ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ Ն


ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և դրա շուրջ» խորագրով միջազգային համաժողովին Հարգարժան դեսպաններ, հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ ողջունել ձեզ և միանալ այս միջոցառման կայացման առիթով արտահայտված գոհունակության խոսքերին: Այսօրվա համաժողովն անկասկած, մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների համար: Լիահույս եմ, որ այն իր ներդրումը կունենա Կովկասյան տարածաշրջանում նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության նոր գաղափարների ձևավորման գործում և նախադրյալներ կստեղծի փոխվստահության զարգացման նոր մոտեցումների ու ծրագրերի մշակման համար: Վերջին շրջանում նկատելի է Հարավային Կովկասի խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրության ավելացում, ինչը փաստվում է այն հանգամաքով, որ այսօր, Երևանում, բարձր մակարդակի այս միջոցառմանը զուգահեռ անց է կացվում նաև փորձագիտական մակարդակի միջազգային սեմինար` նվիրված Հարավային Կովկասի անվտանգության վերագնահատմանը: Այսօր կանդրադառնամ Հայաստանի պաշտպանական քաղաքականության որոշ ասպեկտների, ընդգծելով Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների գործընթացը, կփորձեմ ընդգծել դրա դերը ոչ միայն ՀՀ Զինված ուժերի զարգացման հեռանկարների հստակեցման, այլ նաև մեր տարածաշրջանն առավել անվտանգ դարձնելու գործում: Նախ նշեմ, որ պաշտպանության բնագավառում որդեգրել ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցություն հաստատելու և զարգացնելու հստակ ուղեգիծ, որտեղ քաղաքական կողմից զատ կարևորում ենք առաջին հերթին համագործակցության գործնական կողմը: Հասկանալի է, որ համագործակցությունը հանդիսանում է քաղաքական կամքի դրսևորման արդյունք, սակայն այն միակողմանի գործընթաց չէ. պարզ ասած` գործնական համագործակցությունը կարող է դրականորեն ազդել քաղաքականութ յան վրա, անգամ որոշ դեպքերում փոխելով այն: Ասածիս հիմքում դնում եմ այն պարզ ճշմարտությունը, որ խնդիրները լուծվում են ոչ թե դիրքերի, այլ շահերի տեսանկյունից, քանզի արագ փոփոխվող աշխարհում դիրքերը մնում են անփոփոխ ու քարացած, իսկ շահերն ու հետաքրքրությունները փոխվում են: Նման պայմաններում փոփոխվում են առանձին պետությունների անվտանգության ապահովման խնդիրները, դրանք ավելի ու ավելի են փոխկապակցվում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ: Այսօր բոլոր մեծ ու փոքր պետություններում, միջազգային և տարածաշրջանային կառույցներում ընթանում է անվտանգության հայեցակարգերի, սպառնալիքների հակազդման ավանդական մեխանիզմների արդիականաց ման գործընթաց, նկատվում է տարբեր միջազգային կազմակերպությունների միջև մոտեցումների ու առաջնահերթությունների համադրում: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ այս դրական միտումները չեն բերում միջազգային անվտանգության ամրապնդման գործում ցանկալի արդյունքների, այն է միասնական մոտեցումների ձևավորման, քանզի առաջ եկող տարբեր գործոնները, ինչպիսիք են ֆինանսական, աշխարհաքաղաքական, ռազմական, մշակութային, էթնիկ, կրոնական և այլ գործոնները, ու դրանց տարբեր, երբեմն իրարամերժ ընկալումները, խոչընդոտում են սեփական, հետևաբար փոխադարձ շահերի հստակեցմանը: Արձանագրելով փաստը, և որքան էլ այն բարդացնի ճշգրիտ կանխատեսումների վրա հիմնված պաշտպանական քաղաքականության մշակման գործընթացը, կցանկանայի նշել, որ դա համարում եմ բնական, քանզի այս ժամանակահատվածում աշխարհում տեղի ունեցան մի շարք նոր զարգացումներ սկսած ռազմական գործողություններից, նոր քաղաքական ղեկավարության ընտրություններից մինչև տնտեսական ճգնաժամ: Այս երևույթներն ավելի ցայտուն են դրսևորվում այն տարածաշրջաններում, որտեղ ռազմաքաղաքական իրադրությունը դեռևս խմորումների, կայացման կամ փոփոխման փուլում է: Այդ առումով Հարավային Կովկասը յուրահատուկ տարածաշրջան է, որն իր վրա է կրում անվտանգության արտաքին և ներքին գործոնների հակասական ազդեցութ յունը: Տարածաշրջանում անվտանգության միջավայրն ապակայունացնող արտաքին ազդակներ են հանդիսանում բաժանարար գծերի ձևավորման միտումները, միջազգային անվտանգության համակարգերի տարաձայնությունները և մոտեցումների տարբերությունները, էներգետիկ ռեսուրսների, տնտեսական, հաղորդակցության և այլ ուղիների աններդաշնակ և շրջանցիկ շահագործման հեռանկարները: Անվտանգության միջավայրն ապակայունացնող թերևս առավել ուժեղ ազդակներ են հանդիսանում ներտարածաշրջանային խմորումները, ինչպիսիք են ընթացող սպառազինման և վերազինման գործընթացը, տարածքային և այլ բնույթի տարաձայնություններն ու հավակնությունները և մի շարք այլ գործոններ: Տարածաշրջանային երկրները չեն կարողանում համաձայնության գալ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաբերյալ: Թեև վերոնշյալ գործոններն ու մարտահրավերները զգալիորեն միմյանցից տարբերվում են, ունեն տարբեր պատճառներ և հնարավոր հետևանքներ, սակայն կարծում եմ, որ հնարավոր է վիճակը շտկել այնպիսի միջոցով, ինչպիսին է շահերի համադրման, այլ ոչ թե մրցակցության վրա հիմնված համագործակցությունը: Այդ պարագայում համագործակցության ոլորտների բաժանումը կարող է նպաստել շահերի տարանջատմանը, այնուհետև դրանց հստակեցմանը և ըստ այդմ տարբեր դերակատարների միջև դրանց համադրմանը, և վերջում` համակարգային մոտեցման ձևավորմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության միջավայրը ապակայունացնող գործոններ են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, ռուս-վրացական, իրանա-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետևանքները տվյալ պետությունների արտաքին և տնտեսական քաղաքականության մեջ: Միևնույն ժամանակ հանդես են գալիս այնպիսի լարվածության օջախներ, որոնք դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից: Վերջին տարիների միջազգային զարգացումները հրապարակ են հանել այնպիսի սպառնալիքներ, որոնց չեզոքացման համար պահանջվում է ներպետական և տարածաշրջանային շահերից զատ առաջնորդվել միջազգային անվտանգության համակարգերի զարգացման, դրանց արդյունավետության բարձրացման սկզբունքով, քանի որ առանձին վերցրած ոչ մի պետություն ի վիճակի չէ պայքարել այնպիսի չարիքների դեմ, ինչպիսիք օրինակ, միջազգային ահաբեկչությունն ու թմրադեղերի, հոգեմետ նյութերի և զանգվածային ոչնչացման զենքի տարածումն է: Այս համատեքստում կցանկանայի կանգ առնել առավելապես պաշտպանական բնույթի խնդիրների վրա և վերը ասվածն ամրապնդել տարածաշրջանում պաշտպանական բարեփոխումների իրականացման գործընթացի օրինակով: ՀՀ պաշտպանական բարեփոխումները համընդգրկուն բնույթ ունեն և ուղղված են հետևյալ հիմնական նպատակների իրականացմանը. 1. Ճկուն, թափանցիկ և արդյունավետ համակարգերի ու ժամանակակից չափանիշների ներդրմամբ Զինված ուժերի արդիականացում և մարտունակության բարձրացում, 2. ՀՀ ռազմական անվտանգության ապահովում` իրական և հնարավոր ռազմական սպառնալիքների չեզոքացմամբ, 3. ՀՀ Զինված ուժերի կողմից միջազգային անվտանգության ապահովման մասնաբաժնի ստանձնում` միջազգային անվտանգության տարբեր կառույցների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմամբ: 4. ՀՀ Զինված ուժերի շարունակական բարեփոխման միջոցով անբարենպաստ տարածաշրջանային զարգացումների զսպում` ռազմական հավասարակշռության պահպանման միջոցով, ինչն ապացուցվել է արդեն 15 տարի առանց երրորդ կողմի միջամտության պահպանվող հրադադարի և հարևան երկրին խաղաղության պարտադրման փաստով: Այսօր պաշտպանական բարեփոխումների արդյունքում միջազգային չափանիշներին համապատասխան կազմավորվող ՀՀ ԶՈՒ որոշ նոր ստորաբաժանումներ, կարող են մասնակցել ինչպես ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային խաղաղապահ գործողություններին, այնպես էլ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի անվտանգության գործողություններին: Վերջիններս պետք է ունակ լինեն իրականացնել երկրի սահմաններին և կարևոր պետական ենթակառուցվածքներին սպառնացող ոչ միայն սովորական, այլև ոչ սովորական սպառնալիքներին դիմակայելու և Հայաստանում կամ տարածաշրջանում տեխնածին ու բնական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու խնդիրներ: Այս ամենը հնարավոր է միայն համագործակցության միջոցով: Իսկ համագործակցությունը` հիմնված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման շահի վրա, դառնում է կենսունակ ու կայուն` դիմանալով անգամ հանկարծակի քաղաքական թյուրըմբռնումներին: 2008-2009թթ. իրականացված հավասարակշռված պաշտպանական համագործակցության արդյունքում ոչ միայն ընդլայնվել են ՀՀ զինված ուժերի միջազգային կապերն ու ներգրավվածությունը միջազգային գործընթացներում, այլև լայն հնարավորություններ են ստեղծվել առաջիկայում դրանք ամրապնդելու և ՀՀ զինված ուժերի բարեփոխում ների ու արդիականացման գործին ծառայեցնելու համար: Նման բարեփոխումները, սակայն, պետք է իրականացվեն զուգահեռաբար ու համաչափ, տարածաշրջանի բոլոր երկրների կողմից, թափանցիկության ու հավասարակշռման ոգով, որպեսզի որևէ կողմ ձեռք չբերի առավելություն` իր աշխարհագրության կամ ռեսուրսների քանակի միջոցով, և այն չօգտագործի ի վնաս տարածաշրջանի կայունության: Այստեղ անհրաժեշտ են նոր նախաձեռնություններ, պաշտպանության և անվտանգության, այդ թվում նաև ռազմական բնույթի այնպիսի ծրագրեր, որոնք արտատարածաշրջանային կարող ուժերի համադրված քաղաքականության օժանդակությամբ հնարավորություն կտան անկախ այս կամ այն անվտանգության համակարգին տվյալ երկրի պատկանելիությունից հաստատել կայուն ու երկարատև համագործակցություն, ինչը կձևավորի փոխվստահության մթնոլորտ, որին էլ կհաջորդի տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը: Պաշտպանական քաղաքականության առումով մեկ բան պարզ է. մենք որդեգրել ենք Զինված ուժերի բարեփոխումների ուղին և հաստատակամ ենք այն իրականացնելու գործում, քանզի համոզված ենք, որ մեր բանակի զարգացման և արդիականացման, այն 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու համար այլընտրանքային տարբերակ չկա: Ահա սա հանդիսանում է ՀՀ ազգային շահերից մեկը, և մենք այն ապահովում ենք համագործակցության միջոցով: Վերջում, շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, կցանկանայի կրկին անգամ հույս հայտնել, որ այն իր կառուցողական ներդրումը կունենա տարածաշրջանային անվտանգության ապահովման առջև ծառացած խնդիրների լուծման և տարածաշրջանում համագործակցության ոգու ձևավորման գործում: Շնորհակալություն ուշադրության համար: