Դովեղի առավոտներից մի ծուղրուղու պակասեց


 

«Փոքրիկ ողբերգություններ» շարքից

Գյուղում ապրած մարդիկ լավ են հասկանում, թե գյուղացու, այն էլ` թոշակառուի համար, ինչ արժեք ունի դժվարությամբ պահած թեկուզ մեկ կենդանու (կով, ոչխար, հավ կամ աքլոր` նշանակություն չունի) կորուստը: Եվ ապշում ու զարմանում ես, թե այս կարևոր հանգամանքը գիտակցող բանական մարդը, այն էլ` գյուղացին, ավելին` պետական նշանակության գործի պատասխանատուն, ինչպես կարող է իր անմիտ և հանցավոր քայլով ցավ պատճառել տարիքն առած համագյուղացուն: Թող ընթերցո´ղը գնահատական տա ներկայացվող արարքի հեղինակին:

Դովեղ գյուղի համայնքապետը դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին` հայտնելով, որ «օրը ցերեկով, ժամը 12.00-ի սահմաններում, գյուղի կենտրոնական մասում լսվել է հրազենային կրակոցի ձայն, որի հետևանքով սատկել է համագյուղացու` թոշակառու Շ.-ին պատկանող աքլորը` վերջինիս պատճառելով 3000 դրամի նյութական վնաս»:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը` նույն գյուղի բնակիչ, Նոյեմբերյանի ջրմուղի հսկիչ, 53-ամյա Կարեն Վարդանյան:

Պարզվել է նաև, որ ակնհայտորեն հսկիչի կարիք ունեցող այս հսկիչը, Աստծո և պետության կողմից տրված իր բուն առաքելությունները մոռացած` խեղճ կենդանուն կյանքից զրկել էր իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանից: