ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ` ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ


 

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն, իսկ ռեկտորի պաշտոնում ընտրվեց ռեկտորի պաշտոնակատարը: Սա, թերևս, տրամաբանական լուծում էր: Վերջապես բացվել է դասախոսների լեզուն, ու նրանք խոսում են այն իրավիճակի մասին, որը տիրել է այս բուհում ոչ անհայտ Սուրեն Զոլյանի ռեկտորության շրջանում:

Ինչպես ընտրությունների օրը խոստովանեցին բուհի մի շարք դասախոսներ, իրենք զրկված են եղել սեփական մտքերն ու կարծիքներն արտահայտելու հնարավորությունից, Զոլյանը բառացիորեն ստրկացրել է բոլորին` այստեղ ձևավորելով ֆեոդալական կարգեր: Մարդիկ վախեցել են ելնել ռեկտորի դեմ այն պատճառաբանությամբ, որ նա իրեն համարել է ամենազոր, որ, իբրև թե, իշխանություններն աջակցում են իրեն… Հիմա ցանկացած անձի ընտրություն նրանց համար փրկության ճանապարհ է:

Սակայն պարզվում է, որ նախկին ռեկտորը դեռ չի հանգստացել և հիմա էլ փորձում է մի խումբ ուսանողների առաջ մղելով` ոչ օրինական համարել տալ կայացած ընտրությունները: Ուսանողներից ոմանք, Սուրեն Զոլյանի թելադրանքով, պնդում են, թե ուսանողական խորհուրդը, որը մասնակցել է ընտրություններին, լեգիտիմ չէ, որ նրա լիազորություններն ավարտվել են տակավին փետրվար ամսին…

Էյֆորիայի մեջ ընկած նախկին ռեկտորը չի ուզում նկատել, որ նոր ուսանողական խորհուրդ չի ձևավորվել հենց իր մեղքով, որ ինքն է ցանկացել պահել ոչ լեգիտիմ խորհուրդ` իր հարցերը լուծելու համար… Տեղին է հիշել դասախոսներից մեկի դիպուկ խոսքը.

- Երբ ընդունելության քննությունները վերածել էին ամենապարզ առևտրի, երբ բուհում ծաղկում էր կոռուպցիան` Զոլյանն ուսանողներին մասնակից չէր դարձնում այդ ամենին: Հիմա ինչո՞ւ է դիմել ուսանողների օգնությանը:

Ճիշտ որ…