Ուղևորներին ականջ են դնում


 

Ու ոչ թե նրանց ամեն ցանկությունն իսկույն կատարելու նկատառումով, այլ սահմանի պահպանությունն ավելի ապահով դարձնելու և երկրի անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Կանադայի սահմանապահ ծառայությունը մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում հատուկ սարքեր է տեղադրել` ուղևորների բոլոր խոսակցություները լսելու (ԹպրՑՌ.Ry):

Թե հատկապես որտեղ են ամրացված գերզգայուն այդ ձայնորսիչները` չի մանրամասնվում: Ու բացի դրանցից, այնտեղ նաև 88 թվային նորագույն տեսախցիկներ են մոնտաժվել` 500 հազար դոլար արժողությամբ: Ի տարբերություն լսասարքերի, այս տեսախցիկները նկատելի են: Այսինքն, աչքից կարելի է հեռու մնալ, բայց ականջից` ոչ մի կերպ:

Ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Քելին խոստովանել է, որ ուղևորների խոսակցությունները ոչ միայն լսվելու, այլև ձայնագրվելու են, իսկ ավելի ուշ տեղադրվելու են սահմանային ծառայության կայքում:

Կանադայի կառավարությունն այս քայլն անհրաժեշտ է համարել` որպես կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ հակազդման միջոց:

Բայց արդյո՞ք այդ փաստի բարձրաձայնումը չի հակասում կառավարության նպատակները: Հանցավոր խմբավորումները, այն էլ` կազմակերպված, մի՞թե պետք է իրենց մեղսավոր ծրագրերի մասին օդակայանում խոսեն: