ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ


n Այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն առաջիկա երկամյա փուլի համար մշակված Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), ինչպես նաև ԱԳԳԾ գնահատման զեկույցը: Այցի ընթացքում տեղի կունենա նաև ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Հարգելի քաղաքացիներ Հանրապետությունում ս.թ. մայիսի 11-ից սկսված է ՀՀ զինված ուժերի 2009թ. գարնանային զորակոչը: ՀՀ իշխանությունների, ՀՀ պաշտպանության և ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները` զորակոչը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, ամեն ինչ արվել է, որ մեր զինված ուժերը համալրվեն հոգով ու մարմնով առողջ երիտասարդներով: Զորակոչն իրականացվում է բոլորիս միջոցով, բոլորիս համար: Սահմանված կարգով, առանց խախտումների զորակոչի անցկացումը ոչ միայն իրավասու մարմինների, այլև մեր ողջ ազգաբնակչության գործն է: Ահա թե ինչու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ս.թ. մայիսի 14-ից գործում է թեժ գիծ` 661700 հեռախոսահամարով: Զորակոչի վերաբերյալ ձեզ մտահոգող բոլոր հարցերի, նկատված թերությունների, բացթողումների, խախտումների մասին խնդրում ենք անմիջապես զանգել նշված հեռախոսահամարով: Վստահ եղեք, որ ձեզ կտրվեն համոզիչ պատասխաններ և անհապաղ միջոցներ կձեռնարկվեն բարձրացված բոլոր հարցերին լուծում տալու համար: