Մայրամուտից մինչև կեսգիշեր


Ֆրանսիայի 1200 թանգարանների ու մշակութային օջախների նախաձեռնությամբ 5 տարի առաջ իր նորամուտն ազդարարած «Թանգարանների գիշեր»-ը շուտով խախտեց Եվրոպայի 40 երկրների արվեստի, պատմության ու գիտության ավելի քան 2000 մշտական գործող տարատեսակ հաստատությունների ներանձնավորող լռությունը: Իրենց հավաքածուներում ամփոփված բացառիկ ցուցանմուշները սիրահոժար ներկայացնելով առանց բացառության բոլոր հետաքրքրասերներին` արվեստի տարոլորտ տարեգրութ յունը պահպանող ու հետազոտող կառույցների աշխատակիցները կարճ ժամանակում հասան հետամտած գլխավոր նպատակին: Անվճար պարապ զվարճություններ փնտրողների տարեց-տարի հոծացող մարդկային զանգվածներում անսովորով գայթակղությունը սկսեց վերափոխվել խորացող արվեստասիրության: Հարակից միջոցառումների գրավչությամբ` «Թանգարանային գիշեր»-ը հաստատվեց շատերի միապաղաղ առօրյայում որպես յուրահատուկ մշակութային տոն, որը ստացավ «Թանգարանների միջազգային օր» (մայիսի 18) անվանումը: Հասարակական կյանքում թանգարանների դերի ու նշանակության կարևորման արտահայտություն էր «հոբելյանական գիշերվա» անցկացումը Եվրոպայի Խորհրդի բարձր հովանու ներքո և Թանգարանների միջազգային կոմիտեի ակտիվ մասնակցությամբ: Սկզբից ևեթ այս նախաձեռնության իրականացմանն անդամագրված հայկական թանգարաններում ծրագրված միջոցառումների ատաղձը Կոմիտասի ու Հովհաննես Թումանյանի 140-ամյա հոբելյանների նորովի նշանավորումն էր նաև: Այս առումով առանձնակի ուշագրավ էր Ազգային պատկերասրահում մայրաքաղաքի տարբեր թանգարաններում ստացած տպավորությունները ամբողջացրած հազարավոր բազմաշերտ այցելուների շաբաթ երեկոն: Մայրամուտից մինչ կեսգիշեր աննախադեպ աշխուժություն էր տիրում մշտական ցուցադրությունների բոլոր սրահներում: Որմնանկարների սրահից տարածվող կոմիտասյան երաժշտության հնչյունները ճեղքում էին մարդաշատ աղմուկը, հրապուրում նորանոր այցելուների` ունկնդրելու «Տաղարան» համույթի, ԵՊԿ և ԵԹԿԻ ուսանողների, շնորհառատ Աննա Մայիլյանի, Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի կատարումները, դիտելու Մնջախաղի պետական թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումներից մեկից` «Չարի ծաղիկներ»-ից ներկայացվող դրվագը: Կինոսրահում մանկական ֆիլմերի երկժամյա պտույտից տպավորվածները մտածում էին, թե ուրիշ ո՞ր թանգարանն ուղևորվեն, երբ անակնկալ ներգրավվեցին «Չինաստանի ազգային փոքրամասնությունների տարազ» ցուցահանդեսի բացման արարողության ներկայացուցչական ոլորտում: Չինական 56 ազգությունների էթնիկ հանդերձներով զգեստավորված 40 մանեկեններ ինքնօրինակ շուրջպար էին բռնել 2 սրահներում: «Սովորույթները տարբերվում են յուրաքանչյուր 10 լի-ն (1 կմ=2 լի), տարազները` 100» հայտնի ասացվածքին համահունչ էին Լահու, Բայ, Տիբեթյան, Ցզինպո, Պուի, Թուցզյա, Ույգուր, Բլան, Գըլաո և այլ ազգությունների երփներանգ, նախշազարդված տարազները: Պատերին փակցված գունագեղ նկարազարդումները մունջ վկայում էին այն մասին, թե որքան մեծ կարևորություն են տվել ազգագրական խմբի միասնականության պահպանման տեսակետից իրենց արտաքինին բնակլիմայական տարբեր պայմաններում ապրող, տարբեր սոցիալ-մշակութա յին զարգացում ունեցող չինական ազգությունները: Վերամշակված բնական նյութերի պարզունակ պարզ համակցումից մինչև անհամեմատ բարդ ու նրբագեղ տարաոճ հանդերձներով հրապուրված այցելուները մանրազնին քննարկում են գունեղությամբ ու նրբաճաշակ նախշազարդումներով իրենց առանձնապես գրաված տարազների դետալները: Լուսանկարչական սարքերով «զինվածները» առիթը բաց չեն թողնում արտասովոր մանեկենների հետ «անմահանալու»` սրելով աչալուրջ աշխատակցուհիների անհանգստությունը «գրոհվող» ցուցանմուշների անվտանգության հանդեպ: Տարբեր ցուցասրահներից մարդկային հոսքը հատում է կեսգիշերվա սահմանը, բայց ոչ հյուրընկալողների բարեհամբույր համբերատարությունը: Ամենամյա մշակութային տոնի վերափոխված թանգարանային գիշերներով զգալիորեն համալրվել են ընթացիկ ցուցահանդեսների այցելուների շարքերը: Հատկապես աճել է երիտասարդության հետաքրքրությունը թանգարաններում պահպանվող արժեքների բովանդակության նկատմամբ: Ոմանք պատահակա նության բերումով բացահայտելով իրենց համար մշակութային համամարդկային ու համազգային ժառանգության կարևորությունը` այնուհետև առավել մեծ ձգտում են դրսևորում խորիմացության: Ստվարանում է մշտական այցելուների բանակը` հոգևոր արժեքների վրայից անիրազեկության դիմազրկող փոշու չեզոքացմանը, անէացմանը նպաստելով: Ուրեմն, կայացել է տոնականության կաղապարով հասարակական կյանք ներմուծված «Թանգարանային գիշեր»-վա գլխավոր առաքելությունը: Ուրեմն, ավելի բազմաբովանդակ դարձվելով, այն ի զորու կլինի խթանել մարդկանց հոգևոր-բարոյական կարծրացման, գազանացման արգելափակումը: Ընդգրկման ծավալների լայնամասշտաբացմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ