Դիվանագիտական աղմուկ


Գերմանիան մերժել է սուխումցի մի պատանու վիզան. իսկ 16-ամյա Ալխազ Խաշիգան անհապաղ վիրահատության կարիք ուներ: Եվ երկու երկրների դիվանագետների միջև վեճ է բռնկվել: Խնդիրն այն է, որ գերմանացիները չեն ճանաչել Աբխազիայի անկախությունը. ասել է թե` նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Եվ կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ տառապող տղային թույլ չեն տվել մեկնել Մյունխեն: Գերմանական կողմը պահանջում է, որ տղան թույլտվություն ստանա Թբիլիսիից, ինչը գործնականում հնարավոր չէ: Իսկ մասնագետները հիվանդին փրկելու միակ հույսը համարում են Մյունխենում գտնվող կլինիկան: - Դժբախտաբար նման դեպքերը եզակի չեն: Արևմտյան երկրները մեր քաղաքացիներին մուտքի թույլտվություն չեն տալիս,- ասել է Աբխազիայի ԱԳՆ միջազգային բաժնի պետ Լինա Ագրբան:- Բոլորովին վերջերս աղմկահարույց մեկ այլ դեպք տեղի ունեցավ. 22-ամյա Աստամուր Ցվիժբեին նույնպես անհապաղ վիրահատել էր պետք. թոքերի հիվանդություն ուներ: Համաձայնություն էր ստացվել Բեռլինի մի լավագույն կլինիկայից, 192 հազար եվրո կանխավճար էր կատարվել: Բայց Մոսկվայում գերմանական դեսպանատունը ոչ մի կերպ թույլտվություն չէր տալիս: Միայն Ռուսաստանի ԱԳՆ միջամտությունը փրկեց Աստամուրին: Նրա մոտ հիմա առողջական նոր խնդիր է ծագել, և անհրաժեշտ է, որպեսզի մայրը հասնի Բեռլին: Եվ սպասում ենք, որ դարձյալ խնդիրներ են լինելու` սահմանը հատելիս: Փաստորեն բոլոր աբխազները երկքաղաքացիություն ունեն և դեսպանատներին դիմում են ռուսական անձնագրերով: Սակայն եվրոպացիներին դա չի խանգարում` խոչընդոտներ ստեղծել. դիվանագետները ոչ թե քաղաքացիությունն են հաշվի առնում, այլ` ծննդավայրը: Անհեթեթության գագաթնակետերից մեկը կարելի է համարել մի ուրիշ միջադեպ. ՌԴ քաղաքացին Գերմանիա է հրավիրվել` գիտական կոնֆերանսի: Երիտասարդ կենսաբանի զեկույցի թեման եղել է «Չղջիկների տեղափոխությունը Աբխազիայում»: Դե, իհարկե, նա մուտքի թույլտվություն չի ստացել: Կամ, ապրիլին Աբխազիայի ֆուտբոլիստներին հրավիրել են Իսպանիայում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցումներին մասնակցելու: Ավա¯ղ… Իսպանիայի դեսպանատունը արգելել է նրանց մուտքը: Անցյալ չորեքշաբթի եվրոպացիներից մերժվող Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան Սուխումիում հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով Գերագույն կոմիսարի ներկայացուցիչների հետ և ընդգծել է նման խտրականության անթույլատրելիությունը: