն են խախտում ՀՀ Սահմանադրությունը, որ լինելով քաղաքական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ` շարունակում են զբաղվել գործարարությամբ: Բայց երևի օրենքները նրանց համար չեն, երևի այդ օրենքները գրվում են, որպեսզի հենց իրենք խախտեն:

Դիցուք« ՕԵԿ առաջնորդ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ունեցվածքի մասին հայտարարագիրը հուշում է, որ օրենքների երկիր կառուցող մարդը ևս խախտում է օրենքները, զբաղվում գործարարությամբ: Իհարկե, մեր ամենաերիտասարդ օլիգարխներից մեկը վերջին մեկ տարում ոչ թե հարստացել, այլ փոքր-ինչ աղքատացել է: Ինչպես նշել է հայտարարագրում Արթուր Բաղդասարյանը, վերջին հինգ տարիներին նրա դրամական միջոցները նվազել են, բայց դա չի նշանակում, թե նա սնանկացել է: 2007 թվականի ընտրություններից հետո նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք, դարձել է «Հայասա» ձեռնարկության սեփականատեր: ԱԽ քարտուղարն այժմ ունի 215,3 ք/մ մակերեսով բնակարան` Երևանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաև ավտոտնակ` 34,8 ք/մ մակերեսով: Եթե ամենասուղ հաշվարկներն անենք, ապա կարող ենք ասել, որ այդ բնակարանի նվազագույն շուկայական արժեքը պակաս չէ 300 հազար ԱՄՆ դոլարից: Նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած հայտարարագրի համաձայն, Արթուր Բաղդասարյանը ոչ մի սեփականություն չի ունեցել: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը ևս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաև սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Վերջին մեկ տարում Բաղդասարյանի եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ, նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար: Իհարկե, ժողովրդի հոգսերով ապրող Արթուր Բաղդասարյանը չի նշել «Արմենո» խանութների ցանցի, Ջրվեժում ունեցած ռեստորանային-հյուրանոցային համալիրի, «Աստորիա» հյուրանոցի ու էլի նման ունեցվածքների մասին: Երևի դրանք էլ գրանցված են հարազատների ու բարեկամների անուններով…