«Մեր ժողովուրդը սպասում է ձեզ, սպասում է սիրով ու անձկությամբ.


«Մեր ժողովուրդը սպասում է ձեզ, սպասում է սիրով ու անձկությամբ. արժանի եղեք մեր ժողովրդի սիրուն ձեր ծառայությամբ ու նվիրումով, ձեր կյանքով,գործերով ու պահվածքով»,- պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 2006-2007 ուսումնական տարվա փակման միացյալ հանդիսությունը£ Այս տարում Գևորգյան Ճեմարանն ունեցավ 31 շրջանավարտ: Անդրադառնալով անցյալ ուսումնական տարում արձանագրած ձեռքբերումներին` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը նշեց` - Հոգևոր ճեմարանը ձիթայուղ է, այն կաթսան, որտեղից մատակարարվում է Լուսավորչի կանթեղի ձիթայուղը: Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքում արժանիորեն կարևորեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը ազգային-եկեղեցական կյանքում: Դպրանոցի ներկայիս 71 ուսանողների թվում են նաև սաներ Իրաքից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և Սիրիայից: Ճեմարանականների ջանքերով հրատարակվել են հինգ աստվածաբանա կան աշխատություններ: Սաներն իրենց ծառայությունն են բերում նաև Գեղարքունիքի թեմի եկեղեցիներում: Հաջողությամբ շարունակվում է «Կանաչ աստվածաբանություն» բնապահպանական առարկայի դասավանդումը դպրանոցում: Հավարտ տեսչական զեկույցների, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում առաջադիմություն ցուցաբերած սաները Վեհափառ Հայրապետից ստացան նվերներ: Տպավորիչ էր վեցերորդ լսարանի սան Գոռ սրկ. Նազարյանի շնորհակալական խոսքը. - Ճեմարանական տարիներն այն թթխմորն են, որով պիտի խմորվի մեր ողջ կյանքը: ...Այսօր Ձեր առջև ենք` պատրաստ մեր ինքնանվիրումը բերելու Մայր Եկեղեցու զորացման, ժողովրդին ծառայելու աստվածահաճո գործին: «Իրապես, մենք պիտի կարողանանք մեր երազած ուսյալ, մտավորական նկարագիր և խառնվածք ունեցող եկեղեցականներով օժտել մեր Եկեղեցին, բարձրացնել որակը մեր եկեղեցականների, որը նշանակում է միաժամանակ բարձրացնել և ծառայության որակը մեր Եկեղեցում և մեր ժողովրդի կյանքում»,- ասաց Հայոց Հայրապետը` իր գնահատանքը հայտնելով ճեմարանների տեսչություններին, մանկավարժներին և ճեմարանականներին իրենց նվիրումի, անհոգնաբեկ աշխատանքի ու պատասխանատվության բարձր զգացումի համար: Վեհափառը աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ առատանա հունձքը հոգևոր կրթական հաստատությունների` հունձք կրթական բարձր մակարդակով և հոգևոր պատրաստվածությամբ, որպեսզի կարելի լինի հոգևորականաց միջոցով մեր Եկեղեցու ամբողջական ծառայությունը ապահովել մեր ժողովրդին: Վազգենյան հոգևոր դպրանոցի հաջողությունների մասին գոհունակությամբ է խոսում Վաղինակ սար կավագ Հովհաննիսյանը` կարևոր համարելով հիշեցնել, որ այն 1990-ին հիմնադրվել է ներկայիս Վեհա փառ Հայրապետի ջանքերով: Նախնական դժվարություններ, ինչ խոսք, եղել են: Սակայն, ինչպես նշում է Վաղինակ սարկավագը. - Ամենայն դժվարություն հաղթահարվեց` շնորհիվ Վեհափառի հետևողականության, ով, ունենալով այդ տեսիլքը, մնաց նվիրյալը Հայ Առաքելական եկեղեցու համար հոգևորականների ուսյալ հերթափոխ կրթելու գործի: Ինչ խոսք, կարևոր է, որ դպրանոց ընդունվող անձը հավատա Աստծուն, Քրիստոսին, և Նոր կտակարանի պատվիրանները նրա համար ուղենիշ լինեն, Տիրոջը ծառայելու չափանիշ: Վաղինակ սարկավագի հավաստմամբ` ոչ բոլորն են հաղթահարում ուսումնառության չորս տարիները, դժվարությունները` իրենց մեջ հոգևոր ուժ չգտնելով: Իսկ Տիրոջ խոսքին ականջալուր համբերողները հենց ուսումնառության տարիներին արդեն ստանում են հոգևոր աստիճաններ` սեփական կամքով նախընտրելով ամուսնացյա՞լ հոգևորական դառնալ, թե՞ կուսակրոն: Ավելին, երկրորդ, երրորդ կուրսից նրանք սկսում են մասնակիցը դառնալ ծիսակատարությունների, հանդիպումներ են ունենում Սևանի հոգևոր համայնքի անդամների հետ, փորձում պարզաբանել նրանց հուզող հարցերը: Ասել է թե, մարդկային հոգու խոպանը հերկելու կարևորագույն գործը այլևս հուսալի ձեռքերում է, և ժամանակի ընթացքում վերանալու է աղանդավոր հոգեորսների հունդը: (Սկիզբը` թիվ 20-21-ում)