ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ


 

Որքան ծավալվում է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավը, որքան շատ են կուսակցություններն ու թեկնածուները երևում հանրությանը և հանդես գալիս նախընտրական ելույթներով, այնքան ավելի պարզ է դառնում, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիների ընթացքում չեն գտել իրենց լուծումները, չեն արժանացել համակողմանի ուսումնասիրությունների:

Ձևավորված սոցիալ-տնտեսական ոչ նորմալ հարաբերությունները, մենաշնորհների գերակայությունը, արդյունաբերության գրեթե բացակայությունը, գյուղատնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրները վկայությունն են քայքայված տնտեսության, տնտեսության ոլորտում պետական քաղաքականության բացակայության: Այս ամենին գումարվում է նաև քաղաքական համակարգի անկատարությունը: Ինչպես նշում են մի շարք վերլուծաբաններ`

- Գործող քաղաքական համակարգն իր հիմնական դերակատարներով, ըստ էության, բացարձակապես կապ չունի այն հրատապ խնդիրների հետ, որոնք առկա են հասարակության և պետության կյանքում, որոնք հուզում են քաղաքացիներին և պահանջում են անհապաղ լուծումներ ներկայի ու ապագայի համար:

Միայն գեղեցիկ խոստումները (թեկուզ երբեմն նաև հիմնավորելու, համոզիչ փորձերով) դեռևս բավարար չեն հավատալու« որ քաղաքական համակարգի հիմնական դերակատարները ադեկվատ են արձագանքում հասարակության և պետության մարտահրա վերներին:

Փոխանակ քննարկելու ստեղծված կացությունը, հրատապ լուծումներ գտնելու, այսօր նախընտրական պայմանավորվածություններն են դառնում գերակա, «ստվերային» քննարկումներն են իշխում քաղաքական դաշտում: Արդեն իսկ ակնհայտ են դառնում որոշ պայմանավորվածություններ, բացահայտվում են ներիշխանական դաշտում խմորվող որոշ սցենարներ, որոնք ոչ թե նպատակաուղղված են երկրին ու պետությանը, այլ իշխանության մեջ որոշ ուժերի տեղերի ու դիրքերի պահպանմանը: Հենց այս ամենն էլ հաստատում է այն մտայնությունը, որ Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր ոչ թե ընտրությունների են գնում երկրում ստեղծված իրավիճակները հարթելու, նոր լուծումներ առաջադրելու, այլ միայն ու միայն սեփական դիրքերը պահպանելու համար:

Ուշադրությամբ հետևելով քարոզչության ելած բոլոր կուսակցությունների հայտարարություններին ու վերլուծություններին, նկատում ենք, որ ստեղծված վիճակներն անպայմանորեն տեսանելի են բոլորի համար, բոլորն են խոսում բազմաթիվ բացթողումների, ձևախեղումների, հատկապես սոցիալական դաշտում տեղ գտած անարդարությունների, անհամաչափ մոտեցումների մասին: Անգամ իշխանական ուժերի ներկայացուցիչները, մասնավորաբար «Օրինաց երկիրը» ներկայացնում են հիմնախնդիրները, հիմնահարցերը, դատապարտում քաղաքացիների իրավունքների հանդեպ ձևավորված անտարբերությունը, սակայն այս ամենը չի անցնում բառատարափի սահմաններից, որովհետև թվարկված խնդիրներից շատերը կարելի էր լուծել անցնող տարիների ընթացքում, եթե երկրում ձևավորվեր վերաբերմունք մարդու և քաղաքացու հանդեպ, եթե նախորդ ընտրություններին հնչած խոստումներն ու կոչերը չմնային թղթի վրա, եթե իշխանության գալուց հետո` որոշ քաղաքական ուժեր չմտածեին միայն անձնական բարօրության մասին: Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու, բազմազավակ ընտանիքներին տրվող միաժամանակյա նպաստների չափերի վերանայման, անտրամաբանական համարվող նվազագույն աշխատավարձերի ու կենսաթոշակների վերաիմաստավորման խոստումները հնչել են միշտ` բոլոր ընտրությունների ժամանակ. հնչում են նաև հիմա: Սակայն ընտրողն այլևս անտարբեր է, որովհետև գիտե և համոզված է, որ նոր խորհրդարան և նոր իշխանություն ձևավորվելուց հետո ամեն ինչ մոռացության է մատնվելու, նորից չեն կառուցվելու բնակարաններ երիտասարդ ընտանիքների համար, իսկ կառուցվելու դեպքում էլ` բնակարաններ են ստանալու ունևորների և ազդեցիկ մարդկանց զավակները: Մտածում են, որ նորից Հայաստանում նվազագույն աշխատավարձը մնալու է ողորմելիության սահմաններում, որովհետև ոչ ոք ոտքի չի կանգնելու մենաշնորհների, ստվերային տնտեսության դեմ, ոչ ոք իրական հաշվարկ չի անելու, որ տարեկան պետական բյուջե չի մտնում մոտ հինգ միլիարդ դոլարին համարժեք դրամ, որը չեն վճարում որոշ օլիգարխներ ու պետական չինովնիկներ, ովքեր հարկային ու մաքսային վարչարարության մեջ առաջնային են հռչակել սեփական շահերը: Համակարգը պատրաստ չէ «խաչակրաց արշավանք» սկսել այս ամենի դեմ: Ահա գլխավոր խնդիրը, ինչն էլ այսօր անտարբեր է դարձրել շատ ընտրողների:

Ու կարծես տրամաբանական է դառնում այն, որ մարդիկ պատրաստ են ընտրակաշառքներ վերցնել ու գնալ ընտրությունների, խանդավառվել այս կամ այն կուսակցության նվիրած բուժանյութով, գյուղատնտեսական մեքենաներով, անգամ մուրաբաներով ու օծանելիքներով: Մարդիկ մտածում են` եթե նախընտրական ծրագրերում հնչում են խոստումներ և չեն կատարվում, ուրեմն կարելի է օգտվել ընձեռված հնարավորությունից և վերցնել այն, ինչ տալիս են: Հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը շատ վաղուց կարող էր ունենալ վեց միլիարդ դոլարը գերազանցող պետական բյուջե, որ կարող էին լուծված համարվել բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մինչդեռ այդ գումարները հոսում են անհայտ ուղղություններով:

Մենք ճանապարհ գնալու մտադրություն ունենք: Իսկ սա նշանակում է, որ գոնե հիմա պիտի մտածենք ձևից բովանդակության անցնելու մասին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ