ԲԱՐԻ ԳՈՐԾ` ՈՉ ԲԱՐԵՀԱՄԲՈՒՅՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ


 

Անցած շաբաթ օրը Գյումրիում տեղի ունեցավ 2 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը: Կարծես թե վատ նախաձեռնություն չէ` հրապարակային վիճակահանությամբ ուրախացնել մարդկանց, վերջ դնել նրանց 24 տարիների տառապանքներին ու սպասումներին: Սակայն Շիրակի մարզպետարանի որոշ պատասխանատուներ որոշել էին փչացնել մարդկանց տոնական տրամադրությունները, ոտնահարել նրանց արժանապատվությունը:

Վիճակահանությանը մասնակցելու համար Երևանից Գյումրի էր ժամանել քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը` չնայած նախօրոք հայտարարվել էր, թե ներկա էր լինելու արդեն նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Երկրի նախագահն արդեն ստորագրել էր հրամանագիր նախարարների նշանակման մասին, ուրեմն կարող էր իր առաջին պաշտոնական հաճելի պարտականությունը կատարել նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը: Բայց նա, երևի, որոշել էր չշտապել:

Վիճակահանության համար ընտրվել էր Մ. Նալբանդյանի անվան դպրոցի դահլիճը: Սա արդեն որոշակի անհարմարություններ էր ստեղծել, քանի որ բնակարանների կարիքավորների գերակշռող մեծամասնությունն ապրում է հին քաղաքի տարածքում, մինչդեռ մարդկանց ստիպել էին 4-5 կիլոմետր ճանապարհ կտրել և հայտնվել Անի թաղամասում: Բայց սա միակ անհարմարությունը չէր:

Դպրոցի նիստերի դահլիճը չափազանց փոքր է, այստեղ լավագույն դեպքում կարող է տեղավորվել 200 մարդ, մինչդեռ վիճակահանությանը պիտի մասնակցեր 528 շահառու: Մարդիկ հավաքվել էին փոքրիկ դահլիճում, ուր արդեն իսկ շնչելու օդ չկար, իսկ մեծ մասը մնացել էր դրսում` բնականաբար հնարավորություն չունենալով մասնակցելու ակցիային: Ոմանց համար էլ ստիպված էին բուժօգնություն խնդրել, որովհետև հեղձուկի մեջ մի քանիսը կորցրել էին գիտակցությունը:

Քաղաքաշինության փոխնախարարը մեղադրանքներ է հնչեցրել մարզային և քաղաքային իշխանությունների հասցեին, վիրավորել հավաքվածներին, սակայն հետագայում պարզվել է, որ հենց նախարարությունն է ստեղծել այս խառնաշփոթը` մեկ անգամ ևս արհամարհելով և վիրավորելով մարդկանց:

Գյումրու քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ոչ իրենց կողմից, որ քաղաքապետարանն առհասարակ մասնակցություն չի ունեցել վիճակահանության գործընթացների կազմակերպմանը, սակայն հետո հենց քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է երկու ժամով հետաձգել տվել վիճակահանությունն ու մարդկանց տեղափոխել Մհեր Մկրտչյանի անվան մարզամշակութային կենտրոն:

Շիրակի մարզպետարանից էլ տեղեկացանք, որ նախարարությունից պահանջել են, որպեսզի միջոցառումը տեղի ունենա Վ. Աճեմյանի անվան թատրոնի շենքում, սակայն թատրոնի շենքի զբաղվածության պատճառով խնդրել են վիճակահանությունը կազմակերպել երկուշաբթի: Նախարարությունից չեն համաձայնել տեղափոխություն կատարել ժամկետների մեջ: Դե, մարզպետարանն էլ որոշել է ընտրել Մ. Նալբանդյանի անվան դպրոցը: Կարծես հենց մարզպետարանի հարևանությամբ չի գտնվում մարզամշակութային կենտրոնը:

Նախարարությունը, չգիտես ինչու` հրավիրել էր ոչ թե հենց 528 շահառուի, որոնց միջև պետք է ընթանար վիճակահանությունը, այլ բնակարանի կարիք ունեցող բոլոր 1344 անօթևաններին: Քաղաքաշինության նախարարությունում երևի գիտեն, որ Գյումրիում չկա մի դահլիճ, որը կարողանա 1344 մարդ տեղավորել: Նման դահլիճներ հանրապետությունում էլ քիչ կան, իսկ նրանց կողմից մատնանշված Վ. Աճեմյանի անվան թատրոնի դահլիճն ունի 650 տեղ: Ուրեմն այդ ի՞նչ հաշվարկ էին արել, ինչո՞ւ էին որոշել խառնաշփոթ ստեղծել, ինչո՞ւ էին տոնը վերածել տհաճության: