ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին ու նրա իմպրեսարիո Լևոն Սայանին: Նախագահ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը և անգնահատելի համարել նրա ծառայություններն իր արվեստով ու գործունեութ յամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ ևս վերահաստատել են, որ Հայաստանը Սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց` բոլորովին այլ: Մեծանուն երգիչն ասել է, որ 21 տարվա ընդմիջումից հետո այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և խիստ տպավորված է: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը և Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին: Ի դեպ, Երևանում կառուցվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որտեղ օրերս եղել է Նախագահ Սերժ Սարգսյանը` տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը: