Մայիսի 31-ը` նոր փորձաքար


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հասարակությունը երբևէ այնպես չի արձագանքել, ինչպես Երևանի ավագանու առաջիկա ընտրությանը: Մայրաքաղաքում այսօր գրեթե ամենուրեք` բակերում երևանյան ամենատարածված թղթախաղի` «բլոտի» ու նարդու շուրջ քննարկման թեման մայիսի 31-ի հնարավոր արդյունքների կանխագուշակումներն, ընտրազանգվածին քվեների դիմաց խոստացվող, բացահայտ ու քողարկված տրվող ընտրակաշառքներն են: Սակայն հայաստանյան ընտրությունների անբաժանելի մասը դարձած ընտրակաշառքներն ու նախըտրական խոստումներն այս անգամ, թվում է, այնքան էլ որոշիչ դեր չեն ունենալու: Մշտապես ՏԻՄ ընտրություններին մեծ մասամբ անտարբեր երևանցին կարծես արդեն հասկացել է, որ մայիսի 31-ին ինքը պարզապես Երևանի մենեջեր, կառավարիչ չի ընտրելու: Իրականում, Երևանի ավագանիում մեծամասնություն կազմելուն հավակնող քաղաքական ուԺերի կողմից ընտրված քաղաքապետն ըստ էության պետք է ներկայացնի Հայաստանի բնակչության մեկ երրորդին, հանդես գա նրա անունից: Եվ այս առումով, մայրաքաղաքի կանաչապատման, բարեկարգման, աղբահանության և կենցաղային այլևայլ խնդիրների լուծման մասին տրվող նախընտրական խոստումները մղվում են երկրորդ պլան: Մանավանդ ընտրողը դառը փորձից գիտի, որ նախընտրական խոստումների մեծ մասը, որպես կանոն, թեկուզ. օբյեկտիվ հետևանքով չեն կատարվում: Թերևս, այս ամենի հետևանքով Երևանի ավագանու ընտրությունները չեն դիտվում իբրև զուտ ՏԻՄ ընտրություններ և համապետական նշանակություն են ձեռք բերել: Կամա թե ակամա ներքաշվելով նախընտրական պայքարի մեջ, շարքային երևանցու մտահոգության առարկա են դառնում մեզանում արմատացած ընտրախախտումներն ու «ռազբորկաները»: Իսկ նման երևույթներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն միջազգային ասպարեզում երկրի հեղինակության վրա, այլև հասարակության ներսում անհանդուրժողականությունն են խորացնում Ճակատագրի բերումով, թե հեգնանքով հունիսի 5-ին ԵԽԽՎ-ում դարձյալ քննարկվելու է Հայաստանի հարցը: Այսինքն, մեկ տարի առաջ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունները դեռ չմարսած, Հայաստանի համար մայիսի 31-ը նոր փորձաքար կարող է դառնալ: Խնդիրն այն է, որ մեզանում քիչ չեն իշխանություններին արջի ծառայություն մատուցողները: Ոմանք առիթը բաց չեն թողնում` վերադասներին իբր հավատարմությունն ապացուցելու համար: Տպավորությունն այնպիսին է, որ ընտրապայքարի ելած քաղաքական ուժերի շարքային անդամները շատ ավելի «մարտականորեն են տրամադրված և իրենց ինքնագոր ծունեությամբ ավելի շատ վնասում են իրենց «պաշտպանյալ» թիմերի հեղինակությանը: Քյոխվայական վարք ու բարքով, իրենց գրպանի շահից դուրս ոչինչ չտեսնող նման մանկլավիկները հասու էլ չեն ոչ Եվրախորհրդի առջև ստանձնած մեր պարտավորություններին, ոչ էլ հարազատ երկրի միջազգային հեղինակությանը: Եվ ընդհանրապես, այդպիսիների համար, դժբախտաբար, հայրենասիրություն ասվածը շարունակում է սոսկ բաժակաճառային ճարտասանություն մնալ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ