Հարգիր օրենքը, և այն կպաշտպանի քեզ


Բոլոր ժամանակներում էլ մեր հայրենակիցները նաև Ռուսաստանում են բնակություն հաստատել: Սակայն վերջին 1-2 տասնամյակում հայ համայնքը մեր երկրին պատուհասած սոցիալական դժվարությունների արդյունքում այստեղ ևս աննախադեպ չափերով մեծացել է: Բնականաբար` արտագաղթի հաշվին: Իրողություն, ինչի հետ հաշվի չնստել չեն կարող պետական այրերը: ՌԴ-ՀՀ բարեկամական սերտ կապերի շրջանակներում հրատապներից է և արտագաղթի թեման ու արտագաղթածների պաշտպանվածութ յան խնդիրը: Հենց այս նպատակով էլ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ օրերս յուրօրինակ հանդիպում էր կազմակերպվել մեր երկու պետությունների միգրացիոն ծառայությունների ղեկավարների ու հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այն գործնական երկխոսության վերածվեց` շնորհիվ համակարգի պատասխանատուների պատրաստակամության: Ինչպես նշեց դեսպան Ա. ՍՄԲԱՏՅԱՆԸ` - Մենք անչափ կարևորում ենք նման հանդիպումները, որոնք փոխըմբռնումը խորացնելու, հրատապ խնդիրներ քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու հնարավորութ յուն են ընձեռում: Մանավանդ` համընդհանուր այս ճգնաժամի ընթացքում, որը գործազրկությամբ է սպառնում արտագաղթյալներին: Կոնստանտին ՌՈՄՈԴԱՆՈՎՍԿԻ.- Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, միլիցիայի գեներալ-գնդա պետ. - Միգրացիոն ծառայության խնդիրն է օգնել մարդկանց, ովքեր դեպքերի բերումով հանգրվան են որոնում ՌԴ-ում: Օգնել` որպեսզի նրանք ծանոթանան մեր երկրի օրենքներին, կատարեն դրանց պահանջները… Իհարկե, այսօր մենք հանդիպել ենք ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ու Հայաստանը համերաշխ բարեկամներ են, այլ նաև` որովհետև մեր 2 ժողովուրդների համար էլ հիմա դժվարին ժամանակներ են: Ուրեմն` պիտի փորձենք միասին որոնել այնպիսի մոտեցումներ, որպեսզի նվազագույն կորուստներով հաղթահարենք եղած դժվարությունները և կարողանանք այսուհետ ևս օգնել միմյանց: Անցյալ տարի արձանագրվել է ՌԴ-ում Հայաստանից 665 տեղափոխություն (411 հազար մարդ): Մոտ 365 հազարը եկել են մասնավոր այցով կամ աշխատելու նպատակով: Նրանցից օրինական թույլտվություն ստացել է 85 հազարը: Մյուսները, եթե մնացել են, ապա` ոչ օրինական ճանապարհով: Այս փաստը խոսում է այն մասին, որ մեզանում դեռևս կատարյալ չեն օրենքի կենսագործման մեխանիզմները: Ներկայումս Ռուսաստանում աշխատում են շուրջ 50 հազար ՀՀ քաղաքացիներ: Ամենից ավելի ինձ զարմացրել է այն իրողությունը, որ ի տարբերություն հետխորհրդային մյուս պետություններից ներգաղթածների, Հայաստանի քաղաքացիներն աշխատում են մեր երկրի բոլոր անկյուններում` Մոսկվայից (ուր աշխատում է 90 հազար հայ) մինչև Յակուտիա (120 հայ): Սա լուրջ ցուցանիշ է: Բայց շատ հաճախ մարդիկ չեն զգուշանում` չունենալով աշխատանքի և կեցության իրավունք: Մենք պետք է հասկանանք նաև, որ ներգաղթածներն իրենց վաստակած գումարներն այս երկրից դուրս են ուղարկում, ինչը, բնականաբար, հարվածում է մեր տնտեսությանը: Սակայն ամենից ավելի մենք կարևորում ենք այդ մարդկանց պաշտպանվածության խնդիրը: Գագիկ ԵԳԱՆՅԱՆ. ՀՀ միգրացիոն գործակալության պետ. - Ռուսաստանն այն պետությունն է, ուր հանգրվան է գտել մեր երկրից արտագաղթածների մեծ մասը: Եվ նրանց ընտրությունը պատահական չէ: Վերջին 15 տարում Հայաստանից տեղափոխված շուրջ 1 միլիոն քաղաքացիներից գրեթե 700 հազարը եկել է այստեղ, ու նրանց 93 %-ը աշխատանք է գտել այս երկրում: Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների մոտ 80 %-ը նույնպես Ռուսաստանից է ստացվում (անցյալ տարի այդ գումարի չափը կազմել է մոտավորապես 1,5 մլրդ դոլար): Միաժամանակ նաև անվիճելի է հայկական սփյուռքի դերը` ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Անկախ փորձագետների գնահատմամբ` հայաստանցի գործարարներն այստեղ ստեղծել են ավելի քան 1 միլիոն աշխատատեղ: Ներգաղթային քաղաքականության մշակման գործում գլխավոր դերակատարում ունի դաշնային նույնանուն ծառայությունը, որի միջոցով հաշվառվում, գործունեություն իրականացնելու թույլտվություն են ստանում և օրինական բնակությանն առնչվող տարբեր հարցեր են լուծում այլ պետություններից եկվորները: Այս կառույցը մեր հայրենակից ների մշտական ուղեկիցն է դառնում` ՌԴ-ում գտնվելու ողջ ընթացքում: Այս առումով ուզում եմ անպայման նշել մեր 2 պետությունների միգրացիոն ծառայությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Համագործակցություն, որն ընդլայնվում ու խորանում է օրեցօր` ամենատարբեր համաձայնագրերով ու պայմանագրերով: * * * Հատկապես գործարար շրջանակների ներկայացուցիչներին հուզող խնդիրները բազմաթիվ էին ու բազմազան: Պատրաստակամորեն արձագանքելով բոլոր հարցերին և հետաքրքրությամբ ծանոթանալով հնչած առաջարկներին ու նկատառումներին, Կոնստանտին Ռոմոդանովսկին և նրա տեղակալ Եկատերինա Եգորովան մանրամասնեցին օրենքի շատ դրույթներ: Ինչպես նշեց գեներալ-գնդապետը` անելանելի վիճակներ չեն լինում. հարկավոր է ելքեր որոնել: Նրա իրատեսական այս լավատեսությունը նույնպես խարսխված էր օրենքը հարգելու յուրաքանչյուր քաղաքացու, տվյալ պարագայում` իրենց երկրում աշխատանք ու կեցություն որոնող արտասահմանցիների պարտականության հենքին: Եվ հենց վերջիններիս լրացուցիչ դռներ թակելու դժվարությունը թեթևացնելու նպատակով, ինչպես տեղեկացրեց Կ. Ռոմոդանովսկին, եկվորները կամ ՌԴ ներգաղթել պատրաստվողները խորհրդատվություն կարող են ստանալ ինտերնետային կայքի միջոցով: Իսկ ընդհանուր առմամբ` նոր օրինագծեր են մշակվում` հնարավորինս դյուրացնելու եկվորների հաշվառման գործը: Միայն թե` վերջիններս հարգեն օրենքները և փորձեն շրջանցել դրանք:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ