ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հայկե Ռենատե Փայչին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում դեսպանն անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում գերմանական առաքելության կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ եղավ ռազմական կրթության ոլորտում կապերն ընդլայնելու խնդրին, այն է` Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Դեսպանը նախարարին տեղեկացրեց օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից ստացվելիք հումանիտար բժշկական օգնության մասին: Հանդիպման ավարտին Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց դիվանագի տական հետագա առաքելություններում: n ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցչության ֆուտբոլային հավաքականը առաջին անգամ մասնակցեց Բրյուսելում 24 հավաքականների մասնակցությամբ անցկացված ռազմական ներկայացուցչությունների առաջնությանը: Վիճակահանությամբ ընդգրկվելով ուժեղագույն խմբում` Հայաստանի հավաքականը կարողացել է պատշաճ խաղ ցույց տալ` անմասն չմնալով մրցանակներից. մրցավարական հանձնաժողովը Հայաստանին միաձայն շնորհել է մրցաշարի «ազնիվ խաղի» մրցանակը` պարգևատրելով խորհրդանշական գավաթով: n ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա` այսօր այնտեղ կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ