ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՍՊԱՏԱԿՆԵՐԸ


 

Մայրաքաղաքի կանաչ հարստություններից են Դալմայի այգիները, որոնց պատկերավոր նաև քաղաքի կանաչ թոքեր են կոչում: Տասնամյակներ շարունակ մայրաքաղաքի բնակիչներն ու բնապահպանները ջանացել են պահպանել այս այգիները, մշակել դրանք, մեծացնել դրանց նշանակությունը, անգամ արգելոց հռչակել: Սակայն հատկապես վերջին տարիներին «կառուցապատողների» ձեռքերն այստեղ էլ հասան` այգիները ենթարկելով կացնի հարվածներին և աստիճանաբար մայրաքաղաքը զրկելով իր գեղեցկությունից, հարյուրավոր այգեգործների զրկելով հաճելի զբաղմունքից, նաև` որոշակի սոցիալական ապահովությունից:

Դեռևս 2009 թվականին կայացավ մի նախագծի շնորհանդես, որով նախատեսվում էր Դալմայի այգիները վերածել զվարճանքի կենտրոնի, կառուցել սրճարաններ, խանութներ, կինոթատրոններ: Զվարճանքի կենտրոնի ճանապարհները պիտի անցնեն Դալմայի այգիներով, իսկ տարածքի մի մասն էլ պիտի տրամադրվի էլիտար բնակարանաշինությանը: Այս նախագծին դեմ ելան շատերը, սակայն պատասխանատու անձինք ոչ թե հրապարակային քննարկումներ կազմակերպեցին, ոչ թե փորձեցին քայլեր ձեռնարկել այգիները փրկելու համար, այլ, արհամարհելով հանրային կարծիքը, սկսեցին հողահատկացումները` տարածքներ տրամադրելով տարբեր կազմակերպությունների:

Սակայն այստեղ է հայտնվել նաև «Սահակյանշին» կազմակերպությունը, որը աշխատանքներ է կատարում ջրանցքի մոտակայքում: Այս ջրանցքը պատմական մեծ արժեք է ներկայացնում. այն կառուցվել է Քրիստոսի ծննդից առաջ և եզակիներից մեկն է ողջ Հարավային Կովկասում:

Այսօր արդեն ոչ միայն այգու, այլև ջրանցքի ճակատագիրն է վտանգված: Մեր ուսումնասիրությունները բացահայտեցին, որ «Սահակյանշին» կազմակերպությունն այստեղ աշխատանքներ է իրականացնում առանց թույլտվության և հողահատկացումների մասին համապատասխան որոշումների: Նշանակում է` արհամարհելով օրենքները, անհրաժեշտ որոշումների առկայությունը, կազմակերպությունն ինքնակամ շինարարություն է իրականացնում` ոչնչացնելով այգիներն ու պատմական հուշարձանը: Այգեգործները բազմաթիվ անգամներ են դիմել քաղաքային և հանրապետական իշխանություններին, ցույցեր կազմակերպել կառավարության շենքի մոտ, նամակներ հղել տարբեր կազմակերպություններ, սակայն մինչև օրս չի կանխվել ապօրինի շինարարությունը, հիմնարար լուծում չի տրվել այգիների խնդրին: Ամեն տարի մայրաքաղաքում հազարավոր ծառեր են տնկվում, իշխանություններն ահռելի գումարներ են տրամադրում մայրաքաղաքի կանաչ գոտիների բազմապատկման համար: Մինչդեռ նույն պահին ոմանք ոչնչացնում են այն, ինչը հարյուր տարի հանդիսանում է մայրաքաղաքի հարստություններից մեկը: Նոր ցնցումներից մարդկանց հետ պահելու, բնապահպանական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ շուտափույթ կերպով ընդունվեն համապատասխան որոշումներ Դալմայի այգիների վերաբերյալ, այն իսկապես հռչակվի արգելոց և միջոցներ ձեռնարկվեն նրա փրկության համար:

Լ.Մ.