«Ստրկատիրոջ» գործերը լավ չեն

Մեր հրապարակման հետքերով


 

«Ավանգարդ»-ի նախորդ համարում տպագրված «Խոստումներ և դառը իրականություն» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք ոմն Աբրահամյանի կողմից ՀՀ չորս քաղաքացիների մի ամբողջ տարի ՌԴ Ուֆա քաղաքի ֆերմաներից մեկում առանց վարձատրության շահագործելու դեպքը:

Հոդվածի հրապարակումից հետո ոստիկանությունից տեղեկացանք, որ արդեն պարզվել է ոմն Աբրահամյանի ինքնությունը` ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Իգլինսկիի մարզի Աուստրում գյուղի արվարձանում գործող «Լաստոչկա» ՍՊԸ տնօրեն, 1952 թ. ծնված Գագիկ Գեորգիի Աբրահամյան:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Գ. Աբրահամյանը ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Իգլինսկիի մարզի Աուստրում գյուղի արվարձանում գտնվող ֆերմայում որպես անասնապահ աշխատելու և ամսական 300 ԱՄՆ դոլար աշխատավարձ վճարելու, ժամանակավոր գրանցման հարցը կարգավորելու, ճանապարհածախսի, սննդի և բնակության ծախսերը հոգալու սուտ խոստումներ տալով` 2011 թվականին նախ ֆերմա է հրավիրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, 1971 թ. ծնված Հրաչյա Հարությունյանին, ում բնակության համար տեղավորել է նույն ֆերմայում գտնվող վագոն-տնակում և գրանցման հարցը լուծելու պատրվակով` նրանից վերցրել անձնագիրը:

Երկու ամիս անց Աբրահամյանն օգտագործելով Հ. Հարությունյանի խոցելի վիճակը` փոխել է ճանապարհածախսի, սննդի և բնակության ծախսերն իր կողմից հոգալու վերաբերյալ պայմանավորվածությունն ու նախկինում տված խոստումները` ինչով արհեստականորեն Հ. Հարությունյանին դրել է պարտքային կախվածության մեջ և հրաժարվել է նրան աշխատավարձ վճարել, ինչպես նաև անձնագիրը վերադարձնել` մինչև պարտքի մարումը:

Հարությունյանն ամիսներ շարունակ աշխատելով ֆերմայում և չկարողանալով վերադառնալ ՀՀ, դիմել է ՌԴ Տյումեն քաղաքում բնակվող իր ազգականին, որի միջամտությունից հետո միայն Գ. Աբրահամյանը նրան «ազատություն է շնորհել» և գրեթե անվարձահատույց ուղարկել Հայաստան:

Պարզվել է նաև, որ Գ. Աբրահամյանը 2011 թ. ընթացքում նույն եղանակով նշված ֆերմա է հրավիրել ՀՀ մի շարք քաղաքացիների և շահագործել:

Եզովպոսյան ժամանակների այս ինքնակոչ ստրկատիրոջ հարցով` նրա «հարցերը լուծելու» առումով, արդեն իրավապահները զբաղվում են, իսկ նմանօրինակ աննախանձելի իրավիճակներում չհայտնվելու և դառն իրականության պտուղները չճաշակելու համար, ինչպես նախորդ անգամ արդեն հորդորել էինք, մեր հայրենակիցներին կրկին ու կրկին կոչ ենք անում զերծ մնալ փուչ և անհեռանկար խոստումներից և կասկածելի մարդկանց հավաստիացումներից: