Կենդանի երաժշտալեգենդ


Իր անվան նախնական բովանդակությանը հավատարիմ` «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը հայ արվեստասերներին շարունակում է մատուցել մշակութային այս ասպարեզում իրենց հոգեհմա տաղանդով արժանիորեն փառավորված կոմպոզիտորների ու երաժիշտ կատարողների բարձր արվեստը: Տասը տարի անընդմեջ: Իր ուրույն տեղը հաստատելով մեր մշակութային առօրյայում` վայելում պետության կայացնող աջակցությունը, առանց որի ներկայումս անհնար է որևէ ծախսաշատ ուշագրավ նախաձեռնություն պատշաճ իրագործելը: Կազմակերպիչների ջանադրությամբ` դասական երաժշտարվեստի հետ անմիջական հաղորդակցությամբ ներաշխարհը հարստացնելու կարոտը հագեցնելուն համընթաց հանրությունը բացառիկ հնարավորություն է ստանում հայկական համերգասրահներում հանդիպելու կենդանի երաժշտալեգենդների հետ` Պենդերեցկու, Շչեդրինի, Սպիվակովի, Բերեզովսկու… Օրերս փառատոնի հյուրընկալած աշխարհահռչակ կոմպոզիտոր Գիա Կանչելիի ստեղծագործությունների եռահամերգի ունկնդիրները, վերապրելով անցյալ դարի «60-ականներից» սերող վրացու անշփոթելի երաժշտաշխարհի ուրույն կախարդանքը, ոչ միայն առիթ ունեցան ըմբոշխնելու նրա քանքարի յուրահմա արգասիքների վարպետ կատարումները օտարազգի համբավավոր երաժիշտների (Գիդոն Կրեմեր, Պավել Վերնիկով, Մաքսիմ Ռյազանով, Գիդրե Դիրվանաուսկայտե, Միշել Լետիկ, Անդրեյ Պուշկարև, Անդրես Մուստոնեն) մատուցմամբ, այլև վերստին հավաստիանալու մեր երաժշտախմբերի (Հայաստանի ֆիլհարմոնիկ և «Սերենադ» կամերային նվագախմբերի, «Հովեր» երգչախմբի) կատարողական վարպետության անզիջում վերընթացում: Համերգային եռօրյա ծրագրում ներառված բոլոր 8 երաժշտակտավներով: Սկսած «Լուռ աղոթողը», «Լիտուրգիա» գործերից մինչև վերջին ուժգին ակորդը` հանրահայտ «Ստիքս»-ը: ՀՀ մշակույթի նախարարությունում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում արդի երաժշտարվեստի կենդանի լեգենդներից մեկի հետ ունեցած զրույցներում առավել հետաքրքրվածները իրենց համար բացահայտեցին նաև Գիա Կանչելի մարդուն ու մտավորականին: Կիսեցին 1995-ից օտար ափերում հաստատված արվեստագետի տագնապը` մայր հայրենիքում տիրող արյունալի խառնաշփոթից ծայր առած, գոտեպնդվեցին հայ գործընկերների հետ ունեցած բարեկամության աներերությամբ: Բեղուն ստեղծագործութ յան բազում էջեր են գրվել Դիլիջանում, Կոմպոզիտորների հանգստյան տանը (7 սիմֆոնիաներից` 6-ը), քննարկվել ժամանակի ականավոր հայ երաժիշտների հետ: Հիմա միջազգային համերգասրահներում Կանչելիի հոգեպարար երաժշտությունը հնչեցնում են բարձրակարգ երաժիշտ կատարողներ, ինչը խանդավառում է նրա մշտանորոգ երևակայությունը, կոնկրետ գործերով առարկայացնում երաժշտալեզվով ասելիքի կուտակումները: Միայն դիրիժոր, ջութակահար Անդրես Մուստոնեն իր երկացանկում Կանչելիի 12 ստեղծագործություն է ընդգրկել ու մեծ ներշնչանքով մեկնաբանում է տարբեր սրահներում: Հայրենիքի հետ կապն էլ չի խզվել: Ռոբերտ Ստուրուայի մոտ 40 բեմադրությունների վառ թատերային ներգործությունը իր երաժշտական հենքերով խորացրած արվեստագետը շարունակում է համագործակցել նաև կինոբեմադրիչ Սերգեյ Դանելիայի հետ: Ապրած ժամանակին համահունչ զրնգում են նրա հոգու լարերը, ծնունդ տալիս նոր գործերի` խթանելով 74-ամյա տաղանդաշատ արվեստագետի չծերացող ստեղծագործական երկարակեցությունը: Շուտով Մարիս Յանսոնսի գեղարվեստական ղեկավարությամբ Մյունխենում կկայանա մեծ երգչախմբի ու նվագախմբի համար գրված վերջերս ավարտած ծավալուն երաժշտակտավի պրեմիերան: Կանչելիի լեգենդը շարունակում է ապրել ու հագենալ նոր բովանդակությամբ` հույս ու կորով ներարկելով նրան ի վերջո խաղաղված տեսնելու մթամած հայրենիքը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ