Հեղափոխություն հայ իրականության մեջ


 

Չնայած ԱԻՄ-ը չի մասնակցում այս ընտրություններին, սակայն նրա առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ուշադրությամբ հետևում է ընտրական գործընթացներին: Նրա հետ զրույցը քարոզարշավի ընթացքի, ընդհանրապես մեկնարկած ընտրությունների առանձնահատկությունների մասին է:

- Երկու օր առաջ հիշեցի երջանկահիշատակ Էդուարդ Եգորյանի խոսքերը, ով 98 թվականին ասում էր` այնպես պետք է անենք, որ հաջորդ խորհրդարանում ոչ մի ՀՀՇ-ական չլինի: Այն ժամանակ նրա այդ ցանկությունը կատարվեց: Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցն ու ՀՀՇ-ի կարկառուն դեմքերից մեկը 96-ին հանկարծ բացահայտեց, որ ինքը շատ անառողջ միջավայրում է աշխատում և արմատապես փոխվեց: Այսօր ինձ այդ թիմից բավական դուր է գալիս Նիկոլ Փաշինյանը` իր խենթություններով հանդերձ: Բայց այդ թիմն, ընդհանուր առմամբ, որևէ դրական բան բերել չի կարող, որովհետև այնտեղ արժեքային համակարգ չկա, գոյություն չունի: Իրենք էլ խոստովանեցին, որ դա Լ.Տեր-Պետրոսյանի թիմն է: Իսկ Լ. Տեր-Պետրոսյան նշանակում է` մեր կյանքում առկա բոլոր բացասական երևույթներն արմատավորող, հիմնավորող:

Աստված ասում է` մի դատիր, որ չդատվես: Ուստի, թերևս, թողնենք Տեր-Պետրոսյանին իր թիմի հետ և կենտրոնանանք մերօրյա խնդիրների վրա: Ինչպե՞ս կբնորոշեք այսօր նախընտրական միջավայրը, ի՞նչ միտումներ եք նկատում:

- Ասեմ, որ բավական առողջ քայլեր են կատարվում: Այն, որ բոլոր ընտրական տեղամասերում վստահված անձինք կարող են տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը, արդեն հեղափոխությանը հավասար մի բան է հայ իրականության մեջ: Նախկինում վստահված անձինք եղել են անցանկալի հյուրեր: Փոխվել է վերաբերմունքն ընտրացուցակների մասով: Անձնական օրինակով կարող եմ ասել. ամեն տարի մենք ասում էինք, որ այստեղ այդպիսի մարդիկ չեն ապրում, ամեն տարի այդ մարդիկ կային: Այս տարի պարզեցինք, որ առանց մեր ասելու, մեր տան վրա գրանցվածներ այլևս չկան. հանված են ցուցակներից: Ընդհանուր առմամբ, ես լավատեսորեն եմ տրամադրված: Բայց քաղաքական կյանքում դերակատարություն են ուզում ստանձնել ոչ քաղաքական դեմքերը: Նախկինում տրված ընտրակաշառքները չդարձան քննարկման առարկա: Այնպես որ, եթե նույնիսկ այս պահից սկսած` ընտրությունները կատարյալ անցնեն, բաժանված ջեմն ու հյութը, բաժանված պարարտանյութը, ներքին կարգով փոխանցված գումարներն արդեն ստվերում են առաջիկա ընտրությունները: Այնուամենայնիվ, ես հսկայական առաջընթաց եմ տեսնում և հնարավոր եմ համարում, որ ևս մեկ անգամ կարող է մի քիչ ընտրության նման մի բան լինել: 1998 թվականին համեմատաբար լավ ընտրություն ենք ունեցել. նախագահականը նկատի ունեմ, երբ երկու փուլ եղավ: Ապրիլի 24-ին լրանում է ԱԻՄ-ի 46 ամյակը: Ենթադրում եմ, որ այդ օրն ինձ կհաջողվի հորդորել ԱԻՄ պատասխանատուներին, որ այս ընտրությունների առիթով մի դիրքորոշում որդեգրեն:

Իսկ կարո՞ղ եք մեկնաբանել քարոզարշավի ընթացքում կուսակցապետերի, ընդհանրապես, կուսակցական գործիչների ելույթները: Դրանք ինչ-որ առումով արդյո՞ք չեն կրկնվում:

- Ընդհանրապես, քարոզարշավի ընթացքում հնչած ելույթներին անդրադառնալը ծիծաղելի է, որովհետև այն մի քիչ նման է ինքնագովազդի: Բոլորն էլ իրենք իրենց են գովում, և որևէ մեկը իր ելույթներում սխալ բան չի ասի: Իսկ մեզ մեր հայրերը սովորեցրել են համակարգային մոտեցում հանդես բերել: Իսկ համակարգն արտահայտված է Աստվածաշնչում, և հստակ ասված է` ցանկացած մարդու հավատը չափվում է իր գործերով: Ես էլ փորձում եմ որևէ մեկի խոսքերում առկա հավատը չափել գործերով:

Ի՞նչ կասեք թիվ 7 ընտրատարածքում կատարված միջադեպի մասին, երբ ինչ-որ մարդիկ թույլ չեն տվել, որ թեկնածուն ներկայացնի իր նախընտրական ծրագիրը:

- Ես ծանոթ եմ այդ միջադեպին: Դա սահմանադրական իրավունքի խախտում է: Մանավանդ` քարոզարշավի ընթացքում, երբ ելույթ է ունենում թեկնածուներից մեկը, նրան լսել չցանկացողները պարզապես պետք է նրան չլսեն: Բայց խախտել նրա խոսելու իրավունքը նշանակում է խախտել Սահմանադրությունը: Եվ այստեղ իշխանությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն: Որքանով ինձ հայտնի է, սադրանքներ իրականացրած մարդիկ բերման են ենթարկվել:

- Նկատելի է, որ այս քարոզարշավում չի շահարկվում Ղարաբաղի թեման: Սա նշանակո՞ւմ է, որ Ղարաբաղի հարցը համարում են լուծված և հարկ չեն համարում անդրադառնալ նրա շուրջ ծավալվող զարգացումներին ու հնարավոր վտանգներին:

- Ղարաբաղյան թեման չի շահարկվում, բայց նաև չի անտեսվում, որ մենք ունենք Արցախի հարց: Եվ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս, կամա թե ակամա, բոլորը դրան անդրադառնում են` Հայաստանը պետք է հզոր լինի, որպեսզի դիմակայի արտաքին վտանգներին և այլն: Ըստ երևույթին հայաստանյան կուսակցությունները սկսեցին հասկանալ, որ իրենք առանձին երևույթ չեն, եվրոպական կառույցների հետ գոնե գաղափարական ընդհանրություն ունեն: Իսկ եվրոպական բոլոր կառույցների համար կարևորը մարդն է, և բնականաբար, այսօր բոլոր ելույթներում շեշտադրվում է մարդու իրավունքները, մանավանդ` ընկերային, սոցիալական իրավունքները: Ինչ վերաբերում է հնչող հանրահաճո արտահայտություններին, դրանք էլ բնական են. ընտրություններից առաջ այդպես էլ պետք է լինի:

- Դուք ընդհանրապես լավատեսորեն եք տրամադրված ընտրությունների նկատմամբ, ինչն այսօր չես ասի շատերի համար: Որո՞ նք են Ձեր լավատեսության հիմքերը:

- Այն, ինչ տեսնում եմ այս փուլում, ինձ դրականորեն է տրամադրում: Նույնիսկ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլի հետ կատարված միջադեպն ինչ արագ արձագանք ստացավ: Ես լավատեսորեն եմ տրամադրված` տեսնելով այն, ինչ տեղի է ունենում: Ուղղակի փաստերն են ենթադրել տալիս, որ այս ընտրություններում իսկապես առաջընթաց կունենանք:

-Շնորհակալություն, հուսամ` հաջորդ խորհրդարանի ընտրություններին ԱԻՄ-ը և անձամբ Դուք կմասնակցեք:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ