ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ


 

Թամանյան փողոցի 6-8 շենքերի մոտակայքում հերթական այգին է ավերվել: Այստեղ աճած ծառերի դեմ արշավանքը նախաձեռնել է «Դելտա կլինիկ» կենտրոնը, որն իր տարածքն ընդարձակելու նպատակով ոչնչացրել է մի քանի ծառ: Մենք տեսանք գրեթե հողից զրկված հինգ ծառ, որոնք կարծես աղիողորմ օգնություն էին հայցում: Ծառերից մեկն իսպառ չորացել է, այսինքն արդեն նրան ծառ չենք կարող կոչել:

Այս հերթական վանդալիզմը կատարվել է մայրաքաղաքի կենտրոնում: Այսինքն մի վայր, ում հազարավոր մարդիկ են լինում, որտեղից հեռու չէ «Գաֆեսճյան» հիմնադրամը: Թե ո՞վ է թույլ տվել այս շինարարական աշխատանքներն իրականացնել, ո՞ւմ է հարցրել կենտրոնի տնօրինությունը` մեզ չհաջողվեց պարզել, որովհետև Կենտրոն վարչական շրջանի նստավայրում մենք այդպես էլ չգտանք մեկին, ով կարող էր որևէ հոդաբաշխ բացատրություն տալ: Քաղաքապետարանի համապատասխան բաժնում էլ, պարզվեց, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում: Օրերս Երևանը կհյուրընկալի հազարավոր հյուրերի, ովքեր կգան մասնակցելու գրողների համահայկական համաժողովին և հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին: Կգան ու կտեսնեն, որ քարից հաց քամող Հայաստանի մայրաքաղաքում անխնա կերպով ոչնչացնում են բնությունը, ծառազուրկ անում քաղաքը` հանուն ոմանց շահերի ու նկրտումների...