Այսպիսի «հպարտություն և արժանապատվություն»


Շարունակ կրկնվող «լենինյան ինտերնացիոնալիզմ», «մարքսիստական գրականագիտություն և քննադատություն» արտահայտությունները որոշակի հղումներ են տողերիս հեղինակի «Ինտերնացիոնալիզմը սովետահայ գրականության պաթոսն է» (1975) և «Մարքսիստական գրական քննադատության ուրվագիծ» (1978) «բրոշյուրներին»: Ուրիշ հոդվածներ էլ գրել եմ խորհրդային ու խորհրդահայ գրականությունների զանազան խնդիրների մասին: Գրել եմ համոզմունքով, որ տարածվել է ժամանակին բնորոշ սխալ և միակողմանի ըմբռնումների վրա ևս. «Լենինի մասին… ճշմարտությունը …ուշ իմացանք…Այս կամ այն կերպ տուրք տվածները ապաշխարեցին, կարծես թե Աստված ներեց…Մեղ քը քավածին հին մեղքի հիշեցումը շատ ավելի ծանր հանցանք է…»(նշվ. գրքույկ, էջ 13): Այո, ավելի ծանր հանցանք է, առավել ևս, երբ նույն մեղավորությունը կրողի կողմից է ներկայացվում: Իհարկե, ավելի հեշտ էր, նաև անվտանգ, քաշվել սեփական պատյանի մեջ կամ զանազան ակնկալիքներով աճուրդի հանել սկզբունքները: Ավելի դժվար էր գրել այդ իրականության մասին և հետամուտ լինել սեփական ըմբռնումներին: Հիշածս «Ինտերնացիոնալիզմը սովետահայ գրականության պաթոսն է» «բրոշյուրի» գլխավոր խնդիրներից մեկը ազգային առանձնահատկությունների ու մշակույթների կենսունակության ընդգծումն է սոցիալիզմի պայմաններում, գրականության մեջ այս խնդրից առանձին նահանջների մատնանշումը: «Իրականությունը հեղափոխության, ավելի կոնկրետ` դասակարգային պայքարի տեսանկյունից ընկալելու նորօրյա պահանջը կարճատև մի շրջանում գրականությունից, հատկապես պոեզիայից, դուրս մղեց ազգային բնավորությունն ու կոլորիտը» (էջ 10): «Որոշ գրողների մոտ նոր մարդու հոգեբանությունը կտրվում է նրա ազգային պատմությունից, ժողովրդի կենսափիլիսոփայությունից, ներկայացվում իբրև սոսկ շահագործման ու բռնության դեմ անհաշտ պայքարի անկոնկրետ դրսևորում» (էջ 11): «Աթա ապոր և Օրուջի բարեկամությունը խարսխված է հասարակ մարդկանց, իբրև ճշմարտության և անխարդախ գեղեցկության կրողների, վարքագծի վրա» (էջ 14): «Մերկ գաղափարայնությունը, վերամբարձ բարոյախոսությունը, ազգային պատմության, դարերով կերտված բնավորության հատկանիշների անտեսումը սպառնում էին գրականության գեղարվեստական ու ճանաչողական արժեքին» (էջ 19-20): Նման ըմբռնումները կարող էին դեմ առնել գրաքննության արգելքին, եթե չկարողանայիր հիմնավորել Մարքսով, Էնգելսով, Լենինով. «Վ.Ի.Լենինը բազմիցս նշել է, թե ազգային տարբերությունները դարերով կազմավորված երևույթներ են, դրանով էլ խիստ կենսունակ, և որ այդ տարբերությունները պրոլետարիատի դիկտատուրան նույնիսկ համաշխարհային մասշտաբով իրագործվելուց հետո էլ կպահպանվեն շատ ու շատ երկար ժամանակ: Քանի դեռ գոյություն ունեն ազգերը, ապազգային արվեստ լինել չի կարող: Ազգային խնդիրները, այդ թվում նաև արվեստի հարցերը, քննելիս Լենինը պահանջում էր լինել հազար անգամ զգույշ: Ազգայինն ու ինտերնացիոնալը իրարից անկախ երևույթներ չեն, որոնց պետք է «մոտեցնել» իրար: Ազգային յուրաքանչյուր ստեղծագործություն, եթե այն իրոք կենսական խնդիրների ընդհանրացում է, անպայման նաև համամարդկային է: Խիստ վտանգավոր է ինչպես ազգային սահմանափակությունը, սեփական ցանկապատից այն կողմ աշխարհ չճանաչելը, այնպես էլ ազգային նիհիլիզմը, սեփական ժողովրդի մեծ ավանդների անտեսումը» (էջ 22): Այն ժամանակ, երբ զանազան աղաևներ միութենական մամուլում «ջատագովում» էին ազգերի, ազգային լեզուների ու մշակույթների մահվան տեսությունը, նման բնույթի ելույթները բոլորովին էլ անվտանգ չէին: Գիտակցաբար մեծ թվով մեջբերումներ արեցի` փաստելու համար, թե ինչպես եմ ընկալել ինտերնացիոնալիզմի («լենինյանը» Յու. Խաչատրյանն է հավելել, անհնար բան է, որ ձեռքի հետ մի բան չփոխի, նման օրինակների ընթերցողը կհանդիպի «Զրախոսությունը իբրև գրախոսություն» գրքույկում նույնպես, էջ 20, 22) և գրականության առնչութ յունը: Այս «ինտելեկտուալը» սիրում է անընդհատ կրկնել. ինչո՞ւ այսօր էլ չեք գրում Լենինի մասին, ինտերնացիոնալիզմի մասին: Գրում եմ, «էրուդիտ», այսօր էլ եմ գրում: Այսօր ինտերնացիոնալիզմին ուրիշ անուն են տալիս ինտերնացիոնալ կորպորացիաների գաղափարախոսները: Մերօրյա համաշխարհայնացումը կրում է ինտերնացիոնալիզմի բոլոր վտանգները` զուրկ լինելով նրա դրական հատկանիշներից: Ազգային առանձնահատկությունների ու մշակույթի ճակատագիրը համաշխարհայնացման համահարթող արշավանքի պայմաններում շարունակում է նույն չափով մտահոգել տողերիս հեղինակին: Ասել է թե` նույնն եմ մնացել: Ասենք` Յու. Խաչատրյանն էլ է նույնը մնացել. «սովետական ռեժիմի օրոք» «սովետական իշխանություն» և «սովետական մարդ» «ջատագովելով» հաց էր մուրում ռեժիմից (թեկնածուական աստիճանը աշխատավարձը 60 ռուբլուց մեկ հարվածով հասցնում էր 220-ի), այսօր հայհոյում է «սովետական իրականութ յունն» ու «սովետական մարդուն», նաև ինտերնացիոնալիզմը` դարձյալ մուրալով ինչ-որ բան… Եվ այսպիսի վարքի տեր մեկը հանդգնում է ուրիշներին մեղադրել հավատափոխ լինելու մեջ… Սեփական կենսագրությունը «սրբագործելու» մի ուրիշ փորձ է հետևյալը: Ի պատասխան իմ առարկության, թե Պ. Սևակի մասին Սարինյանի տեսակետները հերքում է, առանց իր տեսակետը հայտնելու, նույն անձնապաստան հռետորականությամբ պահանջում է մատնացույց անել այն «տիեզերական տեսակետները», որոնք անտեսվել են: Սա երրորդ հանդիմանությունն է` «Ինչո՞ւ Գ. Անանյանը մատնացույց չի անում…»: Առաջինով պահանջում էր Սարինյանի գրքի մասին զրախոսության գեթ մեկ սխալը ցույց տալ, տասնյակից ավելի սխալներ ցույց տվեցի, որոնք մի ամբողջ գրքույկ կազմեցին: Երկրորդ պահանջը վերաբերում էր «սովետական ռեժիմի ջատագովությանը» նվիրած «մեկ իսկ տող» գտնելուն. իր կողմից «մոռացության» տրված գիտական թեզն ու սեղմագիրը դրեցինք իր առջև: Հիմա էլ` Սարինյանի «տիեզերական տեսակետները» կարող եմ «մատնացույց անել»: «Պարույր Սևակի քաղաքացիական պոեզիան» թեկնածուական թեզում բանաստեղծի մտածողության «գեղարվեստական կառույցի» և նրա «գեղագիտության համակարգում» մարդու խնդրի վերաբերյալ բավականին հետաքրքիր մտքերի հանդիպեցի: \'\'Поэзия П. Севака то вторгается в сферы философских раздумий и загадочных поисков, то занимается обстоятельным исследованием социальных и этических явлений жизни. В единстве этих двух существенных свойств и следует искать художественную структуру его поэтического мышления\'\' (Гեզ, էз 53): \'\'Человек в его эстетической системе перерастает из социальной конкретности в филисофскую категорию\'\' (ն.տ., էջ 55): Տողատակի հղումից պարզվում է, որ այս հետաքրքիր մտքերի հեղինակը Ս. Սարինյանն է, երկուսն էլ վերցված են նրա «Քննադատությունը և գեղարվեստական զարգացու մը» (Երևան, 1973) գրքից, նշվում են էջերը` 109, 111: Դժվարանում եմ որոշել` «տիեզերակա՞ն» են այս տեսակետները, թե՞ երկրային, բայց կար ժամանակ, երբ «ինտելեկտուալը» իր գիտական գործունեության համար դրանք ուղեցույց էր ընտրել: Ավելին` Հր. Թամրազյանին ու Ս. Սարինյանին համարում է «օբյեկտիվ» քննադատության ներկայացուցիչներ (ն.տ., էջ 52), գրականության ցանկում նշում նույն Սարինյանի գրքերն ու հոդվածները (չորս անուն): Բոլորին ազնվության դասեր տվող «ինտելեկտուալը» Սարինյանին «միշտ քաղաքական կարգի և ռեժիմի ջատագով» անվանելուց առաջ «մեկ իսկ տողով» չպե՞տք է խոստովաներ, որ «սովետական ռեժիմի» օրոք այս գրականագետը բարձր հեղինակություն էր իր համար: Իմիջիայլոց` թեկնածուական թեզում ուրիշ արժեքավոր մտածումներ էլ կային, բոլորը ծանոթ հեղինակների` Ալմաստ Զաքարյանից մինչև… Կարլ Մարքս: Սա է Յու. Խաչատրյանը: Դե, հիմա ընթերցողը թող հուշի. ի՞նչ անեն գրականության ինստիտուտն ու գրողների միությունը, ակադեմիան ու համալսարանի հայագիտական ամբիոնները: Ասեն` Յու. Խաչատրյանը չի՞ ստել, պատեհապաշտության թուլություն չի՞ ունեցել, իր համար երբեմնի հեղինակություններին չի՞ հայհոյել կամ մոռացել, հաստատե՞ն նորագույն գրականագիտության նրա «ոսկի» կանոնները, թե՞ միջնորդեն, որ անցնի ռեժիմի օրոք իրենց բարձր պահած «հինգ կամ տասը մարդկանց» շարքերը… Հպարտ ու արժանապատիվ կյանքով ապրողներին Աստված անգամ օգնել չի կարող, հուսանք` գեթ ննջեցյալ արժանապատիվների հոգիները կփրկի Յու. Խաչատրյանի ներկայությունից…

Գառնիկ ԱՆԱՆՅԱՆ