ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Պուշկին ՍԵՐՈԲՅԱՆ. իրավաբան, «Օգոստոսի 23. ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր ղեկավար, «Զորավիգ» իրավապաշտպան թերթի խմբագիր «Ես ճակատագրին հավատում եմ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Կյանքը դժվարությունների հաղթահարման մեծ մարաթոն է: Իրավաբանի կյանքը լի է բարդություններով, անակնկալներով, նույնիսկ վտանգալի իրադրություններով: Միայն այն փաստերով, որ ոչ թե «բոյդ թաղեմ»-ի մակարդակով, այլ ուղղակիորեն իմ դեմ 20 մահափորձ է կատարվել, և որ Խորհրդային իշխանությունը ուզում էր ինձ վերադաստիա րակել, կարելի է պատկերացնել, թե կյանքիս որոշ փուլեր որքան ծանր են եղել: Թեև միապաղաղ կյանքն էլ իր բացասական հետևանքներն ունի. այն ծուլացնում է մարդու միտքը: Կյանքից երբեք չեմ բողոքել, չեմ բողոքում, չեմ էլ բողոքի, որովհետև այդ բոլորը ճակատագիր է, իսկ ես ճակատագրին հավատում եմ: Այս առումով շատ բան պայմանավորված է նաև մարդու անվամբ: Ինձ պատուհասած շատ բարդություններ, երևի, անունս փոխելու անխոհեմ քայլի հետևանք էին: Հայրս կամավոր մեկնել է ռազմաճակատ և մեկ շաբաթ հետո նամակ գրել. «Եթե տղա կծնվի, անունը կդնեք Պուշկին»: Ես ծնվել եմ մոտ մեկ ամիս հետո և հետագայում երիտասարդությանը բնորոշ անհեռատեսությամբ փոխեցի անունս` չիմանալով դրա հետևանքները: Ու մի օր ինչ-որ էքստրասենս` իմ կենսագրությունից բացարձակապես անտեղյակ, ասաց, թե կյանքիս այդ ծանր պահերի պատճառն այն է, որ ես համարձակվել եմ փոխել հորս դրած անունը: Ես կրկին փոխեցի անունս ու նորից դարձա Պուշկին: Անունը մարդու ճակատագիրն է, ուղեկիցն է` մինչև գերեզման և գուցե դրանից հետո էլ: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ երևի թե այս սկզբունքից ելնելով, ուսումնասիրում էի Ա. Պուշկինի կյանքի մանրամասները և մեր կենսագրություններում 11 կետերի համընկնում եղավ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Եթե ես հայ չլինեի, անպայման հայ լինելը կնախընտրեի: Ոչ թե սիրում եմ… Առհասարակ, այս պարագայում սխալ է այդ արտահայտության կիրառումը. սիրում են գարեջուր, ճաշատեսակ, որևէ վայրում զբոսնել: Երկրին պետք է ամբողջապես նվիրվես, այլապես դու չես կարող համարվել տվյալ ազգի ներկայացուցիչը: Իհարկե, հարգում եմ այլ ազգություններին, սակայն ինձ չեմ պատկերացնում որևէ մեկի դերում: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ճիշտն ասած` հասարակական հնչեղության գաղտնիք չունեմ, որովհետև այն, ինչը կոմունիստների ժամանակ չէիր կարող արտահայտել (վտանգավոր էր և պետք է մտածեիր ճիշտ ներկայացնելու մասին), ապա այսօր այդ արգելանքը չկա: Ու փառք Աստծո, այն որ պետք է գաղտնիք լիներ ներկայացնում եմ «Զորավիգ» թերթի էջերում: Հետևաբար, ինչը որ անձնականդ չէ, պահելը անլուրջ է` խոհեմ չէ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Մարդն` իր էությամբ, վարվելակերպով: Օրինակ` չեմ կարողանում հասկանալ այն մարդուն, ով կարող է ստել, նենգություն անել: Չեմ հասկանում նաև աղ ու հացը չգնահատողներին: Աղ ու հացը ոչ թե կենցաղային մակարդակով, այլ ըստ էության: Այս առումով մենք ավելի վատն ենք, քան հանցագործ աշխարհի ներկայացուցիչները: Նրանց շրջապատում կա «հացի ընկեր» գաղափարը, և եթե որևէ մեկը փորձի ոտնահարել, չգնահատել այդ հացը, անպայմանորեն պատժվում է: Իսկ մենք ազատության մեջ կենացներ ենք խմում ու կես ժամ հետո կարող ենք փնովել մեր սեղանակցին: Աստված դա անպայման կպատժի. նա չի կարող ներել ստոր, բարոյական պարտքի զգացողությունը ուրացող մարդուն: Աստվածավախ պետք է լինել և առաջնորդվել խղճի թելադրանքով: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Հենց ինքը մանկությունը արդեն հուշ է: Մանկությունը` դպրոցի առաջին դասարանը, առաջին ուսուցչուհին և տնօրենն են, որոնց վերաբերվում ես որպես ոչ հողեղեն, գերբնական էակների: Այն ամբողջովին հուշ է, ուսանողական տարիներն էլ են հուշ: Եվ ինչ-որ մի հատվածը չես կարող պոկել, առանձնացնել այդ անաղարտ հավաքականութ յունից: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - 1979-ին կոմունիստական ռեժիմը կալանավորեց մեզ` հայտնի իրավաբան Սանասար Կուրղինյանին, շրջանային դատախազ Քաջիկ Թորոսյանին և ինձ: Սադրանքն ակնհայտ էր` ոչ մի ապացույց: Մեզ կալանավորելու միակ հիմքը հայաստանյան արքունիքի սարսափն էր: Գործը քննում էր ԽՍՀՄ գլխավոր դատախազին առընթեր կարևոր գործերի քննիչ Յուրի Զվերևը: Իրական խեղկատակ: Հետագայում, նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ` մեր նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցելու համար: Բայց չհասցրեց դատապարտվել` երկարատև ծանր հիվանդությունից մահանալու պատճառով: Անվանի գրողներ Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Վարդգես Պետրոսյանը և ուրիշներ ընդվզել էին` ո՞ւմ եք կալանավորել: Հորինվել էին այն ժամանակվա համար անբեկանելի, շանթահարող լեգենդ` թե իբր մենք հակախորհրդային գործունեությամբ ենք զբաղվել: Հայ գրողների` ապացույցներ ներկայացնելու պահանջ-խնդրանքին իբր արձագանքելով, մոսկովյան քննիչը որոշեց բազարի մեջ մտնել ինձ հետ. ըստ նրա սցենարի` ես պետք է ցուցմունք տայի, թե Հայաստանում գործում է հակախորհրդային խումբ, որի քննարկումներից մեկին պատահաբար ես ներկա եմ եղել, իսկ քննիչն ինձ ազատելու էր կալանքից: Զվերևը լրացրեց հարցաքննության արձանագրությունը, շոկոլադի երկու սալիկ էլ հյուրասիրեց և առաջարկեց խցում մանրամասնորեն գրել, թե ովքեր են ներկա եղել այդ քննարկմանը` տեղական գրողներից և արտասահմանցի մտավորական ներից: Եվ խցում ես «մանրամասնորեն նկարագրեցի» այդ «հանդիպումը»: - Մի օր պատահականորեն հյուրընկալվել էի Քաջիկ Թորոսյանի տանը: Այնտեղ էին Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Արամայիս Սահակյանը և ինձ անծանոթ օտարերկրացիներ, որոնք թունոտ արտահայտություներ էին նետում կոմունիստական կարգերի հասցեին: Դժվարությամբ ինձ հաջողվեց պարզել, որ նրանք տարբեր երկրներից գաղտնի ժամանած հակախորհրդային կենտրոնի ներկայացուցիչներ են` Օլիվեր Կրոմվելը (Անգլիայից), Սառա Բեռնարը (Ֆրանսիայից), Դավիթ Քաուփերվուդը (ԱՄՆ-ից) և Կլիմ Սանգինը (Ռուսաստանից)… Քննիչը մի քանի անգամ ընթերցեց ցուցմունքս, ճշգրտեց մի քանի մանրամասներ և հայտնելով իր երախտագիտությունը, խոստացավ մի քանի օրից ինձ ազատ արձակել: Հաջորդ օրը Հայաստանի Գրողների տանը կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներին նա շանթահարում է իմ ցուցմունքի ընթերցմամբ: Առաջին տպավորության փրփուրն անցնելուց հետո ուշքի եկած գրողները սկսում են հարցերով պարզել քննիչի… գրագիտությունը. չէ՞ որ անգլիական բուրժուական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը գործել է 17-րդ դարում, Սառա Բեռնարը (հայտնի ֆրանսիացի դերասանուհի) մահացել է 1905-ին, Դավիթ Քաուփերվուդը Դրայզերի, իսկ Կլիմ Սանգինը` Մաքսիմ Գորկու հերոսներից են: Քննիչի խեղկատակությունը բացահայտվեց Գրողների միությունում, իսկ իմ «վերադաստիարակությունը» տևեց ևս 10 տարի…

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ