«Ոչ թե մասնագետ, այլ` քաղաքական մենեջեր»


- Երևանի ավագանու ընտրությունները համամասնական են. ասել է թե` ընտրողը նախապատվություն պետք է տա այս կամ այն կուսակցությանը: Ըստ Ձեզ` արդյո՞ք Քաղաքապետարանը գերազանցապես քաղաքականացված կառույց պետք է լինի: Առավել ևս կուսակցառատ մեր իրականության մեջ դա լրացուցիչ պառակտումների հիմնավոր նախադրյալ չէ՞: - Ամենևին: Սա եվրոպական երկրներում ընդունված պրակտիկա է, երբ կուսակցությունները մրցակցում են երկրի հանրային կառավարման ոլորտում պաշտոններ ստանձնելու համար: Ընդ որում, Հայաստանում մի լուրջ թյուրընկալում կա, թե` զորօրինակ գյուղատնտեսության նախարարը անպայման պետք է լինի գյուղատնտեսության մասնագետ: Դա իրականում բացարձակապես այդպես չէ: Օրինակ, Իսրայելում, Անգլիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարելի է ականատես լինել, թե ինչպես պաշտպանութ յան նախարարը կարող է նշանակվել ֆինանսների, հաջորդ անգամ` գյուղատնտեսության նախարար: Խոսքը ոչ թե մասնագետ լինելու, այլ քաղաքական մենեջեր լինելու մասին է, իսկ քաղաքական մենեջերն ի զորու պետք է լինի ցանկացած գործ կազմակերպել: Ընտրությունների, կամ այսպես ասած քաղաքապետի պաշտոնի քաղաքականացումը լիովին առողջ միտում է, որն իսկապես մոտեցնում է մեզ ժողովրդավարական երկրների չափանիշներին: - Ինչպե՞ս եք վերաբերվում քարոզարշավի հենց սկզբից հրապարակվող թվերին և ցուցանիշներին, որոնք միայն ընտրություններից հետո կարող են հերքվել կամ ապացուցվել: - Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցումների արդյունքում հրապարակվող թվերին և փաստերին, ապա, ցավոք սրտի` Հայաստանում որևէ պրոֆեսիոնալ և օբյեկտիվ սոցիոլոգիական ծառայություն գոյություն չունի, որի կատարած աշխատանքի վրա մենք կարողանայինք հիմնվել, և համարեինք, որ այդ թվերը իսկապես ճշմարիտ են: Բայց բոլոր կուսակցությունները, այնուամենայնիվ, փորձում են սոցիոլոգիական հարցումներ անել: Եվ հիմնականում այդ քայլին դիմում են այն կուսակցությունները, որոնք դրա համար կարող են վճարել: Դրանք իշխանական կոալիցիայի կուսակցություններն են: Փառք Աստծո, մենք որոշ աղբյուրներով կարողանում ենք տեղեկություն ստանալ, և պետք է ասեմ, որ բավական առավելություն ունենք մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: - ՀԱԿ-ն արդեն իսկ հայտարարում է, որ ընտրակեղծիքներ լինելու են: Ի՞նչ նոր մեխանիզմներ ունեք` հնարավոր ընտրակեղծիքները կանխելու կամ բացահայտելու ուղղությամբ: - Ոչ թե լինելու են, այլ արդեն բազմաթիվ խախտումններ են եղել: Մենք ստեղծել ենք մեխանիզմներ, և համայնքային յուրաքանչյուր շտաբում ունենք իրավաբան, ովքեր հետևում են ընտրակեղծիքներին: Նրանք աշխատելու են նաև պետական մարմինների` ՀՀ ոստիկանության, դատախազության հետ: Տարաբնույթ ընտրակեղծիքների մասին մենք ահազանգել ենք իրավապահ մարմիններին, և արդեն կուտակվել է ընտրախախտումների լուրջ բազա, որոնց շատ հաճախ պետական մարմինները չեն արձագանքում. դա էլ է լուրջ խախտում: Կարծում եմ` արդյունավետ ենք աշխատում, քանզի կարողացանք կանխարգելել ԿԸՀ-ի այն որոշումը, որով մեկ տարուց պակաս հաշվառում ունեցող մարդկանց թույլատրվում էր մասնակցել ընտրություններին: -Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅ Դաշնակցության` ընդդիմադիր դառնալու փաստին և չունե՞ք մտահոգություն, որ նաև Կոնգրեսի համակիրներն ու նույնիսկ ՀԱԿ-ի կազմում ընդգրկված առանձին կուսակցություններ կարող են համալրել նորընծա ընդդիմադիր ուժի շարքերը: - Մենք նման մտահոգություն չունենք, որովհետև ընդդիմությունը հայտարարությամբ չի ձևավորվում, այլ ընկալումով է դա արվում: Այսօր ոչ ոք Դաշնակցությանը չի ընկալում իբրև ընդդիմություն: Եվ նա չի կարող մեզ մրցակից համարվել: - Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու, առավել ևս քաղաքապետի պաշտոնը ձեռք բերելու դեպքում, ո՞րն է լինելու Հայ Ազգային Կոնգրեսի, կամ ավելի ստույգ` նրա առաջատար քաղաքական ուժ ՀՀՇ-ի հիմնական անելիքը: - Ձեր հարցի մեջ սխալմունք կա: Իրականում ՀԱԿ-ը 18 կուսակցությունների միավորում է: Այո, Հայոց Համազգային Շարժումը մեծ քաղաքական ուժ է, բայց ընդամենը մեկը` 18-ի մեջ: Եթե խոսում ենք այն մասին, թե ի՞նչ ենք անելու հաղթանակից հետո, ապա դա վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին: Մեր նախընտրական ծրագիրը կազմված է 2 մասից` քաղաքական և Երևանի: Մենք այս ընտրություններն ընկալում ենք իբրև Հայաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերն առողջացնելու ծրագիր, որը միայն Երևանին չի վերաբերելու, այլ շատ արագ հանգեցնելու է լրջագույն փոփոխությունների ամբողջ Հայաստանի մասշտաբով: Դրան է միտվում նաև մեր կարգախոսը` «Փոխենք Հայաստանը… սկսենք Երևանից»: Եվ առաջին քայլերը վերաբերելու են ժողովրդավարության վերականգնմանը, տեղեկատվական շրջափակման ճեղքմանը, կաբելային հեռուստատեսության տարածմանը: Որպեսզի ժողովուրդն ավելի տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մի բան, որ այսօր բացակայում է, քանի որ իշխանությունները վերահսկում են բոլոր հեռուստաընկերությունները: Ի դեպ, մեր նախընտրական ծրագրում ներառված են բազմաթիվ դրույթներ, որոնց իրագործմամբ արագ կփոխվի երկրի քաղաքական մթնոլորտը, և կստեղծենք հակակշիռներ` գործող իշխանությանը: Կարծում եմ` շատ կարճ ժամանակամիջոցում կունենանք նաև արտահերթ խորհրդարանական և Նախագահի ընտրություններ: - Քաղաքապետարանում իրականացվելիք այն հիմնական ծրագրերը, որոնք ՀՀՇ-ն չիրականացրեց իր իշխանավորման ընթացքում: - ՀԱԿ-ը նոր թիմ է, որտեղ կան մարդիկ` այդ թվում նաև հիմնադիր նախագահը, ովքեր 1993 թվականից գործել են իշխանության թիմում: Սա բոլորովին նոր քաղաքական թիմ է, որտեղ փոխվել են բոլորը. փոխվել է ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը: Յուրաքանչյուրն իր փորձառությամբ, իր վերաիմաստավորված դիրքորոշումներով կազմել է նոր թիմ: Սա լրիվ նոր թիմ է` նոր գաղափարներով, նոր մոտեցումներով: Ես ուղղակի չեմ ցանկանում, հատկապես նախընտրական այս շրջանում, ներքաշվել անցյալին վերաբերող բանավեճերի մեջ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ