Հատուկ սարքեր` Վրաստանին


ԵԱՀԿ-ն պաշտոնապես պայմանագիր է կնքել Վրաստանի պաշտպանության նախարարության հետ` վերջիններիս տրիտոլ պարունակող ռազմամթերք հայտնաբերող ու վնասազերծող հատուկ սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ: - Այդ սարքավորումների օգնությամբ կվտանգազերծվեն գործածությունից դուրս բերված ավիառումբերն ու հրետանային արկերը, որոնցից հնարավոր կլինի առանձնացնել տրիտոլը,- հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գիորգի Մուչաիձեն: ԵԱՀԿ-ն դեռևս 2004 թ. Վրաստանում նման սարքավորումների ձեռքբերման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող է ճանաչվել ուկրաինական «Ուկրօբորոնսերվիս» ընկերությունը: Մրցույթի արդյունքում էլ հենց ձևակերպվել է համապատասխան համաձայնագիր` վերոնշյալ ընկերության և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի միջև: Սարքավորումները կտեղադրվեն Արևելյան Վրաստանի Դեդոպլիսցկարո շրջանում: Բաքրաձեն ափսոսում է - Ափսոս, որ մայիսի 26-ն ընդդիմությունն ընդունում է ոչ թե որպես համավրացական տոն, այլ` որպես հերթական սադրանքն իրագործելու հնարավորություն,- ասել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: Նա հավելել է, որ իշխանությունների գլխավոր նպատակը ոչ թե շքերթ անցկացնելն է, այլ երկրում քաղաքական հանդարտություն ու խաղաղություն պահպանելը: - Վրաստանում պե°տք է լինեն այնպիսի թեմաներ ու այնպիսի օրեր, որոնք չպետք է կախված լինեն քաղաքական իրավիճակներից և չպետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով: Բայց, չնայած ընդդիմության նման վերաբերմունքին, Վրաստանի իշխանությունները շարունակելու են իրենց ընտրած ընթացքը, և արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ օրը անցանկալի գործողություններ չծավալվեն: Մեզ համար կարևոր է քաղաքացիական հանգստությունն ու կայունությունը. այդ պատճառով ոչ մեկի հնարավորություն չենք տա անկարգություններ հրահրել,- ինքնավստահություն է հայտնել թիվ 1 խորհրդարանականը: